ԲՈՂՈՔԵԼ Է
«Ա1+»-ի փոխանցմամբ՝ Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում ինքնաառաջադրված պատգամավորի թեկնածու Պավլիկ Սարգսյանը երեկ դիմել է վարչական դատարան՝ բողոքարկելով 1 մլն դրամ գրավ վճարելու պահանջի դեմ: Նա այդ պահանջը համարում է հակասահմանադրական: Թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նրան մինչեւ օգոստոսի 22-ը՝ ժամը 13:00-ն, ժամանակ էր տրամադրել ընտրագրավը վճարելու համար: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 25-ն է:
ԱՋԱԿՑԵԼ Է
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իրենց աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` արտահայտվելով ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման օգտին: Գյուլն այդ մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի նոր դեսպան Իրակլի Կոպլատաձեի հետ հանդիպման ժամանակ, երբ վերջինս իր հավատարմագրերն է հանձնել Թուրքիայի նախագահին:
ԳՆԴԱԿՈԾԵԼ ԵՆ
Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի հետ սահմանի քաղաքացիական օբյեկտները: ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ անցած գիշեր գնդակոծվել է քաղաքացիական ավտոմեքենա: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Օգոստոսի 20-ի ցերեկը եւ գիշերը ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Չինարի, Այգեձոր, Մովսես եւ Բաղանիս գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀԿ ՆԻՍՏ
Օգոստոսի 22-ին Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի կունենա ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը NEWS.am-ին ասել է, որ նիստում կքննարկվեն ընթացիկ հարցեր, օրակարգը կձեւավորվի տեղում:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2013-2014 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու մասին»: Ըստ հրամանի` 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարանների «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» դասագրքերի համար ներդրված գումարներն անհրաժեշտ է փոխանցել «Դասագրքերի, դասամատյանի իրացումից մուտքեր» պետական գանձապետական հաշվեհամարին: Իսկ կրտսեր դպրոցում, ըստ նախարարի հրամանի, բոլոր դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար:
ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԸ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ եւ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 114,005, որի 90.4%-ը բաժին է ընկել աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների քանակը կազմում է 103,033, իսկ միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներինը՝ 10,972:
ՄԻՋՆՈՐԴԵԼ Է
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի մասով քրեական գործը կարճելու, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: «Պանորամա»-ի հետ զրույցում Ռ. Սահակյանը դժգոհել է, որ իր միջնորդության քննարկումը շատ է ձգձգվել. «Այդքան չպետք է ձգվեր»: