ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի անվան շուրջ կրքերը չեն հանդարտվում: ԴԱՀԿ նախկին պետի հարցով հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է քննվում:
Ապրիլի 4-ին «Հետք» պարբերականը հրապարակեց Միհրան Պողոսյանի բիզնեսներին եւ, մասնավորապես, օֆշորային տարածքներում գրանցված ընկերությունների ու դրանց գործունեության վերաբերյալ լրագրողական հետաքննության արդյունքները: Մամուլի հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունը ուղարկեց ՀՔԾ՝ ուսումնասիրելու համար:
Եվ երեկ հայտնի դարձավ, որ ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օրենսգքրի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Բայց ամեն ինչ այսքանով չավարտվեց:
Պարզվում է՝ ոչ միայն ԴԱՀԿ նախկին պետի, այլ նաեւ նրա թիկնապահների գլխին են սեւ ամպեր կուտակվել: Բանն այն է, որ ապրիլի 17-ին տեղեկություններ տարածվեցին, թե այդ օրը «Զվարթնոց» օդանավակայանից Երեւան-Փարիզ չվերթ իրականացնող «Էյր ֆրանս» ավիաընկերությունով արտերկիր են պատրաստվել մեկնել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի երեխաները: Տոմսարկղի մոտ հասնելուն պես թիկնապահների եւ օդանավակայանի աշխատակցի միջեւ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի արդյունքում թիկնապահներից մեկը ծեծի է ենթարկել օդանավակայանի աշխատակցին:
«Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից պարզել էր, որ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի թիկնապահների կողմից օդանավակայանի աշխատակցին ծեծի ենթարկելու միջադեպով նյութեր են նախապատրաստվում: Եվ, ահա, երեկ ոստիկանությունից հայտնեցին, որ այն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Այսպիսով՝ ստացվում է, որ ԴԱՀԿ պետի եւ նրա շրջապատի հարցով հատուկ քննչական ծառայությունում երկու գործ է քննվում, իսկ թե ինչ է սպասվում ԴԱՀԿ նախկին պետին եւ նրա թիկնապահներին, ցույց կտա ժամանակը:
Այսօր պետք է միայն արձանագրել, որ Միհրան Պողոսյանն ինչ-որ հարցում ոչ ճիշտ պահվածք է որդեգրել Սերժ Սարգսյանի մոտ, ինչին հետեւեց նրան հրաժարականի դիմում պարտադրելը, որը նա արեց առավել մեծ սխալներով՝ տրվելով լիրիկական զեղումների՝ Ալիեւի մասին մեջբերումներով, եւ հիմա քաղում է իր իսկ սխալների պտուղները:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Քնար Մանուկյան, Նարեկ Սարգսյան