Տարոն Մարգարյանի ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ`
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ և մաղթում, որ մասնագիտական ձեր գործունեությունը մշտապես ըստ արժանվույն գնահատվի թե՛ ձեր գործընկերների և թե՛ լայն հանրության կողմից:
Պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրյալ լրագրողների աշխատանքը հատկապես կարևոր է ճգնաժամային իրավիճակներում: Դրանում մենք ևս մեկ անգամ համոզվեցինք այս տարվա ապրիլի առաջին օրերին, երբ մեր լրագրողներից շատերը մեկնեցին առաջնագիծ և իրադարձությունների կիզակետից հանրությանն իրազեկեցին առաջնագծում տիրող զարգացումների մասին, պատմեցին իրենց աչքի տեսածը՝ հաճախ նաև վտանգելով իրենց կյանքը:
Նաև ձեր շնորհիվ այդ օրերին հանրությունն իմացավ մեր հերոս տղաների սխրանքների մասին, ձեր օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվեց զերծ մնալ թշնամու տեղեկատվական սադրանքներից, ինչը շատ կարևոր էր այդ օրերին:
Քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ մաղթում բոլորիդ: Թող ձեր անաչառ գրիչն այսուհետ ևս ազնվորեն ծառայի մեր ժողովրդի նվիրական նպատակներին՝ ի բարօրություն մեր երկրի և մայրաքաղաք Երևանի:
Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետ