Սոցիալական կարգավիճակի համար պայքարող ազատամարտիկներն այսօրվանից անժամկետ նստացույց են անցկացնելու Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանից. «Իրերը հավաքել ենք, տրաֆարետները պատրաստել ենք եւ առավոտյան 10:00-ին Երեւանից դուրս կգանք: Թե ինչքան կտեւի նստացույցը, կախված է վանաձորցի ազատամարտիկներից»:
Տեղեկացնենք, որ նախօրեին կայացել է ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող, ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ձեւավորված գերատեսչական աշխատանքային խմբի նիստ: Այն նախագահել է խմբի ղեկավարը՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում ներկայացվել են ՀՀ ՊՆ համապատասխան վարչություններում կատարված աշխատանքները, քննարկվել առաջիկա անելիքները: Քննարկումների արդյունքում մատնանշվել են մի շարք հարցեր, որոնք առավել խնդրահարույց են եւ պահանջում են լուծման իրատեսական ուղիներ: Որոշվել է այդ խնդիրներին անդրադառնալ հաջորդ նիստին, որին կհրավիրվեն նաեւ ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ին վերաբերող մասով ազատամարտիկների բարձրացրած հարցերով աշխատանքները կազմակերպելու եւ համակարգելու նպատակով ձեւավորված աշխատանքային խմբին հանձնարարված է, համագործակցելով նախկին կամավորականների հետ, ապահովել ՊՆ-ի ակտիվ մասնակցությունն օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը, գտնել սոցիալական խնդիրների եւ ազատամարտիկներին հուզող այլ հարցերի լուծման արդյունավետ ուղիները:
«Ժողովուրդ»-ը փորձեց Վ. Ավետիսյանից հետաքրքրվել` տեղյակ է կայացած նիստից եւ ինչ է ակնկալում ՊՆ-ում ստեղծված հանձնաժողովից: «Տեղյակ եմ, որ արդեն սկսել են զբաղվել այս խնդրով: Նրանք դեռ պետք է տարբերակեն ճիշտ եւ սուտ ազատամարտիկներին: Ժամանակին այնպիսի մարդիկ են գրանցվել որպես ազատամարտիկ, ես չգիտեմ, թե հիմա ինչ են անելու, ինչպես են տարբերելու»,-ասաց նա:
Սոցիալական կարգավիճակի համար պայքարող մեկ այլ ազատամարտիկ` Գառնիկ Խչեյանը (Հեբո), «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ ժողովրդի թշվառ վիճակի համար պայքարող ազատամարտիկները մոտ օրերս եղել են Սեւանում եւ ցանկացել հանդիպել տեղի ազատամարտիկների հետ: Սակայն այդ հանդիպումը չի կայացել: «Որովհետեւ բոլոր ազատամարտիկներն ուշքի են եկել եւ հասկացել, որ իրենք պետության հակառակ բաներ են անում եւ ոչ թե ազատամարտիկների սոցիալական հարցերն են լուծում: Սեւանի ազատամարտիկները ե՛ւ Քարվաճառում, ե՛ւ Օմարում մեզ հետ են կռվել, մենք սերտ կապերի մեջ ենք եղել»,-նշեց նա:
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ