Երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԼՂՀ հակամարտության խնդրին` փաստացի հայտարարեց, որ բանակցությունների սեղանին պետք է դրվի 2011 թվականին Կազանում ներկայացված փաստաթուղթը:
Նկատենք, որ այս փաստաթուղթը իրենից մի շարք հիմնարար պահանջներ է ներկայացնում, մասնավորապես ստատուս քվոյի փոփոխություն, խաղաղապահ ուժերի տեղակայում, ինչն էլ էականորեն նմանեցվում է դեռեւս 2007 թվականին ԵԱՀԿ համանախագահների կողմից Հայաստանին եւ Ադրբեջանին ներկայացված Մադրիդյան սկզբունքներին:
Այս առնչությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանին:
-Պարո՛ն Թորոսյան, երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փաստացի նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով պետք է կյանքի կոչել Կազանի փաստաթուղթը: Նկատենք, որ հանրությունն առանձնապես տեղեկացված չէ Կազանյան փաստաթղթի մանրամասներին: Տեղյա՞կ եք, արդյոք, թե ինչ սկզբունքներ են ներառված դրանում:
-Ինչքանով որ ես ծանոթ եմ Կազանյան փաստաթղթին, դա բխում է մադրիդյան սկզբունքներից եւ, ըստ երեւույթին, փաթեթային լուծման տարբերակ է, որտեղ դիտարկվելու են փոխզիջումները: Այսինքն՝ վերադարձնում ենք ազատագրված շրջաններ, բայց դրա դիմաց Ադրբեջանը միջազգային հանրության երաշխավորությամբ հանրաքվեի միջոցով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Քանի որ այժմ որեւէ փաստաթուղթ փաստացի դրված չի քննարկման, որպես քաղաքական գործիչ ձեռնպահ կմնամ գնահատականներ հնչեցնելուց, իսկ որպես հայ մարդ սկզբունքորեն դեմ եմ հող զիջելուն:
-ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խոսեց նաեւ կողմերի միջեւ վստահության միջոցների ձեռք բերման, անվտանգության մեխանիզմների կիրառման մասին: Ի՞նչ է իրենից ենթադրում այս ամենը:
-Ես ենթադրում եմ, որ այդ վստահության հարցը երկու կոմպոնենտ ունի` մեկը մեր ներքին, այսինքն՝ հայ-ադրբեջանական փոխադարձ վստահության խնդիրն է, մյուսը միջազգային երաշխիքների խնդիրն է, որը առաջին հերթին պետք է լինի խաղաղապահների ներգրավվածությամբ, ինչը փաթեթային լուծման շրջանակներում նախատեսվում է:
-Պարո՛ն Թորոսյան, ի վերջո, առաջիկայում սպասվող բանակցություններից հայկական կողմը ինչ կարող է ակնկալել:
-Ինչպես այս քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ մենք պատրաստ ենք դիմակայելու հակառակորդի ցանկացած քայլի, բայց մենք միանշանակ կողմ ենք խնդրի խաղաղ կարգավորմանը, որովհետեւ անգամ եթե հազար ասկյար զինվոր զոհվեր մեր մեկ զինվորի դիմաց, դա մեր զոհերի ցավը չի մեղմացնի: Ընդհանրապես պատերազմը խնդրի լուծման ձեւ չի կարող լինել: Մենք արդեն իսկ 1990-1994 թվականներին անցել ենք մի պատերազմ, որը խնդրի լուծում չի տվել, եւ 1994-ից մինչեւ այսօր, հատկապես վերջին շրջանում, եւս խնդրի լուծումը չի երեւում: Հետեւաբար խնդրի լուծումը բանակցային գործընթացով պետք է լինի: Մենք պետք է դիմենք ե՛ւ մեր ջանքերին, ե՛ւ միջնորդ` ԵԱՀԿ Մինսկի խմբին ջանքերին, ե՛ւ առանձին վերցրած երկրների ջանքերին: Միեւնույն ժամանակ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Բայց մենք խաղաղություն պարտադրելու եւ խաղաղ ճանապարհով լուծման հասնելու մեկ երաշխիք ունենք. դա մեր բանակն է եւ մեր ռազմական հնարավորությունները:
Զրուցեց ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ 101 ՏԱՐԻ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՃԻՇՏ ՊԱՀԻՆ
2015 թվականի ապրիլին Գերմանիայի Բունդեսթագում ներկայացվեցին 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ բանաձեւի նախագծեր, դրանց հիման վրա ավելի ուշ մշակվեց մի փաստաթուղթ, որում 1915 թվականին հայերի զանգվածային կոտորածները հստակ որակվում էին որպես ցեղասպանություն:
«Այն, ինչ կատարվեց Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ամբողջ աշխարհի աչքի առաջ, ցեղասպանություն էր: Եվ սա 20-րդ դարի վերջին ցեղասպանությունը չէ»,- նշել էր Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը: Այնուամենայնիվ, խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ նախագծի քվեարկությունը տարբեր պատճառներով հետաձգվեց մինչեւ 2016 թվականի փետրվարը՝ քննարկումից հետո հերթական անգամ մնալով նույն փուլում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգների հետ, ով նշեց, որ տարբեր արմատներ ունեցող մարդկանցից կազմված հասարակության ազատության համար այս հարցում անհրաժեշտ է հստակ դիրքորոշում ունենալ:
«Թուրքիան ի սկզբանե դեմ էր ցեղասպանության այս բանաձեւին: Կառավարությունը ցանկանում էր խուսափել կոնֆլիկտից, սակայն կարծում եմ, այնուամենայնիվ, անհրաժեշտ է հարցին լուծում տալ, եւ մենք քննարկում ենք ճիշտ ճանապարհները, ճիշտ ժամանակահատվածի ընտրությունը հարցը կարգավորելու համար: Հունիս ամսվա սկզբին մենք եւս մեկ անգամ կքննարկենք բանաձեւը, որը իր մեջ կներառի բոլոր անհրաժեշտ ասպեկտները»:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Բունդեսթագի պատգամավորը նշեց, որ հրադադարի այս անակնկալ խախտումը մտահոգիչ էր այն համատեքստում, որ եթե նման անսպասելի գործողություններ են տեղի ունենում, ապա ըստ պատգամավորի՝ դրանք կարող են պատահել ցանկացած ժամանակ առանց այդ գործողությունների կանխման միջոցներ ձեռնարկելու որեւէ հնարավորության:
«Ուստի մենք հույս ունենք, որ Մինսկի խումբը կգտնի լուծումներ եւ կնվազեցնի սրացման վտանգը»:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու հստակ չի նշվում նախահարձակ կողմը, եւ դեռ քայլեր չեն արվում ապրիլի 10-ին հայկական կողմին վերադարձված բոլոր 18 զինծառայողների մարմինների խոշտանգումների, դիակապտության, գլխատումների, խաղաղ բնակիչների նկատմամբ վայրագությունների փաստերի հիման վրա ադրբեջանական կողմին պատժելու ուղղությամբ, Քրիստոֆ Բերգները պատասխանեց. «Սա այն պահն է, երբ պետք է լինել արդար եւ հիմնվել փաստերի վրա: Մենք տեղեկատվության պակաս ունենք, թե կոնկրետ ինչպես է դա պատահել: Ես գիտեմ, որ զոհեր կան երկու կողմերում էլ, տեղյակ եմ նաեւ հայկական կողմի նկատմամբ իրականացված դաժանության մասին: Այս հարցում միակ թերությունը, թերեւս, այն է, որ մենք չունենք անկախ մշտադիտարկում, այդ իսկ պատճառով ես մի փոքր զգուշանում եմ կոնկրետ կողմ նշելուց: Իսկ այդ վայրագությունների վերաբերյալ միայն կարող եմ ասել, որ մենք պետք է այս բոլոր բռնությունները դատապարտենք եւ փորձենք խուսափել այս կոնֆլիկտի շարունակությունից»:
Նշենք, որ 2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում կրկին կքննարկվի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
ՍՅՈՒԶԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ
ԻԲՐԵՎ ՀԱՅ
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի 2015 թվականի զեկույցի Ադրբեջանի վերաբերյալ բաժնում բերված տվյալների համաձայն՝ այդ երկրում հայկական ծագմամբ 20-30 հազար մարդ է ապրում: Այդ տվյալը ներառված է աշխատանքային խտրականության վերաբերյալ բաժնում: Որտեղ նշվում է, որ հայկական ծագմամբ 20-ից 30 հազար ադրբեջանցի քաղաքացիներ բողոքել են սոցիալական ծառայությունների, բնակարանային ապահովման, աշխատանքի ոլորտներում խտրականության դրսեւորման մասին: «Էթնիկ հայերը հաճախ են թաքցնում իրենց ծագումը՝ փոխելով անձնագրերում իրենց ազգային պատկանելիությունը»,-նշված է պետդեպարտամենտի զեկույցում: Զեկույցի այս հատվածն ինքնին տարակուսանքի տեղիք է տալիս: Ուստի բացառված չէ, որ իրականում ադրբեջանցիները փորձում են իրենց ներկայացնել հայկական ծագմամբ՝ հետագայում ԱՄՆ-ում կամ եվրոպական երկրներում քաղաքական ապաստան ստանալու համար:
ԴԵՌ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Սակայն արդեն մեկ շաբաթ է անցել, բայց երեկվա դրությամբ Սերժ Սարգսյանը նրա դիմումը դեռեւս չէր մակագրել: Կարծիքներ կան, որ Միհրան Պողոսյանը միտումնավոր դիմումն այնպես է ձեւակերպել, որ դրա բավարարումն իրավական տեսանկյունից խնդրահարույց լինի: Դժվար է պատկերացնել, թե Սերժ Սարգսյանն ինչպես է ստորագրելու մի դիմումի տակ, որտեղ մամուլի հրապարակումներն են հիշատակված՝ Ալիեւի ու օֆշորի զուգամիտմամբ: Սա նշանակում է, որ այս պատմությունը կարող է երկու հանգուցալուծում ունենալ՝ գեներալ-մայորի ուսադիր կրող Միհրան Պողոսյանը շարունակի մնալ իր պաշտոնում այնքան ժամանակ, մինչեւ ինչ-որ քրեական գործի քննության ընթացքը լրջանա, որից հետո նա արդեն նորմալ ազատման դիմում ներկայացնի: Այս դեպքում նա պարզապես ազատվելով չի պրծնի եւ ստիպված կլինի գույքով վճարել իր հանդգնության համար: Մյուս տարբերակով նա իշխանական վերնախավում վերահաստատում է իր դիրքերը՝ նոր պաշտոն ստանալով: Առաջիկայում պարզ կդառնա՝ իրադարձությունները որ սցենարով կզարգանան:
ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Հայաստանի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ ՀՀ-ում կանայք հիմնականում չեն ստանում նույն մասնագիտական հնարավորությունները, ինչ տղամարդիկ: «Խտրականությունը բավականին լայնատարած է, եւ իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկել իրավիճակը մեղմացնելու ուղղությամբ: Երիտասարդ եւ գրավիչ կանանց հրավիրող թափուր աշխատատեղերի հայտարարությունները նույնպես բավականին արդիական են: 40-ից բարձր գործազուրկ կանայք ունեն շատ քիչ հնարավորություն իրենց կրթությանը եւ հմտությունների համապատասխան աշխատանք գտնելու հարցում»,- նշված է ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում: