ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԴԵՂԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամկետանց կամ չգրանցված դեղերը մարդու առողջությունը կարող են լրջորեն վտանգել, ուստի պատահական չէ, որ ամբողջ աշխարհում դեղերի շուկան գտնվում է խիստ վերահսկողության ներքո: Մինչդեռ Հայաստանի դեղերի շուկայում քիչ չեն չարաշահումների եւ խախտումների դեպքերը, որոնց մի մասը բացահայտել է Վերահսկիչ պալատը:

Այսպես՝ ՀՀ վերահսկիչ պալատը անցած տարվա մարտի 23-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը վերահսկողություն է իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմում, համակարգի ՊՈԱԿ-ներում, ինչպես նաեւ պետական մասնակցությամբ ընկերություններում: Արդյունքում բացահայտվել է, որ դեղորայքի ներքին շուկայում սպառողներին է առաջարկվել ՀՀ-ում չգրանցված, ոչ օրինական ճանապարհով ներմուծված եւ փորձագիտական քննություն չանցած դեղեր:
Նշենք, որ 2013 թվականին կենտրոնացված կարգով դեղերի ձեռք բերման նպատակով պետբյուջեի ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 329 մլն 170 հազար դրամ, 2014-ին՝ մոտ 1.8 մլրդ դրամ, 2015-ի՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ավելի քան 1.8 մլրդ դրամ:
Ըստ ՎՊ-ի՝ անցած տարի «Դեսմոպրեսին ացետատ» 0. 1մգ/5մլ 5000 դեղահատը ձեռք է բերվել 5267 դրամով, որը ՀՀ է ներմուծվել 3000 (ներառյալ ԱԱՀ-ն) դրամով: Բացի այս՝ անցած տարի ներմուծման գնից 64 տոկոս բարձր գնով (44.7 դրամով) ձեռք է բերվել 358 500 հատ Գլիկլազիդ 60 մգ (Diazon-MR) դեղը, որը ՀՀ է ներմուծվել 27. 2 դրամով: Ի պատասխան ՎՊ-ի այս բացահայտման՝ ՀՀ առողջապահության նախարարույթունը արձագանքել է` նշելով, որ ԱՆ-ն չի կարող կազմակերպել գնման գործընթացները՝ հիմք ընդունելով միայն ներկրման գները եւ ԱԱՀ-ն, քանի որ ոչ մի ներկրող կամ արտադրող առանց համապատասխան առեւտրային շահի չի մասնակցի կազմակերպված գնման գործընթացներին: Իսկ այդ գործընթացների չկայանալու արդյունքում առաջացած պահանջարկի բավարարման մասով ճեղքվածքը կհանգեցնի հիվանդների բնականոն դեղապահովման խախտմանը, ինչը ԱՆ-ն չի կարող թույլ տալ:
Ի դեպ, ՎՊ-ն ստուգումներ է իրականացրել նաեւ Երեւանի քաղաքապետարանի թիվ 20, թիվ 22, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկաներում եւ ՀՀ ԱՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Պարզվել է, որ պոլիկլինիկաներում մի շարք դեպքերում դեղերը գնվում են ներմուծման արժեքից էականորեն բարձր գներով: Օրինակ` Վանաձորի պոլիկլինիկայի կողմից անցած տարի «Ամլոդիպին բեզիլատ» 10 մգ դեղը գնվել է 7.3 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 3 դրամով: Վանաձորի պոլիկլինիկայի կողմից անցած տարի «Դեքսամեթազոն» 0,1 տոկոս դեղը գնվել է 350 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 120 դրամով:
Թիվ 20 պոլիկլինիկայի կողմից անցած տարի «Նեմեսուլիդ» 100 մգ դեղը գնվել է 67 դրամով, այն դեպքում, երբ տվյալ դեղը ՀՀ է ներմուծվել 20 դրամով: Բացի այս՝ թիվ 22 պոլիկլինիկայում արձանագրվել է մատակարարված դեղի ընդունման պահին տվյալ որոշմամբ ամրագրված մնացորդային պիտանիության ժամկետների խախտման 14 դեպք, իսկ թիվ 20 պոլիկլինիկայում` 27 դեպք: Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայում էլ հայտնաբերվել է 30 դեպք:
Ի դեպ, ՎՊ-ն պարզել է, որ թիվ 20 եւ թիվ 22 պոլիկլինիկաների պատասխանատու ստորաբաժանումների կողմից դեղորայքի մրցույթից առաջ շուկայական գների ուսումնասիրություն չի իրականացվել: Եւ ամենասարսափելին այն է, որ թիվ 22 եւ Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկաներում, ինչպես նաեւ ուռուցքաբանության կենտրոնում որոշ դեղերի պահեստավորումն ու պահպանումը կատարվել է ՀՀ առողջապահության նախարարի 2010 թ. սեպտեմբերի 9-ի հրամանով հաստատված կարգի պահանջների խախտմամբ, մասնավորապես լույսի եւ խոնավության ազդեցությունից պաշտպանում պահանջող մի շարք դեղեր պահպանվել են լուսաթափանց եւ խոնավ սենյակներում:
Բացի այս՝ ուռուցքաբանության կենտրոնում իրականացված ստուգման ընթացքում քիմիաթերապիայի բաժանմունքի կողմից տրամադրվել են բուժման նպատակով հիվանդների ձեռք բերած եւ 14 օրվա ընթացքում օգտագործված քիմիաթերապեւտիկ դեղամիջոցների դատարկ սրվակներ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ժամանակահատվածում օգտագործված 691 սրվակ դեղմիջոցներից 293-ը ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից փորձաքննություն չեն անցել, որոնցից 199-ը` ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում ընդհանրապես գրանցված չեն եղել: Ստացվում է, որ ուռուցքաբանության կենտրոնում քիմիաթերապեւտիկ բուժման նպատակով հիվանդների կողմից բերված դեղերի շուրջ 42 տոկոսի շրջանառությունը գտնվում է պետական վերահսկողությունից դուրս:
Վերահսկողության ընթացքում արձանագրվել են նաեւ դեպքեր, երբ դեղատնային ցանցում ազատ շրջանառվում են դեղեր, որոնք ՀՀ են ներմուծվել ոչ օրինական ճանապարհով: Դրանց ներմուծման օրինականության վերաբերյալ գրավոր տեղեկատվություն է ստացվել «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից: Օրինակ՝ ռուսական «Թաթքիմֆարմպրեպարատի» ԲԲԸ-ի կողմից արտադրված «ORTOPHEN» 25մգ N30 /սերիա1480814/ դեղը վերահսկողության ընթացքում ազատ շրջանառվում էր դեղատներում, այն դեպքում, երբ համաձայն «Դեղերի փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ից ստացված տեղեկատվության` նշված սերիայով օրինական ներմուծում չի եղել:
Հուսանք, որ գոնե այնպիսի կարեւոր հարցում, ինչպես դեղերի շուկայի վերահսկողությունն է, ՎՊ-ի բացահայտումները չեն մնա թղթի վրա եւ համապատասխան ընթացք կստանան` պատասխանատվության ենթարկելով ՀՀ քաղաքացիների առողջությունը վտանգող օղակներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս