ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԲԱԽՎԵԼ ԵՆ ԻՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասի 5 հասցեում շենքի կառուցման շուրջ ծագած կրքերը գնալով ավելի են թեժանում. երեկ՝ վաղ առավոտից, պարբերաբար բախումներ էին տեղի ունենում ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: Բանը հասավ նրան, որ բողոքի մասնակիցներից Անուշավան Պետրոսյանը բոլորի ներկայությամբ կտրեց երակները: Բացի այդ, ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի հոգու, այդ թվում` Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր, «Սարդարապատ» շարժման հիմնադիր Տիգրան Խզմալյանին:
Երեկ Կոմիտասի 3, 5, 7 եւ 7/1 հասցեներում ապրող բնակիչներն իրենց բողոքի ակցիան սկսեցին առավոտյան ժամը 6-ին:
Հիշեցնենք, որ այդ շենքերի հարակից տարածքում կառուցապատող «Լիբեր» ՍՊԸ-ն փորձում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք, սակայն բակի բնակիչները թույլ չեն տալիս: Վերջիններս պնդում են, որ շենքը կառուցվում է բազմաթիվ ճարտարապետական նորմերի խախտումներով, եւ այդ նորակառույց շենքը փակելու է հարակից շենքերի արեւն ու լուսավորությունը: Ուստի իրենք անընդհատ փորձում են խոչընդոտել շինաշխատանքները:  Նշենք, որ այստեղ շինարարությունը սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, սակայն բնակիչների դժգոհությունների պատճառով որոշ ժամանակով այն դադարեցվել էր: Բայց հիմա կրկին վերսկսվել է:
Բնակիչների պայքարին են միացել նաեւ Նախախորհրդարանի մի խումբ ակտիվիստներ, այդ թվում նաեւ՝ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրանք մտել են շինհրապարակ, որպեսզի արգելեն սկսված շինարարությունը: Սկսվել է քաշքշուկ ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Արդյունքում՝ Խզմալյանի առողջական վիճակը վատացել է, եւ նա ընկել է գետնին, որից հետո իրավապահները նրան տեղափոխել են ոստիկանություն: Կատարվածից որոշ ժամանակ անց Խզմալյանին բաց են թողել` մինչ այդ նրա նկատմամբ հարուցելով վարչական վարույթ: Չնայած այս ամենին՝ ռեժիսորը ոստիկանությունից դուրս գալուց հետո կրկին միացել է պայքարող բնակիչներին:
Խզմալյանին բերման ենթարկելուց հետո իրավիճակն ավելի է լարվել. ակտիվիստ Անուշավան Պետրոսյանը, որը վաղ առավոտյան նստել էր «Լիբեր» ՍՊԸ-ին պատկանող էքսկավատորի մեջ եւ խանգարում էր վարորդին փորման աշխատանքներ կատարել, բարձրացել է բարձր լարման ենթակայանի մոտ գտնվող պարսպի վրա ու կտրել երակները: Նրա կյանքը հաջողվել է փրկել. Անուշավանին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, այնտեղից էլ՝ ոստիկանություն: Ի դեպ, ըստ լուրերի՝ ակտիվիստը հաշվառված է հոգեբուժարանում:
Մի ամբողջ օր տեղի ունեցած բողոքի ակցիան, ըստ էության, ավարտվել է բնակիչների ժամանակավոր հաղթանակով: Նրանց մի մասը պարզապես մտել է շինհրապարակ եւ խոչընդոտել շինաշխատանքները, որից հետո շինարարները հեռացել են:
Սակայն, դատելով Երեւանի քաղաքապետարանի եւ «Լիբեր» ՍՊԸ-ի սեփականատերերի համառությունից, իրենք, այնուամենայնիվ, մտադիր են շարունակել շինարարությունը: Ուստի առաջիկայում բողոքի նոր ակցիաներ են սպասվում:
Երեկ մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն: Այստեղից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ վերը նշված հասցեում իրականացվող շինաշխատանքներն ընթանում են օրենքի սահմաններում, կա համապատասխան շինթույլտվություն: Թե այսքանից հետո քանի գրոշի արժեք ունի այդ շինթույլտվությունը, մնում է միայն ենթադրել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս