ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց
Այս ապրանքատեսակները երեկ նետվել էին ՀՀ կառավարության շենքի առջեւ: Ինժեներ Վարդան Վարդանյանը հրապարակավ հայտարարել է, որ պետք է հրաժարվել ադրբեջանական եւ թուրքական ծագում ունեցող ապրանքներից: «Նույնը արել են նրանք: Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական ապրանքների մուտքն արգելված է, մենք էլ պետք է արգելենք»,- ասել է ինժեները:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ սոցիալական փաթեթի հատկացման կարգը, ինչպե՞ս է հատկացվում այն:
Ստելլա Նազարյան (38 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթից օգտվելու համար աշխատողը բանկում բացում է սոցփաթեթի հաշիվ: Սոցփաթեթի հաշիվը բացելուց հետո աշխատողը կարող է բանկից ստանալ սոցիալական փաթեթի հաշվի մասին տեղեկանք՝ կարգով նախատեսված դեպքերում համապատասխան հաստատություններին ներկայացնելու համար:
Ընթացիկ տարվա սոցիալական փաթեթի գումարն իր սոցփաթեթի հաշվին փոխանցելու համար աշխատողը լրացնում է սոցիալական փաթեթի գումարի փոխանցման մասին դիմում՝ համաձայն ձեւի, որը բանկի կողմից տրված սոցփաթեթի հաշվի մասին տեղեկանքի հետ միասին ներկայացվում է աշխատավայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում: Դիմումի եւ տեղեկանքի հիման վրա սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանումը տվյալ անձի սոցիալական փաթեթի գումարը փոխանցում է աշխատողի սոցփաթեթի հաշվին` ամսական կտրվածքով` բացառությամբ հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում աշխատողը կարող է իր եւ զբոսաշրջային օպերատորի միջեւ կնքված պայմանագիրը ներկայացնել իր աշխատանքի վայրի սոցիալական փաթեթի գումարի փոխանցման համար պատասխանատու ստորաբաժանում՝ սոցիալական փաթեթի տվյալ բյուջետային տարվա համար նախատեսվող սոցիալական փաթեթի գումարները միանվագ իր սոցիալական փաթեթի հաշվին փոխանցելու նպատակով:
Այս դեպքում աշխատողը պարտադիր պետք է այդ ծառայությունից օգտվելու ժամանակահատվածում գտնվի արձակուրդում:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթում ներառված սոցփաթեթի շահառուի կամ նրա ընտանիքի անդամի առողջության ապահովագրության փաթեթներից օգտվելու համար, սոցփաթեթի շահառուն հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրելու ցանկացած ապահովագրական ընկերություն, որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացել է պետական գրանցում եւ առողջության ապահովագրության դասի գործունեության իրականացման լիցենզիա:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների երեխաները ի՞նչ լեզվով են սովորում հայաստանյան դպրոցներում:
Հռիփսիմե Գալստյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հ. Գալստյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ուսման լեզում հայերենն է, սակայն ՀՀ երկքաղաքացիների երեխաները կարող են սովորել այն լեզվով, որն ընտրել են նրանց ծնողները (օրինական ներկայացուցիչները):
Նույնը վերաբերում է նաեւ այլ պետության քաղաքացիների, ՀՀ քաղաքացիություն չունեցողների երեխաներին, ինչպես նաեւ այն երեխաներին, ում ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը` օտարերկրացի:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական վիճակագրական տվյալներով` 15-16 տարի առաջ դպրոցներում աշակերտների թիվը մոտ 602 հազար էր, իսկ 2014թ. 230 հազարով պակասել է: Ի դեպ, Երեւանից դուրս ամեն չորրորդ դպրոցում երեխաների թիվը 100-ից պակաս է: