Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստը, որին ներկա էր նաեւ պատգամավորը որպես վկա: Ինչպես ցույց են տալիս դատական գործով ընթացող զարգացումները, պատգամավորի թիկնապահին դանակահարողին հոգեկան խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ ցանկանում են «փրկել» ազատազրկումից:
Ինչպես փրկել ամբաստանյալին
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին: Փողոցով անցնելիս տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:
Սակայն ագրեսիվ երիտասարդները, թողնելով իրենց «զոհին», անմիջապես թիրախավորել էին պատգամավորին, հայհոյել նրան, որից հետո Արսենյանի օգնականը գործի էր դրել բռունցքները: Ծեծկռտուքի ընթացքում Անդրանիկ Գաբրիելյանը դանակահարել էր պատգամավորի օգնական Ավետիս Գալստյանին, ինչը ստիպել էր պատգամավորին ավտոմեքենայից հանել զենքը: Բարեբախտաբար, բանը կրակոցներին չէր հասել, եւ պատգամավորը շտապել էր իր օգնականին տեղափոխել հիվանդանոց:
Ինչեւէ: Արդեն նշել էինք, որ այս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է, եւ գործով արդեն ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս: Պատգամավորի օգնականին՝ Ավետիս Գալստյանին, դանակահարած Անդրանիկ Գաբրիելյանը երեկ դատարանում հայտնեց, որ ինքը հոգեկան խնդիրներ ունի, նրա պաշտպան Մերի Ալավերդյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին փորձաքննության ենթարկեն: Շուրջ երկու ժամ տեւած խորհրդակցությունից հետո գործը նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը եւ նշանակեց դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզի, թե արդյո՞ք հոգեկան խնդիր ունեցող անձը այսուհետ կարող է մասնակցել դատական նիստերին, թե ոչ: Ասել է, թե պատգամավորի օգնականին դանակահարած երիտասարդին փորձում են հոգեկան խնդրի «շուքի տակ» նախ՝ թաքցնել հրապարակային դատավարությունից, ապա՝ նաեւ փորձել ազատ արձակել:
Հասարակությունն ապահովագրված չէ
Արդեն տեւական ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ը բարձրաձայնում է հոգեկան խնդիրներ ունեցող անձանց հարցը, որոնք վտանգավոր են դարձել ոչ միայն իրենց հարազատների, այլեւ հասարակության համար: Դեռեւս 2015 թվականին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում եղբայրը կացնահարել էր եղբորը: Նմանօրինակ մի դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում. կինը կացնահարել էր ամուսնուն, իսկ ավելի ուշ բացահայտվել էր, որ վերջիններս հոգեկան խնդիրներ ունեն եւ հաշվառված են եղել հոգեբուժարաններում:
Ահա, այս տարվա ապրիլի 15-ին էլ 32-ամյա Հովհաննես Մուրադյանն էր ուսուցողական նռնակ նետել ՀՀ երկրորդ նախագահի տան ուղղությամբ, որից հետո պարզ դարձավ, որ նա հաշվառված Է Ավանի հոգեբուժարանում: Ակնհայտ է, որ վերոնշյալ մարդիկ լիարժեք բուժում չեն ստանում, եւ ինչպես առողջապահության նախարարությունը, այնպես էլ իրավապահները բարձրաձայնումներին ականջալուր չեն, ինչի արդյունքում որեւէ մեկը ապահովագրված չէ այսպիսի մարդկանց ոտնձգությունից:
Մյուսը էպիլեպսի՞կ է
Պարզվում է, որ պատգամավորի օգնականի դանակահարության աղմկահարույց այս գործով միայն Անդրանիկ Գաբրիելյանը չէ, որ ունի առողջական խնդիր: Երեկ դատարանում կալանավոր Հակոբ Բոյաջյանն էլ հայտարարեց, թե էպիլեպսիկ հիվանդ է: Իսկ երբ դատավոր Պողոսյանը հետաքրքվեց, թե նախկինում դատապարտված եղե՞լ է, վերջինս պատասխանեց՝ այո, բայց չի հիշում, թե քանի անգամ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, թե քանի անգամ եւ ինչի համար է Հակոբ Բոյաջյանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում: Եվ այսպես՝ Հակոբ Բոյաջյանը 2006 թվականին ազատազրկման է դատապարտվել խուլիգանության, 2008 թվականին կողոպուտի համար եւ բանտից դուրս է եկել 2011 թվականին: Հենց այդ տարի նրան մեղադրանք է առաջադրվել գողության հատկանիշներով: Պարզեցինք, որ նա Մ. Ղարիբյանին պատկանող ավտոմեքենայից գողություն կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխել է այլ տարածք եւ հափշտակել զգալի չափերի արժողության գույք: Սա դեռ վերջը չէ, 2012 թվականին Բոյաջյանի նկատմամբ հերթական անգամ մեղադրանք է առաջադրվել, քանի որ նա տեխնիկական գործիքի գործադրմամբ Մարգարյան փողոցի 9-րդ հասցեի թիվ 100-րդ դպրոցի մուտքի դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել դպրոց, գաղտնի հափշտակել էլեկտրական շաղափներ, էլեկտրական սղոց, մալուխներ՝ «Արտաշատշին» ՍՊԸ-ին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Այս արարքի համար նրան ազատազրկման են դատապարտել 3 տարի 4 ամիս ժամկետով: Տպավորությունն այնպիսին էր, որ Բոյաջյանն այս ամենից դասեր պիտի քաղեր, սակայն 2015 թվականի հունիսին ազատության մեջ հայտնված Բոյաջյանը հերթական անգամ հայտնվեց քրեակատարողական հիմնարկում:
Գողությունից մինչեւ դանակահարություն
Ինչպես գրել էինք՝ սեպտեմբերի 19-ին երիտասարդները մինչ Մաշտոցի պողոտայի ծեծկռտուքը եւ պատգամավորի օգնականին դանակահարելը, Հանրապետության հրապարակի տարածքում մի անցորդի էին ծեծի ենթարկել ու կողոպտել: Իսկ ով է եղել կողոպտված եւ ծեծի ենթարկված երիտասարդը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նշված օրը Հակոբ Բոյաջյանի, Անդրանիկ Գաբրիելյանի, Սամվել Սաֆարյանի, Գարիկ Բաբախանյանի կողմից ծեծի ենթարկվածը Ռուբիկ Առաքելյանն էր: Նրանից տղաները հափշտակել են 400 հազար դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 դրամ գումար, 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Այսինքն՝ այս խմբի համար կարեւորը թիրախն է, իսկ թե ինչ կտանեն, արդեն էական էլ չէ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱԼԱՆԱՎՈՐԻ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Երկու շաբաթ է անցել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի փախուստից, սակայն ոստիկանությունը մինչեւ հիմա չի հայտնաբերել նրան:
Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանը խարդախության համար դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման, ՔԿՀ-ից շարունակել է նորանոր խարդախություններ անել, եւ հիմա միայն Կենտրոնի դատարանում քննվող այս քրեական գործով նա մեղադրվում է 25 դրվագներով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:
«Ժողովուրդ»-ին Սպարտակ Դանիելյանի փախուստից որոշ մանրամասներ է հայտնի դարձել: Մեզ հասած տեղեկություններով` նա փախուստի է դիմել հետնամուտքով, իսկ սենյակի մուտքի մոտ, որտեղ գտնվել է նա, որեւէ մեկը չի հսկել, եւ, ամենայն հավանականությամբ, Սպարտակը՝ տեսնելով, որ դռան մոտ որեւէ մեկը չի հսկում, ճողոպրել է:
Ըստ էության, տեղի ունեցած միջադեպը մի լավ դաս է եղել Կենտրոն դատարանի նախագահի եւ կարգադրիչների ղեկավարության համար, քանի որ մեզ տեղեկություններ հասան, որ դեպքից անմիջապես հետո դատարանի ղեկավարությունը որոշել է կալանավորվածների համար սահմանված սենյակի մուտքի մոտ, բացի ոստիկաններից, հսկողություն սահմանեն նաեւ դատարանի կարգադրիչները:
Ի դեպ, նկատենք, որ տեղի ունեցած միջադեպի գործով դատական կարգադրիչները իրենց մեղավոր չեն ճանաչում՝ ըստ էության, մեղքը գցելով ոստիկանների վրա: Նրանք նշում են, թե սենյակը, որտեղ պահում են կալանավորներին, հսկողություն են իրականացնում ոստիկանները: Սակայն նշենք, որ տեղի ունեցած դեպքից հետո ինչպես ՀՀ ոստիկանությունում, այնպես էլ ՀՀ դատական դեպարտամենտում ծառայողական քննություն է նշանակվել՝ հասկանալու համար, թե որ համակարգի բացթողման արդյունքում կալանավորը փոխուստի դիմեց:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎԵՑ
Ապրիլի 15-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու մեջ մեղադրվող Հովհաննես Մուրադյանը ստորագրությամբ ազատ է արձակվել եւ ուղարկվել է «Նուբարաշեն» հոգեբուժական բժշկական կենտրոն՝ բուժում ատանալու: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հովհաննես Մուրադյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնեց, որ նախաքննություն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան, որպեսզի Հովհաննես Մուրադյանին կալանավորեն, սակայն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը եւ խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ չհեռանալը եւ Հովհաննես Մուրադյանին ուղարկել է բուժման: Հիշեցնենք, որ Հովհաննես Մուրադյանը ուսուցողական նռնակ էր նետել ՀՀ երկրորդ նախագահի տան պահակակետի ուղղությամբ, եւ վերջինիս մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հատկանիշներով: Ի դեպ, վերջինս հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում եւ վերջին բուժումը ստացել է 1 տարի առաջ:
70 ԱՆԳԱՄ ԽԱԽՏԵԼ ԵՆ
Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 70 անգամ: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հարավարեւելյան (Հադրութ), արեւելյան (Ակնա) եւ հյուսիսարեւելյան (Մարտակերտ) ուղղություններով: Հյուսիսարեւելյան ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ) եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (2 արկ):
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՀՈՐԴՈՐՈՎ
ԼՂՀ ԱԺ խմբակցությունները հայտարարություն են ընդունել, որով ՌԴ իրավապահ մարմիններին հորդորում են ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին։ «Հաշվի առնելով Լ. Հայրապետյանի՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակը՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունները ՌԴ իրավապահ մարմիններին հորդորում են մարդասիրական վերաբերմունքից ելնելով՝ գործող օրենսդրության շրջանակներում վերանայել կալանքի պայմանները, օբյեկտիվ վերաքննությամբ էապես մեղմել սահմանված պատիժը եւ ազատ արձակել նրան»:
«ԻԶՎԵՍՏԻԱ»-ԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ
«Արտաքին քաղաքականության մշակման եւ իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով»։ ԼՂ ԱԺ լիագումար նիստում կայացած օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ երեկ հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի հայտնի հրապարակմանն առնչվող պատգամավորներից մեկի հարցին: