«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանի լիազորությունները դադարեցվել են, հարուցվել է քրեական գործ:
Այս առիթով ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացվում են լիազորությունների կասեցման մանրամասները:
Գլխավոր դատախազության հաղորդագրությունում, մասնավորապես ասվում է.
«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության եւ Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից՝ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերեւույթ պարունակում են տեղեկություններ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցել քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Դատախազի որոշմամբ ժամանակավորապես /մինչեւ նախաքննության ավարտ/ դադարեցվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ պետի լիազորությունները»: