ԻՆՉ Է ՀԵՏԸ ԲԵՐԵԼ ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Երեւան: Նրա՝ Երեւան ժամանելուն պես Ադրբեջանի ԱԳՆ-ն մի անհեթեթ հայտարարություն տարածեց՝ փորձելով քառօրյա պատերազմի մեղքը գցել Հայաստանի վրա: Այս քայլով եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ ԼՂՀ բանակցությունները թեւակոխել են մի փուլ, որի ընթացքում փորձ է արվում հայկական կողի վրա ճնշում գործադրելով՝ ինչ-որ փաստաթուղթ պարտադրել: Սակայն այդպես էլ անհասկանալի է մնում, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը: Մասնավորապես, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը երեկ՝ կառավարության նիստից հետո, լրագրողներին հավաստիացրել էր, թե ոչ մի փաստաթուղթ էլ սեղանին չկա: «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,- ասել է Քոչարյանը: Փոխարենը ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան երեկ «Ռիա նովոստի» գործակալությանն ասել է. «Սերգեյ Լավրովը դատարկաձեռն ոչ մի տեղ չի ուղեւորվում»: Միեւնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե Լավրովը կոնկրետ ինչ առաջարկներով է ժամանում Հայաստան: «Ասել, որ դա պլան է, ծրագիր է, նախագիծ կամ փաստաթուղթ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի: Խոսքը որոշակի մշակումների մասին է, կարգավորման հունի մեջ մի շարք գաղափարների քննարկման մասին: Դրանում էլ կայանում է միջնորդի մեր առաքելությունը, որպեսզի զրուցենք կողմերի հետ, քննարկենք հնարավորությունները, լսենք նրանց խնդիրները, առաջարկենք համապատասխան լուծումներ»,- ասել է Զախարովան: Հույս ունենանք, որ գոնե այսօր Հայաստանի իշխանությունները կհրապարակեն Լավրովի առաջարկի էությունը: Ի վերջո, քառօրյա պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ Արցախի եւ Հայաստանի միակ դաշնակիցն ու պաշտպանը հայ հանրությունն է, որն իրավունք ունի տեղեկացված լինել:

 

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուց «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում այն փաստը, որ քառօրյա պատերազմից հետո ապրիլի 5-ին ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը: Պարզվում է՝ եվրոպացի դիվանագետը նույնիսկ ներկա պայմաններում իր լավատեսությունը չի կորցրել. «Ես լավատես եմ, ես հավատում եմ, որ նույնիսկ այս շարունակական կրակոցների պարագայում կգա այն պահը, երբ մենք կհասնենք կարգավորման եւ կկարողանանք ապահովել արդյունավետ երաշխիքներ՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Հայերը ցուցաբերեցին ազգային միասնականություն այս դժվար փորձության ժամանակ, բոլոր քաղաքական կուսակցությունները միավորվեցին, կոչ եմ անում հայերին լինել նույն կերպ միասնական այժմ»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

 

 

 

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ գործնականում պահպանվել է ընտրողների գրանցման էլեկտրոնային այն մոդելը, որը ներառված է եղել ԸՕ նախագծի հրապարակված տարբերակում: Այսինքն՝ ընտրողները կգրանցվեն ինչպես նույնականացման քարտերով, այնպես էլ անձնագրերով: Սակայն իշխանությունները համաձայնել են, որ գրանցող սարքը քվեարկության ավարտից հետո տպի մասնակիցների ցանկը, որը բոլորի համար կլինի բաց փաստաթուղթ: Միայն այդիներով ընտրողների գրանցում կազմակերպելու տարբերակը, ըստ Սահակյանի, լավ առաջարկ է: Սակայն, նրա խոսքերով, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի պնդմամբ` այս փուլում տեխնիկապես լուծելի խնդիր չէ: Սակայն իրականում անլուծելի ոչինչ չկա, կարեւորը ցանկությունն է, որը տվյալ դեպքում ՀՀ իշխանությունները չունեն: Ի դեպ, նախագիծն այսօր քննվելու է Սահակյանի գլխավորած հանձնաժողովում` ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկելու համար:

 

 

 

Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ Հայաստանում հացահատիկի ցանքատարածքները տարեցտարի շարունակում են ավելանալ, արդյունքում հացահատիկի բերքի ծավալները աճում են, սակայն տեղական հացահատիկի իրացման տեսակարար կշիռը նվազում է: Սա նշանակում է, որ գյուղացին չի կարողանում կամ չի ցանկանում իր աճեցրած ցորենը վաճառել: Երկու դեպքում էլ գյուղացին տուժում է: Եթե ցանկանում է, բայց չի կարողանում վաճառել, ապա արդյունքում նա ֆինանսական տույժեր է կրում, քանի որ ակնկալած եկամուտը չի ստանում: Եթե չի ցանկանում վաճառել, ապա դա նշանակում է, որ նա հացահատիկի արտադրությամբ չի լուծում իր ապրուստի խնդիրը: Ստացվում է, որ գյուղացին հացահատիկ է ցանում՝ հողը «պարապ» չթողնելու համար: Բայց հայտնի է, որ Հայաստանում հացահատիկի արտադրությունը արտադրական տեսանկյունից անհրաժեշտ եկամտաբերությունը չունի: Սակայն փաստն այն է, որ նույնիսկ Արարատյան դաշտավայրի բերի հողերում վերջին տարիներին սկսել են ցորեն կամ գարի ցանել եւ մեկնել արտագնա աշխատանքի:

 

 

 

ԹՈՂ ՎԵՐԱԴԱՌՆԱՆ
ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի այցին ընդառաջ երեկ տեղի ունեցավ բողոքի երթ, որի մասնակիցները կոչ արեցին Ռուսաստանի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, իսկ հողերը զիջելու համաձայնագրի տակ ստորագրողներին էլ` հանձնել հողին:
Երեկվա երթի ընթացքում, սակայն, տեղի ունեցավ մի ուշագրավ միջադեպ: ՀՀ ԱԳՆ շենքի մոտ մի ռուսախոս երիտասարդ սկսեց բղավել, թե Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, եւ պետք չէ թշնամություն առաջացնել ռուսների եւ հայերի միջեւ: Մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով էր այդ երիտասարդի կոչն ինքնաբուխ եւ արդյոք նա երեկվա երթին հատուկ ուղարկված սադրիչ չէր, անդրադառնանք նրա հնչեցրած մտահոգությանը: Իրոք որ, ՀՀ-ում վերջին օրերի հակառուսական տրամադրությունների սրացումները կարող են որոշակի բացասական ազդեցություն ունենալ ՌԴ-ում բնակվող եւ ժամանակավորապես արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների համար: ՌԴ իշխանությունները կարող են նոր, լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել առանց այն էլ վերջին տարիներին բավականին բարդ միգրացիոն ռեժիմով ՌԴ-ում աշխատող հայաստանցիների համար, իսկ ՌԴ քաղաքացի հանդիսացող մեր հայրենակիցներն էլ կարող են հանդիպել տարաբնույթ ճնշումների` սկսած հարկային խոչընդոտներից, ավարտած ռուս ազգայնականների թիրախում առավել հաճախ հայտնվելու վտագով:
Ընդ որում, նկատենք, որ Ռուսաստանում բնակվող հայկական համայնքը Հայաստանի նկատմամբ որպես «մահակ» օգտագործելու ՌԴ իշխանությունների մոտեցումը մի քանի տարի առաջ բավականին բաց տեքստով հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` արձագանքելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հերթական ռուսահպատակ հարցին: Եվ եթե Պուտինն այդ մասին ասաց այն ժամանակ, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գրեթե բացակայում էին, իսկ Արեւմտյան կողմնորոշում ունեցող ուժերն էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանի ձեւակերպմամբ՝ «երկու-երեք տասնյակ ջղաձգվողներ» էին, ապա հիմա, երբ օր ու մեջ ՌԴ դեսպանատան առջեւ բազմամարդ հակառուսական ցույցեր են, կարելի է չկասկածել, որ Կրեմլում առավել կոշտ ձեւերով են փորձելու օգտագործել հայկական համայնքի գործոնը:
Ինքնին արդեն այն փաստը, որ ի տարբերություն աշխարհի գրթե բոլոր հայաշատ երկրների, որտեղ Ադրբեջանի դեսպանատների առջեւ ապրիլյան պատերազմի կապակցությամբ բողոքի ցույցեր եղան, իսկ Ռուսաստանում որեւէ նման դրսեւորում չեղավ, ցույց է տալիս, թե իրականում որքան ճնշված են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները: Եվ հենց նաեւ սա նկատի առնելով` մենք պետք է է՛լ ավելի կոշտացնենք մեր դիրքորոշումը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում առավել արժանապատիվ կեցվածք ընդունենք, քանի որ հիմա նժարին դրված է մեր հայրենիքի լինելիության խնդիրը: Իսկ եթե դրա արդյունքում ՌԴ-ում նեղեն մեր հայրենակիցներին, ապա նրանք միշտ կարող են վերադառնալ իրենց հայրենիք: Կարեւորը այդ հայրենիքը պահպանելն է:




Լրահոս