ՀՀ կառավարության անդամ նախարարներից երեկ «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե մեր երկրի համար վտանգավոր այս իրավիճակում, երբ կանգնած ենք արցախյան հիմնահարցը լուծելու շեմին, ի՞նչ են մտածում գործադիրում: Իսկապե՞ս պետք է տարածքներ հանձնենք ոչ այնքան հայանպաստ պայմաններում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյան
-Պարո՛ն Բեգլարյան, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
-Խաղաղ ճանապարհով եւ բանակցություններով:
-Պարո՛ն Բեգլարյան, դիվանագիտական խողովակներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանի օգնությամբ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Հայաստանից եւ Արցախից կորզել համաձայնագիր, որը հետեւյալ պատկերը կունենա. Ադրբեջանին են հանձնվում, այսպես կոչված, «գրավյալ» 2 կամ ծայրահեղ դեպքում 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնում է մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ: ԼՂՀ-ն եւս դառնում է ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ:
-Ես նման տեղեկություններից տեղյակ չեմ:
-Իսկ տեղյակ ե՞ք, թե ինչ բանակցություններ են վարում, ի՞նչ կոնկրետ առաջարկներ են արվել:
-Դիվանագիտական բանակցություններից ես ընդհանրապես տեղյակ չեմ այս պահին: Եթե կոնկրետ բանակցություններ լինեն, ոչ միայն ես, նաեւ դուք տեղյակ կլինեք:
-Պարո՛ն Բեգլարյան, եթե Դուք կառավարության անդամ եք եւ տեղյակ չեք, ապա այդ դեպքում ո՞վ պետք է տեղյակ լինի:
-Ուրեմն առայժմ բանակցություններ չկան:
-Բայց խնդիրը որեւէ կերպ պետք է կարգավորել, չէ՞:
-Դրա համար ասում եմ, եթե լինեն բանակցություններ, մենք բոլորս դրա մասին կիրազեկվենք: Ինձ թվում է՝ ոչինչ գաղտնի չի արվի, կարվի ժողովրդին ներկայացնելով եւ տեղյակ պահելով: Այսինքն՝ երբ ես իմանամ, երեւի մեկ օր հետո դուք էլ կիմանաք:
Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան
-Պարո՛ն Նազարյան, ԼՂՀ հակամարտության հարցի հետ կապված բանակցությունների ի՞նչ հստակ առաջարկներ են արված, տեղյա՞կ եք:
-Չունեմ, ցավոք սրտի, տեղեկություն:
-Պարո՛ն Նազարյան, արտահոսք կա ինֆորմացիոն, համաձայն որի՝ ՌԴ-ն փորձում է մեզ համոզել կամ պարտադրել, որպեսզի Ադրբեջանին հանձնվի «գրավյալ» 2 կամ 1 շրջան: Դրա դիմաց Ադրբեջանը համաձայնի մտնել Եվրասիական տնտեսական միության կազմի մեջ: ԼՂՀ-ն էլ դառնա ԵՏՄ ասոցացված կամ խորհրդատվական ձայնի իրավունքով անդամ:
-Ես նման բաներից տեղյակ չեմ, առաջին անգամ Ձեզնից եմ լսում:
-Պարո՛ն Նազարյան, կառավարությունից եք դուրս գալիս, եթե Դուք էլ տեղյակ չեք, ապա այդ դեպքում ումի՞ց հարցնենք:
-Ես կառավարության անդամ չեմ, ես անկախ հանձնաժողով եմ: Անկեղծ, ոչինչ չգիտեմ:
ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյան
-Պարո՛ն Լոքյան, ըստ Ձեզ՝ ԼՂՀ հակամարտությունն ինչպե՞ս պետք է կարգավորվի:
-Ես կարծում եմ՝ խնդիրը կարգավորված է, եւ անհանգստանալու շատ բան չունենք:
-Ինչպե՞ս է կարգավորված, երբ ամեն օր զինվորներ ենք կորցնում եւ բանակցային ծանր փուլ է այժմ:
-Ես կարծում եմ՝ բանակցությունների արդյունքում հիմնավոր հրադադարի խնդիրը կլուծվի, Ադրբեջանն այլեւս չեմ կարծում, որ կփորձի ոտնձգություն անել Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ: Իրենք արդեն իրենց դասերը ստացան: Մնում է, որ մենք կարողանանք արժանապատվորեն շարունակել պաշտպանել մեր տարածքները:
-Բայց խոսվում է ինչ-որ տարածքների վերադարձի մասին:
-Իմ ունեցած տեղեկություններով՝ Ձեր ներկայացրած սցենարը քիչ հավանական է: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է ԵՏՄ չմտնելու տարբերակները, եւ ընդհանրապես իր աշխարհաքաղաքական կապերը չեն թույլատրում նրան ԵՏՄ մտնել՝ կապված Թուրքիայի հետ: Եվ այնքան էլ հեշտ չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանի ԵՏՄ մտնելով կարողանա լուծել Ղարաբաղի հարցը: Չէ՞ որ այդ պարագայում նույն պրոբլեմը ինքը կարող է ունենալ Հայաստանի հետ: Այսօր Հայաստանը շատ փայլուն արտաքին քաղաքականության գիծ է տանում նաեւ Եվրամիության հետ աշխատանքներում: Չեմ կարծում, որ մենք տուպիկային իրավիճակում ենք, եւ Ադրբեջանի քայլերով պետք է որոշվի մեր բախտը:
-Պարո՛ն Լոքյան, բանակցությունների մասով կոնկրետ ի՞նչ տեղեկություններ ունեք:
-Ես տեղեկացված չեմ, բայց մի համոզմունք ունեմ, որ այն սցենարը, որ Դուք նկարագրում եք, հնարավոր չէ:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՑ ԻՐԵՆ ԱՆՎԱՆԱՐԿԱԾ ԱՇՈՏՅԱՆԻ ՀԵՏ
Կիրակի օրը Հրազդան քաղաքում տեղի ունեցած ընտրություններից հետո՝ երեկ, քաղաքապետի թեկնածու առաջադրված Սասուն Միքայելյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որը սկսեց շնորհակալությունով նախ՝ իր ընտրողներին, կուսակից ընկերներին, ապա նաեւ լրագրողներին՝ օբյեկտիվ աշխատանքի համար:
«Իշխանություններն արեցին այն, ինչ մշտապես արել են տարիներ շարունակ՝ զանգվածային ընտրակաշառքի բաժանում, պետական համակարգի աշխատակիցներին սպառնալիք, ճնշումեր: Ոչ մի նոր բան չկար իմ համար: Ընտրախախտումները շատ են եղել դրսում, բայց մենք, իրոք, պաշտպանել ենք մեր քվեն տեղամասերում: Ու չենք տարել մարդկանց պարտության,- հայտարարեց Միքայելյանը՝ հավելելով,-ես հավաքել եմ 10.300 ձայն, քաղաքականությունից դուրս չեմ գալու, չեմ հուսահատվել: Ես չէի կարող հրազդանցուն թողել առանց ընտրության, դրա համար էլ առաջադրվեցի: Ու հիմա կարող եմ ասել, որ մարզպետ, մարզային կառույցներ, դպրոցներ, տարբեր հիմնարկներ միասին վերցրած ՀՀ իշխանությունը՝ Արամ Դանիելյանի գլխավորությամբ, Հրազդանում ունի ընդամենը 2000 ձայն, մնացածը կա՛մ գնված է, կա՛մ կաշառքով է ստացվել»:
Ըստ Սասուն Միքայելյանի՝ ընտրատեղամասից դուրս 10-50 հազար դրամ ընտրակաշառք են բաժանել ամեն քվեի դիմաց: «Էս տարիների ընթացքում կեղեքել են ժողովրդին, բաժանեցին, հիմա նորից պիտի կեղեքեն, որ էլի հավաքեն: Շուտով ամենամեծ բողոքողները կլինեն գումար վերցնողները»:
Միքայելյանը տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խումբ է ձեւավորելու, որը կզբաղվի քաղաքապետի գործունեությամբ: «Պիտի հետեւողական լինենք, որ նրանք սարքեն մեր փողոցները: Դադար չենք տա, ով ուզում է՝ լինի: Քաղաքում 19-րդ դարի վերջն է: Իմ թաղամասում 14 տարվա ընթացքում 1 լապատկա շեբեն չի լցվել փողոցում: Մենք ճանապարհներ ենք փակելու, եթե իր գործը չանի, միտինգներ: Եթե մարդը խոստում է տվել, պիտի կատարի: Արամ Դանիելյանը չպիտի՛ գլուխ գովա, թե կրեցի: Ինքը կարա լավ պեմզաբլոկ կրի»:
Իսկ ովքե՞ր էին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք մասնակցեցին Հրազդանի ընտրություններին: Այս հարցին բանախոսը հումորով պատասխանեց. «Կային բուլկիներ, սնիկերսներ, կորժիկներ բարձրաստիճան»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի բարեգործական ավտոբուսներով ինչու էին մարդիկ բերվում Հրազդան, Միքայելյանը այսպես պատասխանեց. «Ես չեմ հասկանում՝ Ծառուկյանը ինչի համար էր ուղարկում մարդկանց: Թե ուզում էին ինձ վախեցնեին, ինքը լավ գիտի, որ ես էդ կատեգորիայի մեջ չկամ: Բայց Արմեն Աշոտյանը, որը Հրազդանի ընտրությունների պատասխանատուն էր, 1 տարի առաջ ասում էր, թե Գագիկ Ծառույկանի ծնողները պետք է պատասխան տան, որ նման ժառանգ են ունեցել: Իմ կարծիքով՝ Ծառուկյանը բարոյական իրավունք չուներ համագործակցել թե՛ Աշոտյանի, թե՛ ընդհանրապես Հրազդանում մասնակցեր ընտրությանը»:
Վերջում հարց հնչեց նաեւ ապրիլի 18-ին եղած միջադեպի մասին: Հանրային լրագրողի այս հարցին ի պատասխան՝ Միքայելյանն ասաց. «Նրանց կողմնակիցները ցանկություն են ունեցել մեր հայաթում հյուրասիրել մեզ: Էթիկայի նորմերը պահելով, որ չի կարող հյուրը մեզ մեր հայաթում հյուրասիրի, մենք հյուրասիրեցինք, բարձեցին, տարան»:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ անցած տարվա վերջի դրությամբ Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը աճել է՝ 22-ից դառնալով 93: Քաղբանտարկյալների ցանկում ընդգրկվածներն, ըստ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության, «խղճի բանտարկյալներ» են: 2015 թվականի հունվարի 29-ին Ադրբեջանի Աբշերոնի շրջանային դատարանը խուլիգանության համար ընդդիմադիր լրագրող Սեյմուր Հազիին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, քանի որ ինչ-որ անձ երկաթուղային կանգառում վիրավորել եւ հարձակվել էր լրագրողի վրա: Արդյունքում Ադրբեջանի ոստիկանությունը բերման է ենթարկել լրագրողին, որը հայտնի է եղել Ադրբեջանի իշխանությունների վերաբերյալ իր սուր քննադատություններով: Մեկ այլ քաղբանտարկյալ՝ Լեյլա Յունուսը, 2015-ի օգոստոսի 13-ին դատապարտվել է 8.5 տարվա ազատազրկման խարդախության մեղադրանքով, իսկ նրա ամուսինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:
«ՀԱՅԱՍԻ ԳՐՈՒՊ»-Ը ՏՈՒԳԱՆՎԵՑ
ՕԵԿ-ից «Հայկական վերածնունդ»-ի վերածված կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը հերթական անգամ տուգանվել է մաքսային մարմինների կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Հայասի գրուպ» ՍՊԸ-ի անվանմամբ 2015-ի դեկտեմբերի 1-ին Հայաստան է ներմուծվել 93 հազար 200 կգ ընդհանուր քաշով կոնյակ, սակայն ժամկետի լրանալուն պես ներմուծված կոնյակի վերաբերյալ մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացվել՝ խախտելով ՀՀ օրենքը: Արդյունքում ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցչի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, որի հիման վրա նա 50 հազար դրամի վարչական տույժի է ենթարկվել:
ԷՇԸ ՔԵՐԹՈՒՄ ԵՆ, ՊՈՉԻՆ՝ ԽՌՈՎՈՒՄ
Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը պարբերաբար անդրադառնում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող գնումների գործընթացին: Հրապարակումներից մի քանի օր անց ամեն անգամ տեղեկանում ենք, որ նյութում բարձրացված խնդրով սկսել են զբաղվել իրավապահները: Մարտի 25-ի համարում հրապարակել էինք Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կողմից իրականացված գնումների պլանը: Այս հրապարակման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր էին նախապատրաստվել, ապա՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացրել: Հիմա էլ հերթը Տավուշի մարզի Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրականացված գնումների գործընթացինն է: Այդ հրապարակման հիման վրա էլ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնում են նյութեր նախապատրաստվում: Տեսնենք՝ այս անգամ այդ գործընթացն ինչ ավարտ կունենա: