Կապանում քննարկվել է օդանավակայանի վերագործարկման ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացել է մարզկենտրոն Կապանում իրականացվող ծրագրերին եւ ընթացիկ խնդիրներին:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների  մասնակցությամբ քննարկվել է Կապանում օդանավակայանի վերագործարկման հարցը: Ոլորտի պատասխանատուները ներկայացրեցին վերագործարկման ծրագիրը: 
Օդանավակայանի շահագործումը փոխվարչապետը կարեւոր է համարել մարզի բնակչության համար` նշելով, որ ծրագրի  իրականացման համար առկա է նաեւ ՀՀ Նախագահի հանձնարարականը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մարզպետը նաեւ տարածաշրջանի գործարարների հետ կքննարկի  ծրագիրը, եւ վերջնական  ֆինանսական հաշվարկներն ու առաջարկությունները սեպտեմբերին կներկայացվեն կառավարություն:
Ինչպես նշված է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած մամլո հաղորդագրության մեջ, փոխվարչապետը մարզպետ Վահե Հակոբյանի եւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել քաղաքում, այցելել Կապանի թիվ 2 ավագ  դպրոցի շինհրապարակ, որի կառուցման համար  պետբյուջեից  նախատեսվել է 720 մլն դրամ: Ներկայումս արդեն  կատարվել են մոտ  450 մլն դրամի շինարարական աշխատանքներ:  Ըստ պատասխանատուների` նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման պարագայում դպրոցի կառուցումն ավարտին կհասցվի մեկ տարվա ընթացքում, եւ 2014թ. սեպտեմբերի 1-ին կրթօջախը պատրաստ կլինի շահագործման:
Մինչ Կապան այցելելը Ա. Գեւորգյանը ծանոթացել էր նաեւ Մեղրի  եւ Քաջարան քաղաքների միջեւ` միջպետական ճանապարհի վրա վերակառուցվող կամրջի շինարարական աշխատանքներին: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 52 մլն դրամ: Կամրջի կառուցման աշխատանքները կավարտվեն առաջիկա օրերին:  




Լրահոս