Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ շորթման մեղադրանքով ձերբակալվել են «analitik» լրատվական կայքի տնօրենը, նրա օգնականն ու մամուլի ակումբի պատասխանատուն: Հայտնել էինք նաև, որ լրատվականի ներկայացուցիչները` տնօրենի գլխավորությամբ, փորձել են գումար շորթել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից, ով էլ նրա դեմ հաղորդում է ներկայացրել:
Պատգամավորների թիվը, ում լրատվականի տնօրեն Անի Հովհաննիսյանը փորձել է շանտաժի ենթարկել, չի սահմանափակվում միայն Ուրիխանյանով: Մեզ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, տարբեր միջնորդներ ուղարկվել են նաև ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մոտ:
Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց լուրը և պատասխանեց մեր մի քանի հարցերին:
–Տիկին Զոհրաբյան, այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ analitik.am լրատվական կայքի տնօրենն ու ևս երկու աշխատակից բերման են ենթարկվել շորթման կասկածանքով: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հաղորդումը ներկայացրել է ԱԺ պատգամավոր: Մեզ հայտնի դարձավ, որ խոսքը Տիգրան Ուրիխանյանի մասին է:
Ինչպիսի՞ն է ձեր գնահատականը, հատկապես որ հնարավոր է շահարկվի նաև լրատվամիջոցի հանդեպ սանկցիայի կիրառումը:
-Գիտեք, ես չեմ կարծում, որ նման շահարկում լինի, որովհետեւ մենք հստակ պետք է կատարենք տարանջատում լրատվամիջոցի եւ շատաժի միջև: Լրատվամիջոցների կողքին է մեզնից յուրաքանչյուրը` առաջին հերթին ես` որպես նախկին լրագրող, կանգնած ենք եղել և այսօր էլ պատրաստ եմ ցանկացած գնով պաշտպանելու պրոֆեսիոնալ լրատվամիջոցի ազատ արտահայտվելու իրավունքը, նրա իրավունքի դեմ ոտնձգության դեպքում հանդես գալ ամենաառաջինը: Սակայն խոսքը տվյալ դեպքում բացարաձակ լրատվամիջոցի մասին չէ, խոսքը մի երեւույթի մասին է, որի նպատակը նման ճանապարհով դրամաշորթությունն է եղել:
Ես չգիտեմ` նշված պատգամավորը Տիգրան Ուրիխանյանն է, թե ոչ, սակայն մի բան կարող եմ ասել` նշված տիկնոջ կողմից փորձ է արվել շատ պաշտոնյաներից, պատգամավորներից նման կերպ, նման շատնաժների միջոցով ինչ-ինչ բաներ կորզել, փորձ է արվել տարբեր ճանապարհներով` անձնական, ֆինանասական խնդիրները լուծել, սակայն նշում եմ, որ մեզնից եւ որեւէ մեկը չունեցավ այդ քաղաքացիական համարձակությունը, եթե դա Տիգրանն է, որ գնար այդ քայլին:
-Դուք անձամբ հրաժարվե՞լ եք հանդիպել:
-Հրաժարվել եմ` հասկանալով որ նման կերպարի հետ ուղղակի չի կարելի հանդիպել, որից հետո ամեն Աստծո օր ամենաայլանդակ, նողկալի հրապարակումենրը իմ եւ իմ ընտանիքի մասին եղել են, ես անգամ հրաշալի գիտեմ, թե հրապարակումների մի մասի պատվիրատուն ով է, սակայն մի բան կարող եմ ասել `չարությունը, ատելությունը բումերանգ են, եւ բումերանգի նման վերադառնալու են և պատվիրատուին, և կատարողին: Ես կարծում եմ, որ բոլոր նման անձանց համար (ես չեմ ասում լրատվամիջոց կամ լրագրող, քանի որ այդպես ես վարկաբեկած կլինեմ Հայաստանում իրապես իրենց պորֆեսիոնալ գործը անող անաչառ լրագրողներին, եւ անհարմար է այնդ կնոջը համարել լրագրող, այդ կայքը համարել լրատվամիջոց) դաս կլինի, որպեսզի նրանք այսուհետ զգույշ լինեն իրենց գործողությունների մեջ եւ իրենց գումարը փորձեն աշխատել արժանապատիվ ճանապարհով, այլ ոչ թե մարդկանց շատնաժ անելով:
Վերջում հավելեմ, որ տեղի ունեցածին, կարծում եմ, պիտի անդրադառնան նաև Հայաստանի իրապես պրոֆեսիոնալ և իրենց աշխատանքն ազնիվ կատարող լրատվամիջոցները: Սա միայն քաղաքական գործիչների խնդիր չէ, սա նաև լրատվամիջոցների խնդիրն է, քանի որ նման սուբյեկտների պատճառով է, որ ստվեր է գցվում պրոֆեսիոնալ աշխատող լրատվամիջոցների վրա:
Տաթև Հարությունյան