Մոսկվան հուսով է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք վնաս կհասցնեն փխրուն հրադադարին։ Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում hայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Գործակալության փոխանցմամբ` նա անդրադարձել է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման մասին օրինագծին.
«Ո՛չ, Մոսկվայի հետ դա չի քննարկվել։ Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք այն որոշումներին, որոնք ընդունվում են այդ կոնտեքստում։ Մենք նախկինի պես հույս ունենք, որ հակամարտող կողմերը կխուսափեն այնպիսի քայլերից, որոնք կվնասեն բավականաչափ փխրուն հրադադարը և, ընդհանուր առմամբ, կհանգեցնեն ԼՂ հակամարտության սրմանը»,-ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԼՂՀ ճանաչման հարցը քննարկվե՞լ է Մոսկվայի հետ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արցախի Հանրապետության ճանաչման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին: