Գերմանացի մասնագետների հետ քննարկվել են զինծառայողների վերականգնողական բուժման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող,  ծանր վիրավորում ստացած 19-ամյա երկու զինծառայողների վերականգնողական բուժման մանրամանսրեը քննարկվել են ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին նաև զինծառայողների ծնողները:

Խորհրդակցությանը`  ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավերով  ներկա էր նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ևս պատրաստակամություն հայտնեց արտերկիր տեղափոխվելու դեպքում աջակցել տղաների բուժօգնության կազմակերպման գործին:

Խորհրդատվությունների նպատակով Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայից Հայաստան ժամանած բժիշկների` վնասվածքաբանների և պլաստիկ վիրաբույժների  և տեղի մասնագետների հետ քննարկվել են տղաների արտերկրում բուժօգնության կազմակերպման արդյունավետությունը, հնարավորությունը, կլինիկաների ընտրությունն ու ժամկետները:

Արտերկրի առաջատար մասնագետներին են ներկայացվել զինծառայողների բժշկական փաստաթղթերը: Ուղիղ կապ է հաստատվել նաև Համբուրգի հայազգի մասնագետների հետ: Քննարկմանը միացավ նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Զինծառայողների առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով` խորհրդակցությունից անմիջապես հետո գերմանացի բժիշկների խումբը կայցելի բժշկական հաստատություններ`  ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական, ինչպես նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն:




Լրահոս