ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԳԱՅԼԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Օգոստոսի 20-ին Լոռու մարզում կրկին գայլերի հարձակման ահազանգ է ստացվել, այս անգամ    Ստեփանավանի տարածաշրջանի Կողես համայնքից: Գայլի բաժին է դարձել 10 ոչխար, եւս 10-ը վիրավորվել են, 10-ն էլ, հարձակումից վախեցած, անհայտ կորած են: Բնակիչները տարվա այս ժամանակահատվածին հարձակումը համարում են աննախադեպ: «Ոչ մի անգամ գյուղում տարվա էս սեզոնին նման բան չի եղել: Հա՛, ձմռան ամիսներին լինում ա, մենք էլ, էդ իմանալով, ուշադիր ենք լինում: Հիմա չէինք պատկերացնում, որ գյուղին մոտ ձորում, էն էլ էս սեզոնին, վնաս կսպասվեր ոչխարներին»,-«Ժողովուդրդ»-ի հետ զրույցում նշեց Խաչիկ Կիրակոսյանը, ում էլ պատկանում էին գայլերի բաժին դարձած ոչխարները, որոնք այդ ժամանակ եղել են ձորում առանց հսկողության: Խ. Կիրակոսյանը ոչխարներին գնել էր վարկով ստացած գումարով: Ոչխարաբուծությունն էլ նրա ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր. «Ոչխարների միսը հիմա ոչ պիտանի ա, միսը լրիվ սեւացած ա, էդքան ոչխարը գայլի բաժին դարձավ: Հիմա շակալներն էլ են ձորը լիքը, նրանք էլ են վնասում: Ամեն տարի էլ վնաս ենք տվել մի հատ, երկու հատ, բայց էս կարգի վնաս ոչ մի անգամ չի եղել: Որն էլ չի կերել, վնասել ա, եսիմ՝ նրանք կապրեն, թե կսատկեն»:
Կիրակոսյանը փաստեց, որ գայլերի հարձակման այս դեպքի մասին դեռեւս տեղյակ չի պահել Լոռու մարզպետարան, քանի որ դա իրենց գյուղապետի գործն է, իսկ գյուղապետն այս պահին, ցավոք, բացակայում է հանրապետությունից: Փաստորեն, այդքան վնաս կրած գյուղացին զրկվեց ե՛ւ ոչխարներից, ե՛ւ միգուցե նաեւ չստանա աջակցություն պետությունից: Փոխարենը նա ստիպված է լինելու վճարել արդեն չունեցած ոչխարների վարկի գումարը: Սա է գյուղացու իրական կյանքը:

ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ Է
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն օրերս անցկացված խորհրդակցության ընթացքում խոսել է առաջիկա անելիքների մասին: Նա բաժնի պետերին հիշեցրել է, որ 2014թ. գյուղատնտեսական համատարած հաշվառում է կատարվելու Լոռիում, որի կապակցությամբ անհրաժեշտ է բացատրական աշխատանքներ տանել, մասնավորապես՝ ինչպես եւ ինչի համար է իրականացվում հաշվառումը: Նիստի ընթացքում նա անդրադարձել է սեպտեմբերի 1-ի եւ 2-ի հետ կապված արարողություններին: Ստեփանավանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ էլ քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը շեշտը դրել է եկամուտների հավաքագրման վրա: Հանձնարարվել է շարունակել եկամուտների հավաքագրումը, հստակեցնել Արմանիս թաղամասի եկամուտների հավաքագրման բազայում եղած անճշտությունները՝ ուշադրություն դարձնելով այդ թաղամասի գույքահարկի եւ հողի հարկի հավաքագրմանը: Նաեւ հանձնարարվել է նաեւ շրջել քաղաքի փողոցներով եւ աղբ նկատելու դեպքում հորդորել մեկ շաբաթվա ընթացքում վերացնել:
Փաստորեն, աղբահանության աշխատանքն այնքան բարդ է, կամ միգուցե աղբն ու շինարարական թափոնները ժամանակի ընթացքում այնքան են կուտակվել, որ դրա համար հատկացվում է մեկ շաբաթ:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս