Միանգամից երեք գեներալների պաշտոնանկության մասին երեկ հրապարակված հաղորդագրությունները կարծես ամպրոպ լինեին անամպ երկնքում: Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին: Խնդիրն այն չէ, որ նշված գեներալները պաշտոնանկության արժանի չէին, ավելին՝ նրանք, ինչպես եւ ՀՀ պաշտոնյաների մեծամասնությունը, վաղուց պետք է պաշտոնանկ արված լինեին: Բայց հայաստանյան իրականությունն այլ է: Այդ իրականության մեջ ՀՀ պաշտպանության նախարարության եւ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ներկայացուցիչները այնքան երկար են իրենց պաշտոններում, որ թվում է, թե նրանք ցմահ են նշանակված, եւ ինչ էլ ուզում է՝ անեն, միեւնույն է՝ շարունակելու են պաշտոնավարել: Նույն Ալիկ Միրզաբեկյանի, Արշակ Կարապետյանի եւ Կոմիտաս Մուրադյանի գործունեությանը եւ զինված ուժերին հատկացված միջոցների հաշվին հարստանալու մասին մամուլը բազմիցս է գրել: Բայց այդ հրապարակումները մնացել են անհետեւանք:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերը նշված գեներալների պաշտոնանկության հարցում որոշիչ դերակատարություն է ունեցել ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ՊՆ-ում անցկացված ստուգման արդյունքները: Տեղեկություն կա, որ պաշտոնանկությունների հարցում առանցքային դերակատարներից մեկը եղել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որն անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռումպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել: Ի դեպ, այս ստուգումների արդյունքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված եւս լուրջ խնդիրներ են ի հայտ եկել, ուստի չի բացառվում, որ նա եւս առաջիկայում պաշտոնանկ կարվի:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաների հայ բարձրակարգ մասնագետների մի խումբ արդեն զգալի ժամանակ է՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ զբաղված է անօդաչու թռչող սարքերի վնասազերծման համակարգերի ստեղծմամբ: Ըստ լուրերի՝ աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում, եւ ՏՏ ոլորտի մասնագետները համոզված են, որ կարճ ժամանակում իրենց կհաջողվի համապատասխան սարքերը ստեղծել եւ տեղական ձեռնարկությունների բազայի հիման վրա հնարավոր կլինի սկսել դրանց արտադրությունը եւ մատակարարումը Հայաստանի զինված ուժերին: Ի դեպ, ոլորտի պատասխանատուները եւ ՏՏ մասնագետները այս նախաձեռնությամբ ոգեւորված պլանավորում են գիտահետազոտական ինստիտուտ հիմնել, որը բացառապես կզբաղվի պաշտպանության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների մշակմամբ: Նման կառույցը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ տաղանդավոր գիտնականների բացահայտման եւ նրանց պոտենցիալն օգտագործելու համար:
Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանը մտմտում է առաջիկայում ՀՀ կառավարությունը ցրելու եւ բոլորովին նոր կառավարություն ձեւավորելու մասին: Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին պաշտոնանկ անելուց հետո նրան կփոխարինի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության անդամների մեծ մասը, կամ այլ կերպ ասած՝ բոլոր հին դեմքերը հրաժեշտ կտան իրենց նախարարական պաշտոններին: Մինչ ապրիլյան քառօրյա պատերազմը, ծրագրված է եղել, որ կառավարության կազմի փոփոխությունը պետք է տեղի ունենա աշնանը: Սակայն Հայաստանում ստեղծված նոր իրողությունը պարտադրում է գործընթացներն արագացնել: Հենց այս հանգամանքով է բացատրվում նաեւ այն փաստը, որ իշխանական լրատվամիջոցները եւս սկսել են անդրադառնալ պաշտոնյաների չարդարացված եւ պետական միջոցների հաշվին հարստանալու խնդրին:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մարտ ամիսներին հարկեր եւ տուրքերից պետբյուջեի մուտքերի տվյալները: Ըստ այդմ, այս տարվա մարտին հավաքագրված հարկեր եւ տուրքերը, անցած տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 1 միլիարդ 617 մլն դրամով եւ կազմել են 81 միլիարդ 338 մլն դրամ: Այս հանգամանքը ՀՀ ՊԵԿ նոր ղեկավարության եւ հատկապես մարտի 2-ից այդ կառույցը գլխավորող Հովհաննես Հովսեփյանի համար առանձնահատուկ կարեւորություն ունի, քանի որ տարվա սկզբից հարկեր եւ տուրքերից մուտքերը սկսել էին նվազել: Ընդհանուր եռամսյակի կտրվածքով հարկեր եւ տուրքերից մուտքերն անցած տարվա համեմատ նվազել են 1 միլիարդ 391 մլն դրամով եւ կազմել են 230 միլիարդ 776 մլն դրամ: Այսինքն՝ առաջին երկու ամիսների կտրվածքով հարկեր եւ տուրքերի գծով մոտ 3 միլիարդ դրամի անկումն ամբողջությամբ դեռ չի հաջողվել «սրբագրել»:
ՉՊԱՏՐԱՍՏՎԱԾ
Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարեց, թե իր համար դեռեւս 2011թ-ին տեսանելի էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հակված է խնդիրը ոչ թե բանակցային, այլ ռազմական ճանապարհով լուծել: Եվ քանի որ դա այդպես է, տրամաբանական է մտածել, որ Ս. Սարգսյանը պետք է որ հաջորդած բոլոր տարիներին աներ առավելագույնը` պատրաստվելու համար սպասվող պատերազմին: Իսկ դրա համար նախ` պետք է ուժեղացվեր երկրի տնտեսությունը: Թե անցած 5 տարիներին ինչպիսի տխուր տնտեսական ցուցանիշներ ենք արձանագրել, հայտնի է բոլորին: Պատերազմին պատրաստվելու համար Ս. Սարգսյանը պետք է ուժեղացներ ՀՀ-ի անվտանգության միջազգային երաշխիքները: 2013թ.-ին մի գիշերում ընունած որոշմամբ Ս. Սարգսյանը փակեց դեպի Եվրոպա տնտեսական համագործակցության դուռը եւ «անվտանգության գործոնը» նկատի առնելով` ՀՀ միացրեց ԵՏՄ-ի խորտակվող նավին, ինչի արդյունքում անցած մեկուկես տարվա ընթացքում ՀՀ տնտեսության ցուցանիշները էլ ավելի վատթարացան:
Պատերազմին պատրաստվելու համար Ս. Սարգսյանը պետք է վերացներ կոռուպցիան, մինչդեռ անցած 5 տարիներին կոռումպացված պաշտոնյաներն ու նրանց մերձավոր ազգականները անարգել կերպով շարունակեցին թալանել երկրի պետական միջոցները, իսկ անձամբ Ս. Սարգսյանի միլիոնատեր ընտանիքի անդամները տասնապատկեցին, հարյուրապատկեցին իրենց ունեցվածքը:
Պատերազմին պատրաստվելու համար պետք է որ հատկապես պաշտպանական ոլորտի կարեւոր պաշտոններում նշանակվեին բարեխիղճ եւ պատասխանատու մասնագետներ, այլ ոչ թե իրենց ֆոտոսեսիաների սիրահար կողակիցներից եւ սեփական փիառից բացի` ուրիշ ոչ մի բանով չմտահոգվող անձինք:
Պատերազմին պատրաստվելու համար պետք է հանրության մեջ վստահության մակարդակը բարձրացվեր պետական ինստիտուտների հանդեպ, մինչդեռ շարունակաբար կեղծելով ընտրություններն ու հրապարակավ խոստովանելով, որ Հայաստանում դատարանները չեն գործում, Ս. Սարգսյանն ու նրա թիմը անցած 5 տարիներին շարունակեցին մարդկանց հասցնել ծայրահեղ հուսալքության, որի արդյունքում տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արտագաղթեցին:
Եվ, ի վերջո, պատերազմին պատրաստվելու համար պետք է ոչ թե բանակի միջոցները յուրացվեին, իսկ դրանում ներգրավված գեներալները ընդամենը պաշտոնանկ արվեին, այլ հնարավոր բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեին բանակի հզորացմանը, իսկ չարաշահումների հեղինակները ցուցադրաբար եւ շատ խիստ պատասխանատվության ենթարկվեին որպես հայրենիքի դավաճաններ:
Կարելի է շատ երկար թվարկել, թե էլի ինչ էր պետք անել` պատերազմին պատրաստվելու համար, որ չի արվել: Սակայն դրանից, ցավոք, այլեւս ոչինչ չի փոխվի. թշնամին չոքել է մեր դռանը: Ուստի, եթե հիմա Ս. Սարգսյանը շատ արագ եւ շատ հիմնավոր քայլեր չանի` բաց թողածը գոնե մասամբ լրացնելու համար, պատերազմին պետք է պատրաստվի ողջ հայ ժողովուրդը, բայց արդեն առանց Սերժ Սարգսյանի ու նրա թիմի: