
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում իրավիճակը դեռ լարված է. գյուղապետարանի աշխատակիցները շարունակում են աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնել` հրաժարվելով աշխատել ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանի հետ: Վերջինս, ի դեպ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այդ տեղեկությունները. «Այո՛, դիմումներ եղել են, սակայն չեմ կարող ասել, թե ովքեր են դիմում գրողները»: Հարցին, թե այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է՝ մենակ մնա, Մուրադյանն ասաց. «Փառք Աստծո, այնքան մարդ ունեմ իմ կողքին, որ մենակ չեմ մնա, որ մենակ լինեի, չէի ընտրվի»: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին գյուղապետարանի շենքի մոտ սպանվել էր Պռոշյանի ղեկավար ՀՅԴ-ական Հրաչ Մուրադյանը, եւ որպես պատվիրատու՝ շրջանառվում էր հենց ներկայիս համայնքապետի անունը, ում հետ հարաբերությունները գյուղապետի ընտրություններից հետո լարվել էին: Թեեւ Ա. Մուրադյանը բազմիցս հերքել է իր առնչությունը միջադեպին: