ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞, ԹԵ՞ ԷԼԻ ՊԱՏՐԱՍՏ Է 5 ՏԱՐԱԾՔ ԶԻՋԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ ամերիկյան Բլումբերգին պատմել է արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացից մի դրվագ՝ բացատրելով, թե ինչ փաստաթուղթ են պատրաստ եղել ստորագրելու: Ըստ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի ունենա այդ ազատ կամարտահայտությունը: Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ստանում էր ժամանակավոր կարգավիճակ` ժամանակավոր այն հատվածի համար, որ պետք է լիներ, այսինքն՝ այդ փաստաթուղթը ստորագրելուց մինչեւ ազատ կամարտահայտություն անցկացնելու պահը: Ինչքան էլ տեւեր` 5 տարի, 50 տարի, 500 տարի: Այս փաստաթուղթը նաեւ նախատեսում էր, որ Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության բանակը պետք է դուրս գար 5 տարածքներից եւ պետք է գային խաղաղապահ ուժեր, որպեսզի այլեւս կոնֆլիկտ չլինի: Բայց խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ոչ թե այդ ազատագրված ողջ տարածքում, այլ կողմերի միջեւ: Իսկ ազատված տարածքներ պետք է վերադառնար ադրբեջանական բնակչությունը»: Սարգսյանը բացատրել է, որ այս փաստաթղթին Իլհամ Ալիեւը չի համաձայնել: Ստացվում է, որ Հայաստանը կողմ է եղել տարածքների հանձնմանը:
Այս պահին ՀՀ-ն պատրա՞ստ է ստորագրել նույն կազանյան համաձայնագիրը, թե՞ այլեւս այն մեզ համար մերժելի է, «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանեց. «Նույն հարցազրույցում նախագահը մանրամասը խոսում է խաղաղ կարգավորման հնարավորությունների մասին։ Կարծում եմ՝ ամեն ինչ առավել քան հստակ է։ Նույն հարցին անդրադարձել է ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում եւ Լավրովի հետ ասուլիսին»: ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ պարզաբանեց, թե. «Բլումբերգին տրված հարցազրույցում նա խոսում է Կազանի փաստաթղթի մասին: Ձեզ պաշտոնական ոչ մի մեկնաբանություն չեմ կարող տալ»:
Նկատենք, որ նշված հրապարակային բոլոր ելույթներում այդպես էլ հստակ չէ՝ այս պահին կազանյան փաստաթուղթը մեզ համար ընդունելի՞ է, թե՞ ոչ:

 

 

 
ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը Իրանում ինտերնետային կապ մատուցելու իրավունք է ստացել: «Այո, հունվարին ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում 4 հուշագիր է ստորագրել, որից մեկը հենց վերաբերում է կապին: «Յուքոմ»-ը պետք է ինտերնետ ծառայություններ մատուցի Իրանով մինչեւ անգամ դեպի Իրաք: «Յուքոմ»-ը կաշխատի նաեւ իրենց բջջային օպերատորների հետ: «Յուքոմ»-ի միջոցով իրենց օպերատորները կմիանան «Վիվասել-Մտս»-ի եւ «ԱրմենՏել»-ի հետ»,- պարզաբանեց փոխնախարարը: Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ն ընդունված է համարել ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին պատկանող ընկերություն, սակայն, ըստ լուրերի, վերջերս այդ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել նաեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը` ոչ իր անունով: Արդյո՞ք այդպես է: Մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Այդ հատվածով ես ոչինչ չեմ կարող ասել»:

 

 

 
Քառօրյա պատերազմից հետո հայ հանրության շրջանում ամենալայն քննարկված թեմաներից մեկն այն էր, թե ինչու հայկական զինուժը, ինչպես թշնամին, ժամանակակից զինատեսակներով ապահովված չէ: Արդյունքում մարդիկ փորձում են հասկանալ, թե ուր են կորել մեր պետբյուջեի փողերը: Բնականաբար, այդ որոնումների առաջին իսկ փորձը բոլորի ուշադրությունը սեւեռում է պետական պաշտոնյաների շքեղ ունեցվածքի վրա: Նախօրեին լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից փորձել էին պարզել, թե նրա շքեղ առանձնատունն ինչի հաշվին է կառուցվել: Վարչապետը հակադարձել էր, թե իր ունեցվածքը ամբողջությամբ օրենքով նախատեսված կարգով հայտարարագրված է: Իրականում մեզանում մի գործընթաց է սկսվել, որի ընթացքում պաշտոնյա մեծահարուստների պատճառով հարուստներին մարդիկ սկսել են բացասաբար վերաբերվել՝ ակնկալելով, որ նրանք պետք է իրենց հարստությունը տան պետությանը, որ զենք գնեն: Թերեւս ժամանակն է, որպեսզի մեծահարուստ պաշտոնյաները հասկանան, որ գնալու պահն է:

 

 

 
Կիրակի օրը Սոթքի ոսկու հանքից գողացված հանքանյութի շուրջ չղջիկների հերթական միջադեպն է արձանագրվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Այնտեղ կրկին բանդաները դուրս են եկել մեկմեկու դեմ, եւ էլի բանը հասել է կրակոցներին: Իհարկե, իրավապահների տարածած պաշտոնական հաղորդագրություններից տպավորություն է ստեղծվում, թե նախօրեին տեղի ունեցածը, որի արդյունքում Վահե Մանուկյանը հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել, սովորական կենցաղային վիճաբանություն է: Սակայն իրականում Վարդենիսում արդեն մի քանի տարի է՝ տարբեր բանդաներ պայքարում են ոսկու հանքանյութի վերահսկման համար: Ընդամենը երկու տարի առաջ՝ 2014 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած մեկ այլ միջադեպ ավարտվել էր 33-ամյա Արման Մանուկյանի սպանությամբ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Վարդենիսում իրավապահ համակարգ որպես այդպիսին չի գործում: Լավագույն դեպքում իրավապահներն ընդամենը արձանագրողի դերում են: Իսկ ՀՀ քննչական կոմիտեն` Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, 2014-ի դեպքը քննեց բացառապես սպանության դրվագով` չնկատելու տալով դրա իրական դրդապատճառները: Արդյունքում` եղավ հաջորդ կրակոցը:

 

 

 

 
ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ
Երեկ՝ երեկոյան 22.00-ի սահմաններում, Երեւանի Հալաբյան փողոցում 63 համարի ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում երեկ ուշ գիշերվա տվյալներով` 2 հոգի զոհվել է, 8 հոգի վիրավորվել: Պայթած ավտոբուսը «Բոգդան» տիպի էր, որն աշխատում էր դիզելային վառելիքով: Ասել է, թե այդ ավտոբուսում գազի բալոններ տեղադրված չէին, ուստի գազի արտահոսքից պայթյունի տարբերակը բացառվում է: Իսկ դա էլ նշանակում է, որ ավտոբուսը ոչ թե պայթել է, այլ պայթեցվել:
«Ո՛չ հերքելու, ո՛չ հաստատելու ժամանակն է, որովհետեւ ամեն ինչ նախնական է».- երեկ կեսգիշերն անց այս կապակցությամբ հայտարարեց ոստիկանապետ Վ. Գասպարյանը` հավելելով. «Հիմա ինչ խոսում ենք, կարող է 10 րոպե հետո փոխվի, դիզելային վառելիքով գազի պայթյուն չի միանշանակ, դիզելային ոչինչ չի այրվել, գազի պայթյուն չի եղել, պայթյուն է, որը կապված չէ գազի եւ վառելանյութի հետ: Աջ կողմում նստած մարդու մոտ կամ մարդու տակ ինչ-որ բան է եղել»:
Եվ մինչ չկար պայթյունի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն, սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ էին ահաբեկչության հնարավորության մասին: Գերակշռող տեսակետն այն էր, որ ներկայիս իրավիճակում ահաբեկչությունը կարող էր կազմակերպված լինել նախ եւ առաջ դրսի ուժերի կողմից: Ընդ որում, ոչ միայն ադրբեջանա-թուրքական կամ անգամ ԻԼԻՊ-ի, այլեւ այս պատերազմական փուլում Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգիռ քաղաքական կենտրոններից մեկի: Ուշագրավ է, որ պակաս չէին նաեւ այն տեսակետները, ըստ որի՝ այս ամենը կարող էր հենց ներսի ուժերի ձեռքի գործը լինել: Ի վերջո, ներկայումս բավականին պայթյունավտանգ իրավիճակ է իշխանությունների համար, քանի որ գնալով ակնհայտ է դառնում, որ ղարաբաղյան ճակատում սրացումներից հետո այս կոռումպացված իշխանությանն այլեւս չի ներվելու այն, ինչ ներվել էր մինչ այս` ավելի քան երկու տասնյակ տարի: Բացի այս` Ղարաբաղի հարցում հնարավոր զիջումների գնալու պարտադրանքին դիմակայելու քաղաքական ռեսուրս չունեցող ոչ լեգիտիմ իշխանության համար առաջիկայում հանրային ընդվզումը զսպելու նպատակով ահաբեկչական նմանատիպ գործողությունները կարող են լինել առիթ` երկրում արտակարգ վիճակ հայտարարելու, լրատվամիջոցների աշխատանքի կասեցման եւ հանրային ցույցերի արգելման պայմաններում Ղարաբաղի հարցում անթույլատրելի զիջումները կյանքի կոչելու համար:
Իհարկե, չի բացառվում, որ կատարվածը բացառապես անզգուշության հետեւանքով է կամ ունի այլ տեխնիկական բացատրություն, սակայն Սերժ Սարգսյանի հանձնարարականը ոստկանությանը` ուժեղացնել պարեկապահակային ծառայությունը, բավականին չարագուշակ հնչեց:




Լրահոս