korrespondent.net-ի տեղեկություններով՝ Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքում ոստիկանությունը բերման է ենթարկել քրեական աշխարհում հեղինակություն վայելող 12 ներկայացուցչի` ռեստորանա-հյուրանոցային համալիրում նրանց հանդիպման ընթացքում:
Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինի խոսքով՝ Դնեպրոպետրովսկում հանցագործ հեղինակությունները պետք է քննարկեին մինչ այժմ ծավալած գործունեությունը և հեռանկարային պլանները:
Ձերբակալվածների թվում, մասնավորապես, եղել են «օրենքով գողեր» Վիտյա Թբիլիսկին, Վիգեն Երեւանսկին, «Արբուզ»-ը, «Մոզգ»-ը:
Ոստիկանության պետը նշել է, որ ոմանց հաջողվել է խուսափել ձերբակալությունից, սակայն ավելի ուշ նրանց բերման են ենթարկել Կրասնոարմեյսկում:
«Ձերբակալվել է 8 անձ, 2-ը կենթարկվի քրեական պատասխանատվության թմրամիջոցներ պահելու մեղադրանքով, իսկ մյուսներին խորհուրդ եմ տալիս հավաքել ճամպրուկներն ու լքել Դոնեցկը»,- ասել է Ամբրոսկինը:
Այս դեպքերից առաջ՝ ապրիլի 12-ին, Կիեւում ձերբակալվել էր հայազգի օրենքով գող Ռաֆիկ Երեւանսկին, ով 21 տարի անցկացրել է բանտում գողության, խուլիգանության, թմրանյութերի եւ զինամթերքի ապօրինի գործունեությամբ զբաղվելու մեղադրանքով: