ԻՆՉՈ՞Ւ Է ՀՀԿ-Ն ԳՈՐԾՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմից հետո առկա հեղեղուկ հրադադարն ամեն օր հակառակորդի կողմից խախտվում է, եւ հայտնի չէ, թե ինչպիսի զարգացումներ կարող են լինել առաջիկա օրերին: Մինչդեռ ՀՀ իշխանությունները, փոխանակ հանրությանը թափանցիկ կերպով իրավիճակը ներկայացնելու, վերջին օրերին քննարկումները ծավալում են չափազանց նեղ իշխանական շրջանակում, եւ եթե որոշ պարզաբանումներ էլ ներկայացվում են, ապա ընդամենը իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամներին:

Նկատենք նաեւ, որ Սերժ Սարգսյանն առկա լարված իրավիճակի հնարավոր զարգացումների մասին հարցազրույցներ է տալիս արտերկրի լրատվամիջոցներին, իսկ հայկական լրատվամիջոցներն այդպես էլ մնում են անտեսված:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ մի քանի հարցեր է ուղղել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին:
-Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀԿ վերջին ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը կուսակցության վերնախավին են ներկայացրել քառօրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Իհարկե, հարցի նրբությունը նկատի առնելով եւ այդ համատեքստում ընկալելով, որ ամեն ինչ չէ, որ կարելի է եւ հնարավոր է հանրությանն ասել, այդուհանդեձ, չեք գտնո՞ւմ, որ հանրությունն իրավունք ունի առավել տեղեկացված լինելու, եւ նաեւ կարիք կար ՀՀԿ վերջին ԳՄ նիստի մասին մի փոքր ավելի շատ տեղեկատվություն ներկայացնելու:
-Մենք ոչինչ չենք թաքցրել: Այն ինչը որ լուսաբանել ենք, դրա մասին է խոսքը, եւ այն ինչ Ռուսաստանի արտգործնախարարի այցի ժամանակ եւս Մինսկի խմբի անունից ասվեց: Պայմանները հետեւյալն են. բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ 1994 թ. պայմանագրի կետերը լիովին պահպանված կլինեն: Պետք է այդ մոնիտորինգային սարքերը տեղադրվեն, եւ հստակ պատասխան տրվի, թե ով է սադրիչ գործողությունների, ագրեսիայի հեղինակը: Եւ բացի այդ` պետք է երաշխիքներ լինեն, որ այլեւս չի կրկնվի նման բան, այ, այդ ժամանակ կվերսկսվեն բանակցությունները: Իսկ քանի դեռ չկա բանակցային փուլ, միշտ վտանգը կա:
-Մենք տեղեկություններ ունենք, որ Սերժ Սարգսյանը նիստի ժամանակ հրապարակել է Ադրբեջանի իրական զոհերի թիվը, որն այդքան էլ մեծ չէ, հազիվ հասնում է 2 հարյուրի: Ինչպե՞ս է նա բացատրել այդ փաստը:
-Որեւէ գաղտնիք չի եղել այնտեղ, 200 հոգանոց նիստում գաղտնիքներ չեն լինում: Ադրբեջանցիների զոհերի թիվը 300-ից ավել է` աղբյուրներին համապատասխան: Նրանք մինչեւ վերջ թաքցնում են, իսկ հայկական կողմը իր զոհերին բացահայտ ցուցակներով հրապարակել է: Նրանք ունեն բավականին կասկածելի երեւույթներ. կասկածներ կան որ նրանք եղել են ԻՊ ներկայացուցիչներ, վարձկաններ, այդ իսկ պատճառով Ադրբեջանն իր հարյուրավոր զոհերի մասին թաքցնում է: Դա շատ լուրջ խնդիր է: Ինչքանով որ ես գիտեմ՝ երկու ինքնաթիռների զոհերի տեղափոխել են Ստամբուլ, իսկ դա նշանակում է, որ նրանք ադրբեջանական ծագում չունեն:
-Իսկ Սեյրան Օհանյանը ինչպիսի՞ պարզաբանումներ է ներկայացրել, ինչո՞ւ էր հարձակումը մեզ համար անակնկալ, եւ ինչո՞ւ այդքան զոհեր տվեցինք:
-Որովհետեւ շատ պարզ էր, որ միջազգային կառույցները, ԱՄՆ պետքարտուղարը հստակ ասել էին, որ արդեն հանգուցալուծումը կարելի է մոտեցնել եւ բանակցությունները վերսկսել: Ադրբեջանը ներքաղաքական իրավիճակի ծայրահեղ լարվածությունից հանրության ուշադրությունը շեղելու համար նման ագրեսիա կազմակերպեց: Եւ ախորժակներն այնքան մեծ էին, որ պետք է երեք օրվա ընթացքում Աղդամով ճեղքեին, հասնեին Ստեփանակերտ եւ հետո մտածեին բանակցությունների մասին, որը ի կատար չածվեց: Ընդհանրապես կյանքում ի կատար չի ածվի նրանց ախորժակը: Դա է եղել պատճառը, որ հանկարծակիի են բերել մերոնց, որպեսզի կարողանան հաղթանակած բանակի դիրքերից առաջարկել բանակցություններ:
-Այնուամենայնիվ, արդյո՞ք ճիշտ եք համարում այն, որ մեր բոլորիս ճակատագրին առնչվող այս կարեւորագույն հարցում քննարկումները գնում են բացառապես իշխանական որոշակի նեղ շրջանակի ներսում: Նկատենք, որ այս ոչ բաց եւ ոչ հրապարակային գործելաոճը հանրության մոտ տարբեր բացասական սպասելիքներ է արթնացնում: Արդեն կարծիքներ կան, որ հնարավոր է մի գիշերում, ինչպես եղավ ԵՏՄ-ին անդամակցության դեպքում, որոշում ընդունվի, փաստաթուղթ ստորագրվի, եւ հանրությունը կանգնի փաստի առաջ: Ինչո՞ւ է ՀՀԿ-ն գործում հասարակության թիկունքում, գաղտնի:
-Չկան նման քննարկումներ, ամեն ինչ շատ բաց է, որեւէ տողատակերով բան չի եղել: Քննարկումները լրիվ լուսաբանվել են, նույնիսկ առանձնազրույցները:
-Այդ դեպքում ինչո՞ւ է միայն ՀՀԿ վերնախավին զեկուցվում իրավիճակը, այլ ոչ թե Աժ-ում, կամ թեկուզ կոալիցիայի նիստում:
-Ես փակ բան չեմ տեսնում, մենք ասել ենք այն, ինչ որ իրականում կա: Եվ իրավիճակը անկանխատեսելի է:

 

 

 

 
ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՍԱՐՔՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ-ում մեկնարկեցին ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումները: Օրենսդրական փաթեթը ներկայացնող ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել:

Ամենակարեւոր փոփոխություններից մեկը վերաբերում է Ազգային ժողովի ձեւավորմանը: Ըստ նախագծի` ԱԺ ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, հանրապետության ողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի համապետական եւ տարածքային ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորի թեկնածուների թվից:
Հայաստանը բաժանվելու է 13 ընտրական տարածքի` յուրաքանչյուր մարզ ներկայացնելու է մեկ տարածք, բացի Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերից, որոնք դիտարկվելու են որպես մեկ ընտրատարածք: Ինչ վերաբերում է մայրաքաղաք Երեւանին, ապա այն բաժանվելու է 4 ընտրատարածքների:
ԸՕ նախագծով առաջարկվող փոփոխությունների ներկայացումից զատ` Դավիթ Հարությունյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության եւ քաղհասարակության ներկայացրած առաջարկներին, մասնավորապես ընտրացուցակները մաքրելու պահանջին: «Այստեղ Կառավարությունն առաջարկել է քննարկումներ վարել, թե ինչպես է պետք սահմանել, որ քաղաքացին երկար ժամանակ բացակայում է Հայաստանից: Եթե ընդդիմությունն առաջարկի նման մեխանիզմներ, մենք համաձայն ենք, որ քվեարկության ժամանակ նման քաղաքացիների գրանցման վրա հատուկ ուշադրություն դարձվի: Ինչպե՞ս: Քաղաքացիներին գրանցող էլեկտրոնային սարքերը այդ դեպքում ձայնային ազդանշան կարձակեն, որն իր վրա կհրավիրի դիտորդների ուշադրությունը»,- ներկայացրեց նա:
ԸՕ նախագծի շուրջ քննարկումների 4+4+4 ֆորմատն առաջարկած, ապա այն ձախողված համարած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն առկախում է իր մասնակցությունը ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը, քանի իշխանություններն իրենց պահանջները չեն բավարարել: «Կոնսենսուսը չկայացավ, քանի որ իշխանությունները մերժեցին ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքացիական հասարակության միահամուռ առաջարկները: Եվ քանի դեռ նման կոնսենսուս ձեռքբերված չէ, եւ հաշվի առնելով, որ Ղարաբաղի եւ ՀՀ-ի դեմ իրականացվում է արտաքին ագրեսիա, ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ԱԺ-ում ծավալվեն քննարկումներ ներքաղաքական լարումներ առաջացնող նախագծի շուրջ: Առավել եւս, որ իշխանությունը հանրությանն առաջընթաց գնալու ոչ մի նշան ցույց չի տալիս: Մենք կարծում ենք, որ ավելի ճիշտ կլիներ հարցի քննարկումը հետաձգել մինչեւ անհրաժեշտ կոնսենսուսի ձեռքբերումը»,- հայտարարեց Զուրաբյանը:
Ի պատասխան՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Բնականաբար մենք էլ ենք ափսոսում, որ կոնսենսուս գոնե այս փուլում, այս ֆորմատով չի եղել, բայց դա միակ ֆորմատը չէ, որ քննարկվում է, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է»:
Նկատենք, որ Դ. Հարությունյանին հարցեր տալու ժամանակ ԱԺ-ի դահլիճում իրարանցում սկսվեց: Բանն այն է, որ տեխնիկական խնդիրների պատճառով պատգամավորները չէին կարողանում հերթագրվել, ինչը հարուցեց Հարությունյանի ծիծաղը: Մինչ քարտուղարությունը կհոգար տեխնիկական խնդիրները շտկելու հարցը, պատգամավորները ձեռք էին բարձրացնում՝ նախարարին հարցեր ուղղելու համար: Նշենք, որ այստեղ Աժ տղամարդ պատգամավորները աչքի ընկան «ջենթլմենությամբ»` իրենց հերթը զիջելով կին պատգամավորներին, որոնք էլ օգտվելով ընձեռված հնարավորությունից` հարցեր տվեցին Դ. Հարությունյանին:

Նյութերը՝ ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ

 

 

 
ԾՆՆԴԿԱՆԻ ԳՈՐԾՈՎ
Երեկ ավարտվել է ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան գործով նախաքննությունը: Հիշեցնենք, որ ծննդկանը մահացել է 2015 թվականին հուլիսի 29-ին, եւ աղջկա հարազատները վերջինիս մահվան մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, Անի Բաբելյանին եւ այլ բժիշկների: Վերջինների մասով նախաքննությունը ավարտվել է, եւ առաջիկայում քրեական գործը կուղարկվի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Իսկ, ահա, մյուս բժիշկների մասով նախաքննությունը շարունակվում է: Պարզեցինք, որ վերը նշված բժիշկներից բացի՝ Տիգրան Սարգսյանի մասով նախաքննությունը շարունակվում է: Մերի Մարգարյանի՝ հիվանդանոցում լինելու օրերին նա եղել է հերթապահ բժիշկը: Ծննդկանի գործով անցնում են նաեւ բժշիկ Արամ Գրիգորյանը, հիվանդանոցի բուժգծով տնօրեն Դավիթ Մխիթարյանը, բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը:

 

 

«ԿԱԼԱՉ»-Ի ԱՃՈՒՐԴԸ  ՉԻ ԿԱՅԱՑԵԼ
Հայտնի գործարար, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից ապտակ ստացած Սիլվա Համբարձումյանին պատկանող «Կալաչ» ընկերության գույքի աճուրդը կրկին չի կայացել՝ հայտեր չլինելու պատճառով: Հերթական աճուրդը նշանակվել է մայիսի 19-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նշենք, որ «Կալաչ» ՍՊԸ-ին պատկանող գույքի թվով 2-րդ կրկնաճուրդը պետք է տեղի ունենա առանձին լոտերով: Ի դեպ, կրկնաճուրդի ներկայացված գույքի արժեքը 10 տոկոսով կնվազեցվի նախորդ աճուրդի մեկնարկային արժեքներից: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Կալաչ»-ին պատկանող գույքի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 11 մլն դրամ:

 

 

ՇԱՆԹԻ ՅՈՒՐԱՅԻ ԵՂԲՈՐ ԳՈՐԾՈՎ
«Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ՝ Շանթի Յուրայի եղբոր գործը հետաքրքիր ընթացք է ստանում: 2014 թվականի հունվարի 8-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, «Շանթ» ռեստորանային համալիրի սեփականատեր Յուրա Ղարիբյանի եղբայրը՝ Սամվել Ղարիբյանը, իր ավտոմեքենայով մտել էր համալիրի տարածք, կոտրել բարմենի սեղանն ու գույքը: Երկու տարի անց՝ 2016 թվականի մարտի 10-ին, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սամվել Ղարիբյանին դատապարտել Է ազատազրկման մեկ տարի ժամկետով: Ապրիլի 5-ին Սամվել Ղարիբյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել այն: Ըստ էության, պաշտպանը դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան՝ փորձում է ապացուցել, որ Սամվել Ղարիբյանը դիտավորյալ չի մտել եղբորը պատկանող ռեստորանը, որպեսզի նրա պատիժը ազատազրկման փոխարեն լինի տուգանք:




Լրահոս