ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե սոցիալական փաթեթից օգտվող աշխատակիցը ցանկանում է օգտվել այնպիսի ծառայությունից, որի արժեքը գերազանցում է այդ պահին իր սոցփաթեթի հաշվում առկա դրամական միջոցները, ապա նա կարո՞ղ է մուտքագրում կատարել իր հաշվին: Եվ խնդրում եմ ասել նաեւ՝ հնարավոր է կանխիկացնել սոցիալական փաթեթի գումարները, թե ոչ:

Ալինա Նավասարդյան (34 տարեկան, բուժքույր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Սոցփաթեթի հաշվին մուտքագրում կատարելու հնարավորություն ընձեռված է յուրաքանչյուր աշխատողի եւ յուրաքանչյուր ծառայությունից օգտվելու համար: Եթե սոցփաթեթի հաշվին առկա դրամական միջոցները բավարար չեն տվյալ ծառայությունից ամբողջապես օգտվելու համար, ապա աշխատակիցը կարող է կանխիկ մուտքագրում կատարել իր սոցփաթեթի հաշվին եւ փոխանցել հաշվում առկա դրամական միջոցները համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպությանը:
Ինչ վերաբերում է կանխիկացմանը, ապա նշենք, որ սոցիալական փաթեթի գումարները հնարավոր է կանխիկացնել միայն աշխատողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու ժամանակ (երբ դադարում է նրա՝ սոցիալական փաթեթ ստանալու իրավունքը, եւ նա այլեւս աշխատող չի համարվում) կամ աշխատողի մահվան դեպքում ժառանգի կողմից՝ սոցփաթեթի հաշվում առկա միջոցներն օրենքին համապատասխան ժառանգաբար նրան անցնելու դեպքում:

ՀՀ ֆինանսների նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այլ կերպ ասած` սոցփաթեթից օգտվող քաղաքացին կարող է կա՛մ կենսաթոշակի անցնելու դեպքում կանխիկացնել իր հաշվին ունեցած գումարը, կա՛մ էլ միայն ծայրահեղ դեպքում՝ մահվան ժամանակ: Ստացվում է, որ նա իր կենդանության օրոք կուտակում է որոշակի գումար հետագայում իր հուղարկավորության ծախսերը հոգալու համար: Համաձայնե՛ք, որ ապրում ենք «ապահով» Հայաստանում:




Լրահոս