«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին ահազանգել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մի խումբ դատապարտյալների հարազատներ եւ խնդրում էին օգնել բանտարկյալներին: Բանն այն է, որ ՔԿՀ-ում հերթական ստուգումները, կամ այսպես ասած՝ «շմոն» է կատարվել, ինչի արդյունքում դադարեցվել են ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
Իսկ ի՞նչ է կատարվել երեկ: «Ժողովուրդ»-ին ահազանգած «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորների հարազատները պատմեցին, որ բանտարկյալներին իրենք դրսից ուղարկված ուտելիք, ծխախոտ եւ այլ իրեր են ուղարկում եւ այն պահվում է քրեակատարողական հիմնարկի հատուկ խցում, որը, ըստ ներքին չգրված կանոնադրության, պետք է «ցրեն», այսպես ասած, «զոն նայողները»:
Եվ, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի, ասվածը նկարագրենք դատապարտյալների բառերով. «ՔԿՀ-ի զոն նայողները պետք է ուղարկված սնունդը «գրեֆ անեն» կա, այսպես ասած, օգնություն տան դատապարտյալներին եւ կալանավորներին, սակայն ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները «զապրետ են դրել» այդ սննդի վրա եւ չեն թողնում, որ ուտելիքը հասնի դատապարտյալներին: Դրա համար մենք էլ՝ ՔԿՀ-ի դատապարտյալներս ու կալանավորներս, աղմուկ ենք բարձրացրել եւ թույլ չենք տալիս, որ զապրետ դնեն այդ սնունդի վրա: Դա պատճառ դարձավ, որ կարանտինում գտնվող դատապարտյալները կամ կալանավորները անկողնային պարագաները այրեն եւ դուրս գցեն, ահավոր վիճակ էր: Մյուս դատապարտյալները հարվածում էին դռներին, չորս պատի մեջ էլ չեն թողնում հանգիստ ապրենք»:
Ասել է թե՝ դատախազությունը ինֆորմացիա է ստացել, որ հաճախ արգելված սնունդ է մտնում կալանավայր, դրա համար որոշել է հերթական «սապոգային» ստուգումն իրականացնել:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացված ստուգումների ընթացքից «Ժողովուրդին» այս գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդմ, ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում եւ աղմկալի չարաշահումներ հայտնաբերել: Արդյունքում, երեկ հերթական ստուգումներն են իրականացվել եւ աղմկալի բացահայտումներ են արվել, ինչի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարալը… պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ քրեական գործի հարուցումից հետո դադարեցվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները: Սա նշանակում է, որ Ստեփանյանը հանցագործ աշխարհի հետ ուղիղ կապի մեջ է եղել եւ գործարք իրականացրել նրանց հետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: