Իրանից Հայաստան ներմուծվում է մոտ 600 անուն ապրանք, իսկ Հայաստանից դեպի Իրան արտահանվում է մոտ 100 տեսակ ապրանք, այն էլ քիչ քանակությամբ: Ի վերջո, հայ գործարարները ե՞րբ հնարավորություն կունենան դեպի Իրան մեծ քանակությամբ ապրանքներ արտահանել: Այս հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ-ում Իրանի դեսպանի առեւտրի գծով խորհրդական Հմայակ Ավետիսյանսի հետ:
-Պարո՛ն Ավետիսյանս, հայ գործարարները Հայաստանից դեպի Իրան ապրանքներ արտահանելու ինչպիսի՞ հնարավորություններ ունեն:
-Եկեք՝ իրականությունը շատ բաց ասեմ. Հայաստանի արտադրման եւ արտահանման հնարավորություններն ու տեսականին շատ սահմանափակ է: Իսկ եղածի քանակն էլ այնքան քիչ է, որ հազիվ Իրանի մի քաղաքին կարողանա գոհացնել: Իրանն ունի 80 մլն բնակիչ եւ երեք տասնյակ տարիների ընթացքում սահմանափակումների պատճառով որոշել է, որ ինքնաբավ լինի եւ միայն տեղական արտադրանքով կարողանա իրեն գոհացնել: Բայց դա գյուղատնտեսության ոլորտում չի կարող այդպես լինել, որովհետեւ Իրանում եղանակային շատ խիստ չորություն կա, անձրեւ քիչ է գալիս: Դրա համար էլ ցորեն կամ եգիպտացորեն ցանելուց հետո, եթե անձրեւ չի գալիս, ապա դրանք հարկադրաբար այլ երկրից են գնում: Մեծ մասամբ՝ լատինամերիկյան երկրներից: Հիմա պետք է նայել, տեսնել, թե Հայաստանն ինչ ունի դեպի Իրան արտահանելու համար:
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանի արտադրական հզորութունները զարգացնելու հարցում առաջընթաց չկա: Ընդհակառակը, վերջին տարիներին ՀՀ-ում բազմաթիվ ընկերություններ, գործարաններ փակվում են, սնանկանում:
-Դա տարբեր պատճառներ կարող է ունենալ: Օրինակ՝ դոլարի, եվրոյի, ինչու չէ, նաեւ ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումները: Հայ արտադրողի միտքը հանգիստ չլինի, ապահով իրեն չզգա կամ հարկային մաքսային կառույցների կողմից ճնշման տակ լինի, բնական է, որ պետք է սնանկանա կամ փակվի: Հարկային եւ մաքսային ծառայությունները պետք է նկատի առնեն, որ եթե ընդհանուր աշխարհում էկոնոմիկան լավ վիճակում չէ, ապա պետք է այդ բեռը ներքին արտադրողի համար մի քիչ թուլացնել: Պետք է նախ ուսումնասիրել՝ ինչու են սնանկանում ընկերությունները: Գուցե՞ վարկ են վերցնում եւ չեն կարողանում մարել տոկոսները, որովհետեւ դրանք շատ բարձր են: Այդ ամենը շղթայաձեւ կապված է իրար հետ:
-Իսկ Իրանում ինչպիսի՞ն է պատկերը: Իրանական կառավարությունը գործարարի կողքի՞ն է:
-Իրանում պետությունը ներքին ներդրողին, արտադրողին շատ է օգնում՝ ցածր տոկոսադրույքով երկարաժամկետ վարկեր տալով: Միայն դա չէ. երբ այլ երկրներից դեպի Իրան ապրանք է ներմուծվում, ապա դրանց վրա բարձր մաքսատուրքեր են գործում, ինչը նույնպես ներքին արտադրողին նպաստելու համար է: Հենց սա է պատճառը, որ ՀՀ-ից մեծ քանակությամբ ապրանքատեսակ չի արտահանվում դեպի Իրան, որովհետեւ մաքսատուրքերը բարձր են: Իհարկե, սա պետք չէ երկար շարունակել: Իսկ, ահա, իրանցի գործարարների համար դեպի այլ երկիր արտահանման դեպքում որեւիցե մաքսատուրք գոյություն չունի: Ամբողջ գործընթացը զրոյական է. առանց որեւէ խոչընդոտի նրանք կարող են արտահանել: Դա օտար երկրներից իրենց երկիր դոլար բերելու հնարավորություն է:
-Այսօրվա դրությամբ Հայաստանից դեպի Իրան կոնկրետ ի՞նչ ապրանքատեսակներ են արտահանվում:
-Հայաստանից մոտավորապես 100 անուն ապրանքատեսակ է արտահանվում դեպի Իրան, բայց շատ սահմանափակ քանակությամբ: Իսկ Իրանից դեպի ՀՀ՝ մոտ 600 անուն ապրանքատեսակ է ներմուծվում: Օրինակ՝ այստեղից արտահանվում են բժշկական սարքավորումներ՝ սահմանափակ քանակությամբ, մեքենայի մարտկոցներ, ոչխարի միս, որոշ մետաղական ջարդոններ: Սննդամթերք քիչ քանակությամբ է արտահանվում, որի մի մասն էլ՝ ապօրինի ճանապարհով: Քանի որ սննդամթերքի համար հատուկ ստանդարտներ են կիրառվում, դա մեծ դժվարություններ է առաջացնում արտահանողների մոտ:
-Պարո՛ն Ավետիսյանս, վերջին շրջանում հայ ձկնաբույծները ռուսական կողմի հետ դժվարություններ ունեցան: Նույնիսկ խոսակցություններ եղան հայկական ձկնամթերքը դեպի Իրան արտահանելու մասին: Որքանո՞վ են նման հնարավորություններն իրատեսական:
-Իրանում ձկնաբուծությունը զարգացած է: Չէ որ այնտեղ երկու ծով կա: Բայց անցած տարի իրանցի ձկնաբույծներ եկան Հայաստան, շրջեցին տեղական ձկնարտադրություններում եւ համոզվեցին, որ հայ ձկնաբույծները ճիշտ մեթոդով չեն աշխատում: Այսինքն՝ հայ ձկնաբույծները ծախսեր շատ են կատարում, բայց քիչ արտադրանք են ստանում: Եվ այսքանով հանդերձ այստեղ ձուկն ավելի էժան գնով է իրացվում, քան Իրանում: Ի դեպ, վերջին ամսվա մեջ մարդիկ են եկել Հայաստան՝ հայկական ձուկը դեպի Իրան տանելու համար:
-Ի՞նչ եք կարծում՝ արցախյան քառօրյա պատերազմը ՀՀ-ում ներդրում անելու մտադրություն ունեցողների վրա ի՞նչ ազդեցություն կունենա:
-Չեմ կարծում, որ բացասական ազդեցություն կունենա, որովհետեւ սահմանին միշտ էլ բախումներ եղել են: Նույնիսկ ես իրենց փոխանցեցի, որ Հայաստանում այնքան խաղաղ ու հանգիստ էր, որ նախագահը այդ օրերին մեկնեց Գերմանիա: Եւ իր այցը չհետաձգվեց: Երբ անցած շաբաթ գնացի Իրան, ինձանից հետաքրքրվեցին, ես էլ պատասխանեցի, որ ամեն ինչ խաղաղ է: Իհարկե, մտահոգվում են ու հետաքրքրվում:
ԱՆՑԱԾ ՏԱՐԻ ԿԱՐՏՈՖԻԼԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015 թվականին Հայաստանում կարտոֆիլի ընդհանուր ցանքատարածությունը եղել է 33 հազար 269 հա: Իսկ հավաքված կարտոֆիլը կազմել է 761 հազար 662 տոննա: Մինչդեռ 2014 թվականին Հայաստանում ընդհանուր ցանքատարածությունը եղել է 31 հազար 552 հա, իսկ հավաքված կարտոֆիլը կազմել է 732 հազար 725 տոննա:
ԱՎԾ-ի տվյալներով՝ անցած տարի Գեղարքունիքի մարզը կարտոֆիլի մշակությամբ առաջատարն է եղել. այստեղ ընդհանուր բերքահավաքի տարածությունը կազմել է 15 հազար 772 հա, իսկ հավաքված կարտոֆիլը՝ 363.5 հազար տոննա: Նշենք, որ 2014 թվականին Գեղարքունիքի մարզում ընդհանուր բերքահավաքի տարածությունը կազմել է 14 հազար 786 հա, իսկ հավաքված կարտոֆիլը՝ 362 հազար 673 տոննա: Ստացվում է, որ անցած տարի Գեղարքունիքի մարզում 2014 թվականի համեմատ 827 կգ-ով ավել կարտոֆիլ է հավաքվել: Նույն իրավիճակն է նաեւ Շիրակի մարզում. այստեղ անցած տարի ընդհանուր բերքահավաքի տարածությունը կազմել է 4 հազար 383 հա, իսկ հավաքված կարտոֆիլը՝ ավելի քան 114 հազար տոննա: Մինչդեռ 2014 թվականի հավաքված կարտոֆիլը կազմել է 107.5 հազար տոննա:
Ի դեպ, անցած տարի ՀՀ ազգային վիճակագրության ծառայության հրապարակած «Գյուղատնտեսական արտադրանքի իրացումը անհատական տնային տնտեսությունների կողմից» վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ 2015 թվականին մեր հանրապետությունում աճեցված կարտոֆիլի 51,8 տոկոսն է վաճառվել: Իսկ, ահա, 2014 թվականին Հայաստանում գյուղացիները վաճառել էին իրենց աճեցրած կարտոֆիլի բերքի 44,7 տոկոսը: Սակայն սա էլ իր պատճառներն ունի: Բանն այն է, որ 2014 թվականի աշնանը մեր հանրապետությունում կարտոֆիլի գինը կտրուկ բարձրացավ. հիշեցնենք, որ կարտոֆիլի 1 կիլոգրամը երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում վաճառվում էր 230-250 դրամով: Եվ այն գյուղացիները, ովքեր 2014 թվականի աշնան ամիսներին հրաժարվեցին իրենց կարտոֆիլը թանկ՝ մինչեւ 200 դրամով վաճառել, դա արեցին 2015 թվականի գարնանը՝ հույս ունենալով, որ այդ շրջանում կարտոֆիլի գինը էլ ավելի կբարձրանա: Սակայն գյուղացիների ակնկալիքները չարդարացան, եւ 2015 թվականի գարնան ամիսներին կարտոֆիլի գինը նվազեց: Եւ ստիպված նրանք սկսեցին վաճառել իրենց պահած կարտոֆիլը, որովհետեւ այլեւս անհնար էր այն պահել: Սա է պատճառը, որ 2015թ. 2014-ի համեմատ իրացման ծավալները ավելացել են:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՑԱԾՐ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐՈՎ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ոչ քիչ թվով քրեական գործեր են քննվում, որոնք առնչվում են պայմանագրային զինծառայողների կողմից ծառայության վայր չներկայանալուն եւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուն: Պայմանագրային զինծառայողների վրա կարեւոր պարտականություն է դրված, նրանք սովորաբար ծառայում են Ադրբեջանի հետ սահմանագոտում, կոչված են պաշտպանելու առաջնագիծը: Մինչդեռ պայմանագրային զինծառայողների ոչ բարձր աշխատավարձը պատճառ է դառնում, որ նրանց մեջ լինեն անձինք, ում համար պայմանագրային զինծառայող դառնալը գործազրկության հաղթահարման միջոց է, իր ընտանիքը կերակրելու վերջին հնարը: Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի որոշակի բարձրացումը թույլ կտար, որպեսզի ընտրություն կատարվեր պայմանագրային զինծառայող դառնալ ցանկացողների միջեւ, եւ հայրենիքի պաշտպանությունը ստանձնեին կրթական, բարոյական ավելի բարձր որակներ ունեցող անձինք:
Ահավասիկ, պայմանագրային զինծառայողի կողմից ծառայության վայր չներկայանալու, Ռուսաստան «խոպան» մեկնելու մի օրինակ: Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1988 թվականին ծնված Գարիկ Խեչիկյանը, հանդիսանալով սահմանապահ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, գնդացրորդ, 2014 թվականի փետրվարի 2-ին պարտավոր լինելով ներկայանալ ծառայության վայր, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով չի ներկայացել զորամաս եւ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: 2014 թվականի դեկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է այդ երկրի իրավապահ մարմինների կողմից, 2015 թվականի նոյեմբերի 11-ին տեղափոխվել է Հայաստան: 2016 թվականի փետրվարի 9-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ՌաՖիկ Մելքոնյանը վճռել է Գ. Խեչիկյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, դրան հաշվակցել կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ նրան վերջնականապես դատապարտել 1 տարի, 10 ամիս, 6 օր ժամկետով: Դատավորը վճռել է նշանակված ազատազրկումը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածի հիմքով պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, Գ. Խեչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնել եւ նրան դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակել արգելանքից: Սակայն այս քրեական գործով մեղադրողը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել՝ պահանջելով այն բեկանել եւ փոփոխել, վերացնել Գ. Խեչիկյանի նկատմամբ կիրառված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70 հոդվածը: Ներկայումս քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է սույն վերաքննիչ բողոքի քննությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ