«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ փակ հանդիպում է ունեցել խորհրդարանի ղեկավար կազմի, մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումը տեւել է մոտ երեք ժամ: «Ժողովուրդ»-ին հաջողվեց որոշ մանրամասներ պարզել այդ հանդիպումից: Որոշ պատգամավորներ պարզապես քծնել են նախարարին: Օրինակ՝ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Արտակ Դավթյանը, դիմելով ՊՆ Սեյրան Օհանյանին, ասել է՝ թույլ տվեք Ձեզ սպարապետ կոչել, քանի որ պատերազմող նախարարին այդպես են դիմում:
Ինչպես երեւում է՝ պատգամավորները չեն գիտակցում, որ սպարապետ կոչվելու համար մարդը պետք է իր կյանքով վաստակի այդ տիտղոսի իրավունքը: ՀՀԿ-ականներին թվում է, որ ընտրությունները կեղծելով, առանց պատգամավոր ընտրվելու իրենք իրենց մանդատներ բաժանելով, երբ պատգամավոր են կոչվում, կարող են շրջապատին «սպարապետ» կամ «զորավար» դարձնել: Սթափվե՛ք»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: