«Դվին» հյուրանոցային համալիրը կվերակառուցվի. ընկերությունը գրանցված է Կիպրոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մայիսի 5-ի նիստում հավանություն կտրվի «Սի Սի Ջի Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերության ներկայացրած «ԴՎԻՆ» հյուրանոցային համալիրի վերակառուցման ներդրումային ծրագրին: Ըստ ծրագրի` նախատեսվում է «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման աշխատանքներն ավարտել մինչև 2019 թվականը՝ կատարելով անհրաժեշտ չափի ներդրումներ` ըստ ներդրումային ծրագրի:

«Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցումն իրականացվում է «լյուքս» դասի հինգաստղանի հյուրանոցների միջազգային չափանիշներին համապատասխան: Բացի այդ, հյուրանոցային համալիրը ներառելու է նաև այլ կառույցներ, մասնավորապես առանձին «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր» («Apartments Plaza»), որը կներկայացնի իրենից բարձրահարկ մասնաշենք, որտեղ գտնվելու են առնվազն 60 «լյուքս» դասի բնակարաններ: «Բնակելի բազմաֆունկցիոնալ համալիր»-ի («Apartments Plaza»-ի) վերևի հարկում նախատեսվում է ունենալ հարթակ ուղղաթիռի համար:

Նախատեսվում է հյուրանոցային համալիրի ռեբրենդինգ և նրա վերանվանում՝ «Դավիթ Բեկ»հյուրանոցի:  «Դվին» հյուրանոցային համալիրի վերակառուցման ծրագրի ներդրողն է  հանդիսանում Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը (CCG Caucasian Communication Group Limited), իրավաբանական անձ՝ գրանցված Կիպրոսի Հանրապետության օրենսդրության համապատասխան (գրանցման հասցե՝ 15, Ագիու Պավլու փողոց, Լեդրա Հաուզ, Ագիոս Անդրեաս, Նիկոսիա, 1105, Կիպրոս (15, Agiou Pavlou str., Ledra House, Agios Andreas, 1105, Nicosia, Cyprus), գրանցման համարը՝ 229631):

Սի-Սի-Ջի Կովկասյան Կոմունիկացիոն Խումբ Ընկերությունը հանդիսանում է «Դվին» հյուրանոցային համալիր փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատերը:  Ծրագրի նախատեսված ներդրումների ընդհանուր գումարը կկազմի  մոտավորապես 120.595.000 ԱՄՆ դոլար:




Լրահոս