ԲԺԻՇԿԸ` ԵՐԿՈՒ ՀՈԳՈՒ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱ՞Ռ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. ապրիլի 2-ին Մասիսի բժշկական կենտրոնում հանկարծամահ էր եղել 27-ամյա Ցոլակ Մկրտչյանը: Նրա հարազատները պնդում էին, որ երիտասարդի մահվան մեղավորը հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանն է: «Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացավ, որ այդ դեպքից հետո՝ մեկ ամիս անց, նույն հիվանդանոցում մահացել է 62-ամյա Մագթաբ Աբգարյանը, ընդ որում, վերջինիս հարազատները եւս կատարվածի մեջ մեղադրում են նույն բժշկին` Գեւորգ Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ Ցոլակն ապրիլի 2-ին՝ ՌԴ մեկնելուց մեկ օր առաջ, որովայնի շրջանում ցավեր էր զգացել ու դիմել Մասիսի ԲԿ, որի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանը պապավերին դեղամիջոցի միջմկանային ներարկում էր կատարել, եւ Ցոլակն իրեն լավ էր զգացել ու վերադարձել էր տուն: Սակայն նույն գիշեր նրա ինքնազգացողությունը վատացել էր, ու նա հերթական անգամ շտապել էր հիվանդանոց: Գ. Գրիգորյանը բարալգետաքս կոչվող միջերակային դեղամիջոցն էր ներարկել նրան, ինչի հետեւանքով Ցոլակին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացել էր: Ցոլակի հարազատները մշտապես հայտարարում են, թե իրենք բժշկին ասել են, որ նա այդ դեղից ալերգիա ունի, իսկ բժիշկը, անտեսելով այդ փաստը, այն ներարկել է: Մայիսի 2-ին Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Ցոլակի կինը` Արեւիկը, ասաց, որ այդ գործով արդեն երրորդ փորձաքննությունն է նշանակվել: «Այս փորձաքննությունն արել են` պարզելու, թե երբ է բժիշկն ադրենալին ներարկել: Եթե շուտ ներարկած լիներ, ապա ամեն ինչ այլ կլիներ: Եթե այս երկրում արդարություն կա, ապա այդ բժիշկը պետք է պատասխան տա: Ինչո՞ւ իմ երեխաները պետք է ամեն առավոտ ինձ հարցնեն, թե պապան ուր է,-հուզված պատմեց Արեւիկը եւ շարունակեց,-հիմքեր կան նրան պատասխանատվության ենթարկելու համար: Բայց ոչինչ չեն անում: Ես ասել եմ, որ եթե ինչ-որ բան չանեն, ես եմ անելու: Եթե անունով մարդ է, ուրեմն պետք է թողնենք՝ մեր վրայով անցնի՞, ես դա թույլ չեմ տա»:
Սա միակ սկանդալային դեպքը չէ, որ կապվում է Գ. Գրիգորյանի անվան հետ: Նույն հիվանդանոցում մահացած 62-ամյա Մագթաբ Աբգարյանի հարազատները եւս կատարվածի մեջ նրան են մեղադրում: Ըստ Աբգարյանի հարազատների` Գ. Գրիգորյանը վիրահատել էր Մագթաբին: Վերջինիս դստեր` Հերմինե Մարտիրոսյանի խոսքով` մոր մահը վրա է հասել Գ. Գրիգորյանի անփութության արդյունքում. «Մորս աղիքի վրա մսի գնդիկներ են եղել, եւ մեզ ասել են, թե այդ գնդիկներն այնքան մեծ են, որ անպայման պետք նրան վիրահատեն: Գ. Գրիգորյանի վիրահատությունից հետո մայրիկիս մոտ լուրջ բարդություններ առաջացան: Մենք անընդհատ հարցնում էինք, թե ինչու է մայրս գույնը գցած կամ ջերմություն ունի, ու հենց ինքը՝ Գրիգորյանը, մուննաթով ասում էր, թե համբերե՛ք, տեսնենք ինչ ենք անում»:
Մոր առողջականով խիստ անհանգստացած երեխաները Երեւանից բժիշկ են հրավիրել, որն էլ անմիջապես նոր վիրահատություն է պահանջել: «Մեզ ասացին, որ մայրիկիս մոտ արյան վարակ է սկսվել, եւ դեռ շատ ավելի շուտ պետք է նրան վիրահատեին, այլ ոչ թե թողնեին, որ առաջին վիրահատությունից անցներ 10 օր: 2-րդ վիրահատությունից հետո մայրիկիս վիճակն ավելի բարդացավ, ու մենք նրան տեղափոխեցինք «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա ենթարկվեց 3-րդ վիրահատության: 15 օրվա մեջ խեղճ կնոջը երեք անգամ վիրահատեցին: «Էրեբունի»-ում մեզ ասացին, որ մայրիկիս բարակ աղիքը 2-րդ վիրահատության ժամանակ ծակել են: Ու այս ամենի արդյունքում մայրս սրտի գանգրենա ստացավ եւ մահացավ»,-ներկայացրեց Հերմինեն` հավելելով, որ անգամ Մասիսի ԲԿ-ում նման վիրահատություն անելու հավաստագիր չեն ունեցել:
Մահացած կնոջ հարազատները բողոք են ներկայացրել ոստիկանության Մասիսի բաժին եւ սպասում են փորձաքննության արդյունքների պատասխանին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Մասիսի ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գրիգորյանի հետ. «Հիմա ես մասնագիտական ոչինչ չեմ կարող ասել: Ստեղծված է մեծ հանձնաժողով, եւ թե ինչ եզրակացության կգա հանձնաժողովը, ոչինչ չեմ կարող ասել: Երբ վերջնական բոլոր համապատասխան փաստաթղթերը պատրաստ կլինեն, ու կպարզվի, որ բժիշկը մեղավոր է,  կպատժենք»:
Երեկ փորձեցինք մեկնաբանություններ ստանալ անձամբ բժիշկ Գեւորգ Գրիգորյանից: Սակայն նա հրաժարվեց պատասխանել մեր հարցերին` ասելով. «Դուք՝ լրատվամիջոցներդ, միակողմանի նյութ եք տպում ու բժիշկներին գցում կրակը: Ես ոչ մի մեկնաբանություն չեմ տալիս», ապա անջատեց հեռախոսը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս