ԱՅՐՎԱԾԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Օգոստոսի 14-ին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում հայտնաբերված այրված տղամարդու` 41-ամյա Արմեն Մովսիսյանի հարազատները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ այն, ինչ կատարվել է, իրենց համար էլ մինչ օրս մնում է անհայտ: Արմենի հորաքրոջ տղան` Ժիրայրը, ասաց, որ Արմենի դագաղը կպչուն ժապավեններով է փակցված եղել, եւ իրենք անգամ մոտ էլ չեն գնացել. «Արմենի մոտ այդ օրը գումար է եղել, ոսկի շղթա է ունեցել, սակայն ոչինչ չեն գողացել նրանից: Հետաքրքրվել ենք, որ Արմենը ոչ մեկի պարտք չի եղել կամ ասենք քաղաքում լինելու ժամանակ ինչ-որ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել: Չգիտենք, թե ինչ մտածենք, հազար ու մի վարկած են առաջ քաշում, մեկ տաքսու տիրոջ հետ են կապում, դեռ հստակ ոչինչ չգիտենք, ամեն ինչ անհայտ է»:
ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹ
Հաջորդ շաբաթվանից Արմավիրի մարզի կարկուտից տուժածներին կբաժանվի «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ի` հանգանակություններով հավաքած գումարը: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ հիմնադրամի նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից: «Հիմա համապատասխան հանձնաժողովն աշխատում է այդ ուղղությամբ, եւ հաջորդ շաբաթ հավաքված գումարը կբաժանվի բնակիչներին»,-նշեց նա: Ի դեպ, «Բնական աղետից տուժածների հիմնադրամ»-ի հաշվեհամարին փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմում էր 240 միլիոն դրամ: Իսկ Արմավիրի մարզում մոտ 13 հազար գյուղացիական տնտեսություններին կարկտահարության հասցրած վնասը գնահատվել է շուրջ 25 միլիարդ դրամ:
ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ
ՀՀ Տավուշի մարզի Արճիս, Պտղավան, Հաղթանակ, Լճկաձոր համայնքների բնակիչները դժգոհ են դեղձի` այս տարվա մթերման գներից: Արճիսի ղեկավար Սեյրան Միկիչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «Գյուղացիները համաձայն չեն Այրումի պահածոների գործարանի տնօրինության կողմից առաջարկած մթերման գներին: 50 դրամով դեղձ են ուզում մթերել, բա ուզում եք, որ ժողովուրդը չդժգոհի՞: Ձեռնտու չէ գյուղացիներին»: Համայնքապետի խոսքով՝ քաղաքացիներն իրենց բերքն իրացնում են ներքին շուկայում՝ 100-ից 300 դրամով: Իսկ վերը նշված համայնքներում այս տարի կարկուտը մեծ վնասներ է հասցրել, ինչի պատճառով էլ գյուղացիները չեն կարողանում իրենց բերքը նույնիսկ ներքին շուկայում վաճառել: