Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 21-ից 22-ը Երեւան կատարած այցի ժամանակ փաստացի հայտարարեց, որ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը որոշեն Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, այսինքն՝ կողմերից մեկի աներկբա պարտության ձեւով, իրենց երկիրը դեմ չէ:
Մինչ Լավրովի այցը, ենթադրվում էր, որ նա հետը Հայաստան է բերելու ԼՂ խնդրի կարգավորման կոնկրետ առաջարկ: Այս սպասումները առավել առարկայացան այն բանից հետո, երբ Լավրովի այցից ընդամենը մեկ օր առաջ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ իրենց նախարարը երբեք դատարկաձեռն տեղ չի գնում: Սակայն Երեւանում արդեն ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ այս պահին բանակցային սեղանին դրված է 2011 թվականին բանակցված փաստաթուղթը: Խոսքը, այսպես կոչված, Կազանյան փաստաթղթի մասին է, որը ենթադրում է ազատագրված 5 տարածքների վերադարձ առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման: Հայաստանի իշխանական շրջանակները նշում են, որ Լավրովի այցի իրական նպատակը փաստացի եղել է Հայաստանի ղեկավարության տրամադրությունները ճշտելը: Այսինքն՝ նա հետը որեւէ նոր առաջարկ կամ փաստաթուղթ չի բերել, այլ ընդամենը ցանկացել է հստակեցնել՝ հայկական կողմը պատրա՞ստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, թե ոչ:
Հայկական կողմը միանշանակ հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ անվտանգության երաշխիքներ լինեն, որ պատերազմական գործողությունները չեն վերսկսվելու: Այս միտքը կարմիր թելի պես անցնում էր Սերժ Սարգսյանի կողմից Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած խոսքում: ՌԴ ԱԳ նախարարի պատասխանն էլ, թերեւս, հստակ էր. «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն»,- ասել էր Սերգեյ Լավրովը:
Ամերիկյան «Bloomberg» մեդիա ընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, որը երեկ հրապարակվեց, Սերժ Սարգսյանը բանակցել-չբանակցելու վերաբերյալ հարցին ավելի հստակ եւ աներկբա պատասխան է տալիս: Նա փաստացի ընդգծել է, որ բանակցությունները կարող են շարունակվել, եթե Ադրբեջանը հստակ ապացուցի, որ չի պատրաստվում մարտական գործողությունները վերսկսել: Ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանը չի բացառել, որ. «Մինչ մենք բանակցություններ կվարենք, զինվորականներն այստեղ մարտական գործողություններ կծավալեն՝ փորձելով լուծել հակամարտությունը»: Ասել է, թե պետք է պատրաստվել պատերազմի:
Իշխանական լրատվամիջոցները Ս. Սարգսյանի հարցազրույցում կարեւորել էին այն հատվածը, որ միանշանակ ընդգծում կա, թե ներկա իրավիճակում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չի տեսնում:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Սերգեյ Լավրովի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ հայկական կողմը հստակ ընդգծել է, որ պատրաստ է բանակցել, բայց մինչ այդ ադրբեջանական կողմը պետք է ապացուցի, որ իր հետ մեկ սեղանի շուրջ նստել, զրուցելն իմաստ ունի: Այլ կերպ ասած՝ որպեսզի ԼՂ խնդրի շուրջ բանակցությունները վերսկսվեն, Ադրբեջանը պետք է զորքերը ետ քաշի շփման գծից, հակառակ դեպքում Հայաստանը եւ Արցախն այդ երկրի հետ խոսելու եւ բանակցելու ոչ մի ցանկություն չունեն: Սա իր հերթին անուղղակի նշանակում է, որ Հայաստանը փաստացի հայտարարում է, որ եթե Ադրբեջանը ցանկանում է պատերազմել, ապա մենք պատրաստ ենք իրադարձությունների զարգացման նման ընթացքին:
Ինչպես հայտնի է՝ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ պնդում են, որ եթե Հայաստանը զիջումների չգնա, ապա իրենք պատրաստ են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել: Իհարկե, ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը պատերազմից չի վախենում: Սակայն առաջին անգամ է այդ մասին հայտարարում հենց բուն ԼՂՀ խնդրի շուրջ բանակցությունների շրջանակներում:
Այսինքն՝ Ադրբեջանն այլեւս չի կարող կամ-կամ հայտարարություններ անել: Եթե կարծում են, որ կարող են խնդիրը պատերազմով լուծել, ապա փորձեն: Հակառակ դեպքում Ադրբեջանը ստիպված է լինելու զորքերը ետ քաշել՝ խոստովանելով, որ իրենց սպառնալիքներն այլեւս անիմաստ քամու տատանումներ են:
Հ. Գ. Երեկ քաղաքական փորձագիտական շրջանակներում խոսվում էր, որ սա գնացող նախագահի հարցազրույց էր: Սարգսյանը փակուղու առջեւ է:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՓՈՂԵՐՆ Է ՀԵՏ ՈՒԶՈՒՄ
Երեկ «Մեդիա կենտրոն»-ում քննարկում էր կազմակերպվել՝ նվիրված ապրիլի 17-ին Հրազդանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին: Քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Հրազդանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանին հաջողվել է «հաղթել» ընտրակաշառքների միջոցով: Ի դեպ, քննարկմանը հրավիրված էր նաեւ Դանիելյանի ընտրական շտաբի ներկայացուցիչը, սակայն ոչ մեկն այդպես էլ չներկայացավ:
Հրազդանում պտտվող լուրերի համաձայն՝ Արամ Դանիելյանն ընտրություններից առաջ 20 հազար ընտրողների ընտրակաշառք էր բաժանել՝ ակնկալելով, որ նույնքան կամ գոնե 1000-ով պակաս քվե կստանա: Սակայն, ինչպես հայտնի է, նրա օգտին տրված ձայները կազմել են ընդամենը 12 հազար 500: Եւ հիմա Դանիելյանը շտաբի պետերից մեկ առ մեկ գումարները հետ է պահանջում` սպառնալով, որ հակառակ դեպքում նրանց կթողնի առանց աշխատանքի: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ փորձեց Արամ Դանիելյանից մեկնաբանություն ստանալ: Նա հարցը լսելուց հետո պատասխանեց. «Մենք հայտարարություն տվել ենք արդեն, որ այդպիսի բան չկա: Եթե ընտրակաշառք չի եղել, ոնց ես այդպիսի բան կասեմ, շահարկումների ժանրերից է»:
ԴԱՏԱՎՈՐԻ ԿՆՈՋ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի 2015 թվականի հայտարարագրի համաձայն՝ անցած տարվա վերջին նրա դրամական միջոցները կազմել են 20 մլն դրամ, 15 հազար դոլար եւ 20 հազար եվրո: Նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 520 հազար դրամ: Ուշագրավ է Մկրտչյանի տիկնոջ՝ Գայանե Խաչատրյանի հայտարարագրած ունեցվածքը: Նա անցած տարի գնել է 25 մլն դրամ արժողությամբ բնակելի տուն: Իսկ նրա դրամական միջոցները կազմել են 15 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Համաձայնեք, որ Հայաստանում տնային տնտեսուհի լինելը եւս բավականին եկամտաբեր «գործ» է, հատկապես եթե նա պաշտոնյայի կամ դատավորի կին է:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Աշխարհում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում քաղաքական առումով զգայուն թեմաների համար լրագրողների նկատմամբ ճնշումները շարունակական բնույթ են կրում: Վերջին երկու տարիներին Ադրբեջանում ազատազրկվել են մի քանի տասնյակ իրավապաշտպաններ, լրագրողներ եւ նույնիսկ բլոգերներ: «Տեղական ՀԿ-ները առնվազն 13 լրագրողների եւ բլոգերների հայտարարեցին քաղբանտարկյալներ: Օրինակ՝ «Zerkalo»-ի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի դատական նիստը սկսվեց նոյեմբերի 4-ին եւ շարունակվեց մինչեւ տարեվերջ: Միրկադիրովի ձերբակալությանը եւ կալանքին հաջորդեց նրա արտաքսումը Թուրքիայից: Իշխանությունները մեղադրում էին նրան լրտեսության եւ դավաճանության մեջ՝ նշելով, որ նա ներգրավված է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքներում»,- արձանագրված է պետդեպարտամենտի զեկույցում:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին ստեղծված իրավիճակը: Սարգսյանն ընդգծել է, որ Բաքվի անպատասխանատու քայլերը մեծ վնաս են հասցրել բանակցային գործընթացին: ԱՄՆ պետքարտուղարը վերահաստատել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանն ուղղված գործընթացին Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը: Կարեւորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը` նկատի առնելով, որ այն հարցի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափն է:
250 ՀԱԶԱՐԻ ԽՈՍՏՈՒՄ
Ապրիլի 23-ին Հայկական 3-րդ հեռուստաընկերության ուղիղ եթերում անցկացված «Ամուր սահման, ուժեղ զինվոր, անվտանգ Հայրենիք» 7 ժամանոց հեռուստամարաթոնի արդյունքում Հայաստանից եւ արտերկրից հնչել են 250 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվության խոստումներ: Նախաձեռնությունը կշարունակվի եւ կամփոփվի Մայիսի 8-ին: Գումարը կփոխանցվի Արցախի կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներին:
ՉԱՓԱԶԱՆՑ ՓԽՐՈՒՆ
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակին, երեկ հայտարարել է, որ այն «չափազանց փխրուն է»։
ԴԻՄԵԼ ԵՆ ՄԻԵԴ
Իրավաբան-իրավապաշտպանների խումբը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով սպանված, իսկ այնուհետեւ գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Ապրիլի 9-ին եւ 15-ին դատարանը գրանցել է գանգատները եւ այդ մասին տեղեկացրել դիմողների ներկայացուցիչներին:
ՖՐԱՆՍԻԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է
Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ-ի դիտորդներ եւ սարքավորումներ, երեկ Երեւանում Ֆրանսիայի դեսպանատանը այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը:
«Մոտեցումը հետեւյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, եւ, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք պետք է թույլ տան հսկել հրադադարի պահպանումը», – ասել է ֆրանսիացի պաշտոնյան:
ՔԻՉ ԾԻՐԱՆ ԿՈՒՏԵՆՔ
Մարտին տեղի ունեցած ցրտահարությունների արդյունքում հիմնականում վնասներ են գրանցվել Արմավիրի եւ Արարատի մարզերում, որտեղ տուժել է ծիրանենու բերքը: Արմավիրի եւ Էջմիածնի տարածաշրջաններում, Բաղրամյանի տարածաշրջանի առանձին համայնքներում բերքի կորուստը կազմել է 50-80, իսկ որոշ համայնքներում` նույնիսկ ավելին: Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում ծիրանի բերքի կորուստը գնահատվում է 20-40%, Արտաշատի տարածաշրջանում` 40-70%, Մասիսի տարածաշրջանում` 40-50%, իսկ «Զվարթնոց» օդանավակայանին հարակից առանձին համայնքներում, որտեղ ծիրանենին հիմնականում մշակվում է տնամերձ հողամասերում` 60-90%: Բերքի որոշակի կորուստներ կան նաեւ Վայոց ձորի մարզի 2-3 համայնքներում: Հանրապետությունում 2016 թվականին կանխատեսվում է 45-55 հազար տոննա ծիրանի բերք:
ԿԱՐԿՈՒՏ ԿԳԱ
Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ին երեկոյան ժամերին եւ գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: