Պատերազմ և մշակույթ. սահմանի մեր զինվորներն արժեքավոր գտածոներ են «պեղում» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին կանգնած մեր հայ զինվորները զբաղված են ոչ միայն հայրենի հողի պաշտպանությամբ, այլեւ մշակութային արժեքների պահպանությամբ: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նույնիսկ ապրիլյան թեժ օրերին նրանք ոչ միայն փրկել են նմանատիպ արժեքներ, այլեւ հոգացել են, որ դրանք անվնաս հասնեն ապահով վայր: ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ սահմանին մեր զինվորները դիրքերում խրամատներ փորելիս պարբերաբար գտնում են հնագիտական գտածոներ եւ ուղարկում ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչություն. «Սա հայ զինվորի` մշակութային արժեքների նկատմամբ ունեցած վերաբերմունքի դրսեւորում է, որը հերքում է այն միտքը, թե պատերազմն ու մշակույթն անհամատեղելի երեւույթներ են»,-ասաց նա:

13184813_1049143941833338_1681075994_o

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Դիանա Միրիջանյանն էլ մեզ տեղեկացրեց, որ ապրիլի կեսին առաջնագծի հյուսիս-արեւելյան հատվածում մեր զինվորները գտել են մ.թ.ա. 7-5-րդ դարերի դամբարանային նյութեր. «Հավանաբար, այդ մասերում դամբարանային կառույցներ կան, պարզապես հասկանալի պատճառներով չենք կարող գնալ, տեղում ուսումնասիրություններ կատարել: Այդ ծիսական նյութերից մեկն, օրինակ, անոթ է, որն ունի երեք պատվանդան, դրա վրա էլ դրվել են ավելի փոքրիկ անոթներ, որոնց մեջ վառել են տարբեր նյութեր` անդրաշխարհի հետ կապված հալյուցինացիաներ ունենալու նպատակով: Այդ անոթը մեզ հասել է կոտրված, բայց ամբողջացվել է: Բոլոր այդ նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի հնագիտական պահոցում»,-նշեց նա:
Բացի անոթը` վերջին շրջանում սահմանից գտնվել է նաեւ բրոնզե դարի մի հազվագյուտ նյութ. «Երբ մասնագետները տեսան գտածոն, ուրախացան, ասացին` ուրեմն այս տարածքն էլ է բրոնզեդարյան մշակույթի հետ առնչություն ունեցել: Այնպես որ, բրոնզե դարից մինչեւ երկաթե դար ներկայացնող շատ հետաքրքիր նյութեր են գտնվում: Իհարկե, այդ ուղղությամբ ուսումասիրություններ կատարելու կարիք կա, բայց եթե Հայաստանում տարեկան 40-50 արշավախումբ է աշխատում, ապա Արցախում այդ հնարավորությունը չկա»,- ասաց Դ. Միրիջանյանը:
Նա ընդգծեց, որ արժեքավոր իրերը հանձնելու հարցում մեր զինվորները բավական բարեխիղճ են, բացի այդ` նրանցից շատերը կարողանում են մանրամասն նկարագրել գտածոյի տեղանքը, որպեսզի մասնագետները կարողանան պատկերացում կազմել տվյալ միջավայրի մասին:

Մեր այն հարցին, թե որտեղ են վերականգնվում գտածոները, եւ արդյոք ՊՈԱԿ-ն ունի դրա համար անհրաժեշտ պայմաններ, փոխտնօրենը պատասխանեց. «Մենք համապատասխան մասնագետ չունենք, ունենք ֆոնդապահ, ով մի քանի շաբաթով վերապատրաստում է անցել եւ կարողանում է տեղում իրականացնել համեմատաբար ոչ բարդ վերականգնումներ: Սակայն եթե լուրջ, մանրակրկիտ աշխատանքի անհրաժեշտություն է զգացվում, մենք ռեստավրատորների կարիք ենք ունենում, բացի այդ` դրա համար պետք են համապատասխան պայմաններ` լաբորատորիա` լվացարաններով, մանրադիտակով եւ այլ պարագաներով, որոնք մենք չունենք»:
Փոխտնօրենի խոսքով եթե սեփական ուժերով տեղում չի ստացվում վերականգնում կատարել, դա իրականացվում է Երեւանում` Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում կամ Երեւանի պետական համալսարանի համապատասխան լաբորատորիայում:

Լուսանկարը տրամադրել է Դիանա Միրիջանյանը

Աննա Բաբաջանյան




Լրահոս