«analitik.am» լրատվական կայքի տնօրենն ու մամուլի ակումբի ղեկավարը բերման են ենթարկվել. նրանք սպառնալիքով ԱԺ պատգամավորից գումար են պահանջել (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին:

Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն:

Լրատվականի աշխատողներից Շուշանը ArmLur.am-ին ասաց, որ իրենք դեռ ոչինչ չգիտեն կատարվածի մասին և որևէ մեկնաբանություն տալ չեն կարող:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ analitik.am-ի տնօրենը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից է փորձել սպառնալիքով գումար շորթել: Պատգամավորը գումարը փոխանցել է իրավապահների գիտությամբ, և հենց փոխանցման պահին էլ լրատվականի ներկայացուցիչները` տնօրենի գլխավորությամբ, ձերբակալվել են:

b3b9491e-7c68-4298-a4b8-3bfcac85951d




Լրահոս