Մեր երկրի իշխանության հետ սերտաճած քրեական տարրերը, որոնք տարիներ շարունակ թելադրող են եղել բազում ոլորտներում, կամաց-կամաց իրենց դիրքերը զիջում են: Բայց պատճառը ոչ թե այն է, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամբողջապես խզել է իր հարաբերությունները քրեական հեղինակությունների կամ, ինչպես իրենք են սիրում իրենց որակել, «հարց լուծող լավ տղերքի» հետ, այլ պարզապես իրադարձություններն այդպես զարգացան: Թեեւ շատ դեպքերում ամեն հղփացած պատգամավորի կամ չինովնիկի մեկուսացումը նվազագույնը մեկ կյանք արժեցավ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանին ի վերջո հաջողվեց փոքր-ինչ մաքրել դաշտը:
Հիշենք ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով): Նա համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավորագույն պատգամավորը եւ նույնիսկ հանուն Ս. Սարգսյանի սիրո իր որդու անունը Սերժ էր դրել: Ի՞նչ եղավ նրա հետ. ՀՀԿ-ի հայտնի Մարիշի պատճառով մեր գործընկեր, «Ռադիոլուր»-ի ղեկավար Արթուր Սահակյանն ու նրա ընկեր Անդրանիկ Բաբայանը 2008-ի սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծի ենթարկվեցին Լյովիկի թիկնապահների կողմից, ու ծեծի արդյունքում Անդրանիկը մահացավ, Արթուր Սահակյանն ապաստան գտավ ԱՄՆ-ում: Դեպքից հետո Սերժ Սարգսյանը Լյովիկին արգելեց «մարդամեջ» երեւալ, եւ նա երկար ժամանակ է, ինչ Սեւանում է բնակվում, ձայնն էլ չի լսվում:
Հաջորդը եղավ «անհաղթ» Վարդան Ղուկասյանը: Նա տարիներ շարունակ սխալը սխալի հետեւից կրկնում էր, կրակում ու ծեծում՝ մնալով անպատիժ: Ի վերջո եկավ սպասված 2012 թվականը, եւ Վ. Ղուկասյանը հեռացավ ինչպես ՀՀԿ մարզային կառույցից, այնպես էլ քաղաքապետի պաշտոնից: Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ի համար չկարողացավ իր քաղաքում ձայներ ապահովել:
Անպատժելի ու ամենակարող էր թվում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն նա էլ առաջվա ազդեցությունը չունի քաղաքական ու իշխանական դաշտում: Հայրապետյանը հրաժարվեց նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից այն բանից հետո, երբ 2012-ին «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված դատաբժիշկ Վահե Ավետյանը սպանվեց: Այժմ Հայրապետյանը առավել «համեստ» կերպով ղեկավարում է միայն ՀՖՖ-ն:
Եվ վերջապես, Սյունիքի երբեմնի տիրակալը՝ Սուրեն Խաչատրյանը, որ անվերջ ծեծուջարդի պատմությունների մեջ էր հայտնվում, պաշտոնյային անվայել պահվածք դրսեւորում, այսօր պաշտոնազուրկ է դարձել: Լիսկային «հաղթելն» էլ մեկ մարդկային կյանք արժեցավ. այս տարվա հունիսի սկզբին Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած կրակոցներից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, նա հրաժարվեց մարզպետի պաշտոնից:
Այս օրինակները, թերեւս, բավարար են՝ արձանագրելու այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը հանդուրժում է տարիներ շարունակ արված հանցագործությունները, սակայն երբ մարդիկ սայթաքում են ու շեղվում իշխանությունների սահմանած օրենքներից ու բարքերից, այդ ժամանակ նոր «գործի է անցնում»: Ափսոս միայն, որ գործի է անցնում անդառնալի կորուստներ տալուց հետո:
ԱԿԱՄԱ ՄԱՔՐՎԵՑ ԴԱՇՏԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ