Կառավարության այսօրվա նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց ««ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերությանը հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքի նախագիծը:
Ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա շատ դրական քայլ է և հնարավորություն կտա, որ մարդիկ աշխատեն:
Կառավարության հիմնավորումից տեղեկանում ենք, որ աույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «ՀՐԱԶԴԱՆ-ՑԵՄԵՆՏ» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով:
Հավելենք, որ այս նախագիծը երկրորդ անգամ է ուղարկվում Ազգային ժողով:
Նախորդ անգամ այս նախագիծը իշխանությունը չկարողացավ անցկացնել, որի պատճառով նույնիսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից նկատողություններ ստացան: Այս նախագծի քվեարկությանը չէին մասնակցել նաև մի քանի հանրապետականներ, իսկ Կարեն Կարապետյանն էլ նույնիսկ դեմ էր քվեարկել:
Հավելենք, որ այս հարցը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: