ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԲԱՐՍԵԼՈՆԱ»-«ԱՏԼԵՏԻԿՈ»
Երեկ՝ գիշեր, Իսպանիայի սուպերգավաթի համար խաղում հանդիպեցին կատալոնական «Բարսելոնա»-ն եւ Մադրիդի «Ատլետիկո»-ն։ Մինչ այդ, մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է, թե ինչի հաշվին կարող է իր թիմը հաղթանակի հասնել «Բարսելոնա»-ի նկատմամբ. «Ցանկացած խաղից առաջ անհրաժեշտ է իմանալ մրցակցի թույլ եւ ուժեղ կողմերը: «Բարսելոնա»-ն ունի բազմաթիվ ուժեղ կողմեր, սակայն մենք եւս «ատամներ» ունենք ու պետք է ճիշտ օգտագործենք դրանք»: Իսկ դա իրագործելու համար, ըստ մարզչի, անհրաժեշտ է համբերատար եւ կարգապահ լինել, ինչպես նաեւ հուսալի գործել պաշտպանությունում:

ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵՑ
Ղազախստանի Կարագանդա քաղաքում օգոստոսի 20-ին կայացավ Չեմպիոնների լիգայի որակավորման 4-րդ փուլի առաջին խաղը։ Տեղի «Շախտյոր»-ը կարողացավ անառիկ պահել դարպասը շոտլանդական «Սելթիկ»-ի դեմ խաղում՝ յուրաքանչյուր խաղակեսում խփելով մեկական գոլ: Այդ թիմի ելույթները մեզ հետաքրքրում են այն պատճառով, որ այնտեղ է հանդես գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը։ Մեր հայրենակիցը մասնակցեց ողջ հանդիպմանը եւ, ինչպես ամբողջ ղազախական թիմը, անձնուրաց էր գործում՝ ակտիվություն ապահովելով հարձակման ձախ եզրում: Նշենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է Գլազգոյում օգոստոսի 28-ին:

ԳՅՈՒՄՐԻՆ ԿՄՆԱ ԲԵԿՈՅԻ ՍՐՏՈՒՄ
Գյումրու «Շիրակ»-ի նախկին հարձակվող, կոտդիվուարցի Ֆոֆանա Բեկոն վերջին երկու տարիների ընթացքում խաղացել է չորս երկրներում, սակայն ավելի շատ ոգեւորված է գյումրեցիների ընդունելությունից։ Եվ հենց Հայաստանում արձանագրած հաջողություններն են օգնել կոտդիվուարցի ֆուտբոլիստին՝ քառամյա պայմանագիր ստորագրել սերբական «Պարտիզան»-ի հետ: Ի դեպ, հենց սերբական թիմը «Շիրակ»-ին դուրս թողեց Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլից, որից հետո էլ Բեկոն տեղափոխվեց «Պարտիզան»։
UEFA.com-ին տված հարցազրույցում նախկին շիրակցին մասնավորապես ասել է. «Ես մի փոքր զարմացել էի Գյումրիում այդքան ջերմ ընդունելությունից։ Գյումրին միշտ իմ սրտում կմնա: Այն ոչ մեծ եւ բարեհամբույր քաղաք է, ինձ այնտեղ հարազատի պես ընդունեցին: Ես երբեք չեմ մոռանա այնտեղ անցկացրած օրերս: Միանգամից լավ հարաբերություններ ստեղծվեցին խաղացողների եւ մարզչական շտաբի հետ: Խաղընկերներիս եղբայր էի համարում, քանի որ նրանք ինձ հետ այդպես էին վերաբերվում: Ինչ-որ պահ դադարեցի գոլեր խփել, սակայն խաղընկերներս տոնում էին խփած գնդակը՝ իմ պարը պարելով: Որոշ ժամանակ անց կրկին սկսեցի գոլեր խփել: Երբեք չեմ մոռանա, որ հենց «Շիրակ»-ում եմ առաջին անգամ մասնակցել եվրագավաթներին, եւ այդ ակումբն իմ կյանքի մի մասն է դարձել»:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս