ՀԱՐԿԱՅԻՆԻ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կան պաշտոնյաներ, որոնք կարծես ժառանգաբար փոխանցվում են մի իշխանությունից մյուսը՝ միշտ լինելով «առաջին շարքերում»: Ինչպես այդ տիպի պաշտոնյաների մասին մի առիթով ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` նրանք դառնում են անշարժ գույք… Երբեմն նման երկարակեցության երաշխիքը համարում են տվյալ պաշտոնյայի արհեստավարժությունը, սակայն ոչ միշտ է, որ արհեստավարժությունը գլխավոր հատկանիշն է: Կա նաեւ իշխանության սեղանին մոտ լինելու, սակայն երբեք առաջին տեղերին չհավակնելու հատկանիշը, ինչն առավել ապահով է ոմանց համար: Այդ թվում նաեւ՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի, ում երկարակեցության առաջին նախապայմաններից մեկն այն է, որ նա կարողանում է սեւին սպիտակ ասել, եթե պահանջում են իր կամ անմիջական ղեկավարների շահերը:
Այսպես, ՊԵԿ-ում ստեղծված էթիկայի հանձնաժողովն արդյոք կքննարկի նաեւ կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի հարցը: Ըստ Ալավերդյանի՝ ոչ, քանի որ հայտարարում է, որ իր շեֆը որեւէ ունեցվածք չունի: Այսինքն՝ Հայաստանի ֆինանսական աշխարհի գերհզորներից մեկը, որն անգամ գործարան ունի Շվեյցարիայում, ըստ Ալավերդյանի, ապրում է միան ու միայն աշխատավարձով… Ուրեմն, Ալավերդյանի նման մարդիկ չափազանց ձեռնտու են վարչակարգին, երկիրն անվերջորեն թալանողներին, որովհետեւ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը կարող է ցանկացած պահի նման հայտարարություն անել… Եթե իրեն հարցնես, կպարզվի, որ ինքն էլ հարուստ չէ, մի կերպ գոյատեւում է աշխատավարձով: Հետեւաբար, 2008թ. զբաղեցնելով այս պաշտոնը՝ նա մնացել է ոլորտի «անաղարտներից» մեկը:
Բայց, իհարկե, կան փաստեր, որոնք հակառակն են ապացուցում: Ա. Ալավերդյանը 2011թ. ստացել է 11 մլն 30 հազար 425 դրամի եկամուտ, որից աշխատավարձը կազմել է 7 մլն 347 հազար 215 դրամ: Աշխատավարձից զատ, ստացել է նաեւ 434 հազար 210 դրամ՝ քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտ եւ 3 մլն 222 հազար դրամ՝ բանկային ավանդից տոկոսավճար: Ուշագրավն այն է, որ 2011թ. տարեսկզբին ունեցել է 0 դրամ, իսկ տարեվերջին՝ 14 մլն 900 հազար դրամ: Այսինքն՝ իր տարեկան եկամուտը գերազանցող գումար: Որտեղի՞ց է այս գումարը, երբ մարդը գործում է շատ ազնիվ, կաշառք չի վերցնում… Նույն տարվա սկզբին իր հաշվին ունեցել է նաեւ 122 հազար ԱՄՆ դոլար…
Վատ չի ապրում նաեւ Ա. Ալավերդյանի կինը՝ Նարինե Ալավերդյանը, որի տարեկան աշխատավարձը կազմել է 4 մլն 61 հազար 440 դրամ, իսկ որպես ավանդի տոկոսադրույք՝ ստացել է 1 մլն 346 հազար 900 դրամ: Ն. Ալավերդյանն էլ տարեվերջին կրկնապատկել է իր դրամական միջոցները՝ 4 մլն 700 հազարից հասցնելով 8 մլն 500 հազարի: Գումարենք նաեւ 20 հազար ԱՄՆ դոլարը: Ի տարբերություն տեր եւ տիկին Ալավերդյանների, նրանց որդին ունեցել է միայն 1 մլն 599 հազար 787 դրամի եկամուտ, որը բանկային ավանդից ստացված տոկոսադրույքն է: Իսկ թե ինչքան գումար ունի բանկում, հայտնի չէ… Ահա այսպես, «ազնիվ» պաշտոնյայի ընտանիքը գումարներ է վաստակում՝ չնշելով ծագման աղբյուրները, դոլարներ է դիզում՝ դարձյալ չնշելով, թե որտեղից…
Ուրեմն, հարկային կոչվածը շատ եկամտաբեր կառույց է, որտեղ քեզ համար նստում ես աշխատասենյակում, իսկ փողերը գալիս ու լցվում են գրպանդ: Նաեւ՝ բարձր աշխատավարձ ես ստանում՝ ի հաշիվ հարկատուների… Նշենք, որ Ա. Ալավերդյանի աշխատավարձը գերազանցում է երկրի նախագահի աշխատավարձին, էլ չասած, որ ակադեմիկոսները կերազեին իրենց 6 տարվա աշխատավարձը ստանալ մեկ տարում, ինչպես ստանում է Ալավերդյանը… Ի դեպ, պարզվում է, որ այս շատ հարուստ ընտանիքը ո՛չ բնակարան ունի, ո՛չ ավտոմեքենա… Այսինքն՝ միլիոնատեր պաշտոնյան կա՛մ տաքսիով է աշխատանքի գնում-գալիս, կա՛մ էլ երթուղայինով: Իսկ ահա տղան շքեղ մեքենա է վարում՝ չնայած ընտանիքի անդամների հայտարարագրում ոչինչ չկա մեքենայի մասին: Այսքանից հետո Ալավերդյանը հաճախ է Ազգային ժողովում քննադատում մեր այն պատգամավորներին, որոնք իրենց ունեցվածքը թաքցնում են, որպեսզի հարկեր չմուծեն:
Ի դեպ, նշենք, որ Ա. Ալավերդյանի անունը հոլովվում է Նարեկ Հարթունյան-Սեւակ Արզարունի կոնֆլիկտում, որի մասին արդեն երեք տարուց ավելի գրում է հայաստանյան մամուլը: Ավելին, միտումնաբար խախտելով մարդու իրավունքները՝ Ա. Ալավերդյանը ժամանակ առ ժամանակ իրականությանը չհամապատասխանող կամ էլ դատական փուլում չպարզված տվյալներ էր հրապարակում Հարթունյանի մասին՝ նրան հայտարարելով հանցագործ: Ինչո՞ւ էր այսպես շահագրգռված Ալավերդյանը պահ առաջ հանցագործ հռչակել մի մարդու, որի մեղքը դատարանով ապացուցված չէր… Հարցի պատասխանը միայն ինքը կարող է տալ: Այստեղ, բնականաբար, կան շահեր, որոնցից մեկի կողմնակիցն է միշտ իշխանության մեջ գտնվող պաշտոնյան… Ասենք, որ Հարթունյանը 2012-ին դիմել էր վարչական դատարան՝ Ա. Ալավերդյանին պատասխանատվության կանչելու պահանջով: Բայց դա ի՞նչ նշանակություն ունի Ալավերդյանի համար: Նրան պատվերներ են տալիս իր «հաճախորդները, ինքն էլ կատարում է պատվերները… Այլապես ինչպե՞ս հարստանա…

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս