Կառավարության մայիսի 5-ի օրակարգում ընդգրկված է «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Հրանտ Բագրատյանը:
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը»:
Հավելենք, որ արձանագրային որոշմամբ նախատեսվում է հավանություն տալ կառավարության եզրակացությանն օրինագծի վերաբերյալ: Սակայն համապատասխան եզրակացությունը փաստաթղթերից բացակայում է: Այսինքն, անհայտ է մնում` կառավարությունը հավանություն է տալիս, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, մինչև հինգշաբթի կառավարությունը որոշում կկայացնի: