Հին Հունաստանում դեսպանների հաշվետվության մեխանիզմը պետական հսկողության, հաշվեկշռի ստուգման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության համակարգի օղակներից էր: Այդ համակարգին կնախանձեն այսօրվա առաջադեմ շատ երկրներ` Մարդու իրավունքների պաշտպանի իրենց ինստիտուտներով հանդերձ: Այստեղ հատուկ տեղ էր գրավում այսպես կոչված օստրակիզմը (հունարեն ostrakismos` ոստրե, խեցի բառից), որը լիովին համապատասխանում է այդ պատժամիջոցի ձևին ու բովանդակությանը: Այն հաճախ էր կիրառվում պաշտոնյաների, բնականաբար նաև դեսպանների նկատմամբ, որից նրանք պակաս չէին վախենում, քան մահապատժից:
Արտաքսումն Աթենքի դեմոկրատական համակարգի հատուկ ինստիտուտներից էր: Ունենալով ավելի շուտ քաղաքական, քան իրավական բնույթ, այն կիրառվում էր աթենացու նկատմամբ` երկրից վտարելու նպատակով (առանց դատավարույթի): Դա կանխարգելիչ օրենք էր, որը ոչ թե պատժում էր զանցանքը, այլ բացառում էր այն: Օստրակիզմն առաջին անգամ գործադրվել է Ք.ա. 487 թվականին Կլիսթենեսի օրոք` ժողովրդի կամքն արտահայտելու և բռնապետությունից (տիրանիա) խուսափելու նպատակով: Արտաքսման ենթակա էին ամենաբարձր պաշտոնյայից մինչև վերջին չինովնիկը: Ամեն տարի Ժողովրդական ժողովը որոշում էր` արտաքսման վճիռ լինելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե տվյալ անձնավորության լոյալությունը պետության և ժողովրդի նկատմամբ խնդիր էր հարուցել, հարցը քննարկվում էր 6 հազար մարդու մասնակցությամբ: Կասկածները հաստատվելու դեպքում նա ենթարկվում էր զանգվածային քննադատության, հետո հավաքում էին խեցիները` օստրակոնները, որոնք նախօրոք բաժանում էին ներկաներին: Խեցիների վրա նախ գրում էին այն անձի անունը, որին ժողովուրդը ցանկանում էր վտարել: Այս ամենը կատարվում էր գաղտնի: Անգրագետը կարող էր դիմել գրագետ հարևանի օգնությանը: Սա ավելի ազնիվ է, քան կողքի սեղանի կոճակը սեղմելը, ինչպես անում են ժամանակակից պատգամավորները քվեարկելիս: Իսկ եթե խեցու վրա գրված քաղաքացու անունը ջնջվում էր, նա 10 տարով արտաքսվում էր երկրից: Հաշվարկը հոգեբանական էր. չկա անուն` չկա մարդը:
Ինչպես բոլոր կայսրություններում, այնպես էլ Հին Հունաստանում կենտրոնն էր տոն տալիս ծայրամասերին: Աթենական քաղաքական ինստիտուտների աշխատաոճն այս կամ այն ձևով արտացոլվում էր մյուս պոլիսներում: Արտաքսում էին Արգոսում, Սիրակուզայում (Սարդինիա) և մի շարք այլ քաղաքներում Ի դեպ, Սիրակուզայում դա անվանվում էր ,պետալիզմե, և զանցառուի անունը գրվում էր ոչ թե խեցու, այլ ձիթենու տերևի վրա: Աքսորի ժամկետն էլ ավելի մեղմ էր` ոչ թե 10, այլ` 5 տարի: Արտակարգ իրավիճակներում կամ պետությանն սպառնացող վտանգի դեպքում Ժողովրդական ժողովը հատուկ որոշմամբ հետ էր բերում աքսորվածին: Հույն-պարսկական պատերազմի ժամանակ` Սալամիսի ճակատամարտից առաջ, օրինակ, Պերիկլեսի արտաքսված հայրը վերադարձել է Աթենք:
Արտաքսումը ձևով հիշեցնում է 1930-ական թվականների խորհրդային ,քաղաքական աքսորըե, որը կիրառվում էր քաղբանտարկյալների նկատմամբ` իրականում շատ ավելի դաժան ու անմարդկային ձևերով…
Անտիկ ժամանակաշրջանի դեսպաններին բնորոշ էին ազնվությունն ու պատվախնդրությունը: Մեծ մասամբ լինելով իրազեկ և բարձրակարգ մասնագետներ՝ նրանք պետական ծառայությանը վերաբերում էին ամենայն պատասխանատվությամբ: Անտարբերություն ու անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերած դեսպանների նկատմամբ հասարակությունն անմիջապես իր վերաբերմունքն էր արտահայտում` ընդհուպ մինչև արտաքսում: Չարաշահումների և կոռուպցիայի մասին խոսելն անգամ ավելորդ է: Հույն դիվանագետի սխալի կամ անհաջողության գինը չափազանց բարձր էր:
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Արտակարգ և լիազոր դեսպան