Պաշտոնական այցով Հելսինկիում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին մայիսի 3-ին ընդունել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին է փոխանցել ՀՀ Նախագահի բարեմաղթանքներն ու ողջույնները և վերահաստատեց Երևան այցելելու հրավերը։ Նախարար Նալբանդյանը նախագահ Նինիստյոյին ներկայացրել է Հելսինկի այցելության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններն ու ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել Ֆինլանդիայի հետ բազմաոլորտ փոխգործակցությունը։
Քննարկվել են մի շարք բնագավառներում համագործակցության ամրապնդման հետ կապված հարցեր, շեշտվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման համար առկա մեծ ներուժը, գործարար կապերի խթանման կարևորությունը: Էդվարդ Նալբանդյանը Ֆինլանդիայի Նախագահին ներկայացրել է Ադրբեջանի` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և տեղեկացրել իրադրության կայունացման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի մասին։
Նախագահ Նինիստյոն, Ֆինլանդիայի անվերապահ աջակցությունը հայտնելով ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ջանքերին, ընդգծել է, որ խնդրի լուծմանը պետք է հասնել միայն բանակցային ճանապարհով։ Հանդիպմանն անդրադարձ է արվել ՀայաստանԵվրոպական միություն հարաբերություններին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք հրատապ միջազգային խնդիրների՝ մերձավորարևելյան զարգացումների, դրանց հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի, ուկրաինական ճգնաժամի շուրջ։ Ֆինլանդիայի Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի Նախագահին։