ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Հայաստանում մեծից փոքր բոլորը լուսանկարվում կամ ինքնանկար էին անում աշխարհահռչակ դերասան Ջորջ Քլունիի հետ: Բայց ինքը՝ Քլունին, որոշեց Ծիծեռնակաբերդում լուսանկարվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Ինչպես ասում են՝ պետք է գնահատենք այն, ինչ ունենք:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ամուսնության գրանցման ժամանակ ինչպե՞ս է որոշվում ամուսինների ազգանվան կարգավորման հարցը:
Լուիզա Մանուկյան (29 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնության ակտի գրանցման մեջ ամուսինների ազգանունը լրացվում է նրանց ցանկությամբ (ընդհանուր ազգանուն կամ մինչամուսնական ազգանվան պահպանում): Եթե ամուսիններն ընտրել են ընդհանուր ազգանուն, ապա այն կարող է լրացվել ամուսիններից մեկի ազգանունով կամ այնպիսի ազգանունով, որը պարունակում է կնոջ եւ ամուսնու ազգանունը միաժամանակ: Ընդհանուր ազգանունը չի կարող պարունակել երկու ազգանունից ավել եւ գրառվում է գծիկով (օրինակ՝ այրը՝ Պողոսյան, կինը՝ Ասատրյան, ընդհանուր ազգանունը՝ այրը՝ Պողոսյան-Ասատրյան, կինը՝ Պողոսյան-Ասատրյան):
Եթե ամուսնացողներից մեկն արդեն իսկ կրում է կրկնակի ազգանուն, ՔԿԱԳ մարմինը մերժում է ամուսինների խնդրանքը:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտնում ենք, որ ՀՀ-ում ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում գրանցված ամուսնությունը: Փաստացի համատեղ բնակությունը, եկեղեցական կարգով ամուսնությունը ամուսինների համար չեն առաջացնում այն իրավական հետեւանքները, որոնք ամուսինների համար նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ գրանցված ամուսնության պարագայում:
ՀԱՐՑ. Ո՞ր կատեգորիաների անձինք ունեն դրամական օգնություն ստանալու իրավունք:
Երանուհի Սարիբեկյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Սարիբեկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեն.
1.Հարենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետեւանքով կամ ծառայողական պարտականություններ կատարելիս հաշմանդամ դարձած անձինք,
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները, պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցները, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները:
Նշված ենթակետերով միաժամանակ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձին նշանակվում է դրանցից մեկը իր ընտրությամբ:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի եւ 1994թ. ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջեւ կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների եւ զոհվածների ընտանիքների արտոնությունների եւ սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան դրակամ օգնություն ստանալու իրավունք ունեն Հայրենական մեծ պատերազմի վետերանները, նրանց հավասարեցված անձինք՝ էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, ինչպես նաեւ այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ծնողները, այրիներն ու մանկուց հաշմանդամ զավակները էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնության նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները: