«ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ ՔԱՂԱՔԱՑԻՆ Է, ՍՈՎՈՐԱԿԱՆ ՄԱՐԴԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ անկախության հռչակագրի ընդունման օրն է: Եվ «Ժողովուրդ»-ն այս առիթով մի քանի հարց ուղղեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանին:
-Պարո՛ն Սարգսյան, այսօր Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման տարադարձն է, ի՞նչ խորհուրդ ուներ այդ հռչակագիրը:
-Ամենամեծ խորհուրդը, որը կարող է լինել ցանկացած ժողովրդի համար՝ նրա պատմության ամբողջ կտրվածքով: Կա՞ որեւէ ժողովուրդ, որի ամենամեծ տոնն անկախության ձեռքբերման օրը չէ (քչերն են, որ այն ունեն շատ վաղուց եւ երբեւէ չեն կորցրել): Խնդրե՛ք որեւէ պատմաբանի կազմել մեր պատմության ամենա-ամենակարեւոր դեպքերի ժամանակագրությունը. դա այլ բան չի լինի, քան անկախության ձեռքբերման, կորսված պետականության նվաճման տարեթվերը երեք հազար տարվա ընթացքում: Ըստ այդմ` դա մեր պատմության ամենակարեւոր` 4-5 տարեթվերից մեկն է, որ սկսվեց 1990-ի օգոստոսի 23-ով եւ ավարտվեց 1991-ի սեպտեմբերի 21-ով: Այլ խոսքով՝ մենք հայոց պատմության այն 4-5 սերունդներից մեկն ենք, որին բախտ ու պատասխանատվություն է վիճակվել մասնակիցը դառնալ անկախության ձեռքբերման եւ պետականության կերտման:
-Այն ցանկությունները, պատկերացումները, որ ունեիք՝ հռչակագրի հետ կապված, որքա՞ն են իրականացել:
-Անկախության հռչակագիրն անելիքների, խնդիրների մի ցանկ էր, որոնց իրականացումը կնշանակեր անկախ պետականության ստեղծում: Խոսքը վերաբերում է ոչ միայն անկախության հռչակմանը (որ տեղի ունեցավ 1991-ի սեպտեմբեր 21-ին), այլեւ պետական կառույցների ստեղծմանը, որոնք չունեինք (բանակ, մաքսայն ծառայություն եւ այլն) եւ վերակազմավորմանը եղած այն կառույցների, որոնք պետք էր հարմարեցնել անկախ պետությանը: Որպես այդպիսին՝ անկախության հռչակագիրն ամբողջությամբ իրականացվեց, վերջին խնդիրն այդ փաստաթղթով նախատեսված Սահմանադրության ընդունումն էր 1995-ին: Ընդ որում՝ այդ խնդիրներն իրականացվեցին Հայաստանում օբյեկտիվորեն առկա 4-5 անգամ ավելի ծանր պայմաններում (երկրաշարժ, շրջափակում, 300.000 փախստականներ, պատերազմ), քան հետխորհրդային նորանկախ որեւէ հանրապետությունում: Կարող եմ ասել հակառակը՝ հռչակագրի ընդունման պահին շատերին անհավանական էր թվում արձանագրված խնդիրների իրականացումն այդքան արդյունավետ եւ այդքան կարճ ժամանակում:
-Ի՞նչն է խանգարում, որ այսօր ունենանք լիարժեք անկախություն, այն, ինչը երազում էին մարդիկ ղարաբաղյան շարժման ժամանակ:
-Այդ հարցը կարող է շատ երկար պատասխան ունենալ, ասենք՝ երեք հատոր: 90-ականներին վերը նշածս իրականություն դարձավ այն բանի շնորհիվ, որ իշխանությունն առաջնորդվում էր իրատեսական քաղաքական մտածողությամբ եւ հենվում էր պետականության առողջ հիմնադրույթների վրա: Դիմադրող ուժն ավանդական մտածողությունն էր, կեղծ քաղաքական պատկերացումները, հայդատականությունը, կեղծ ազգայնականությունը: Դրանք հնարավոր եղավ հաղթահարել ու հենց դրա շնորհիվ հասնել այն հաղթանակներին ու հաջողություններին, որոնք այսօր ուրացվում են՝ երկրի առաջին դեմքերից սկսած, մինչեւ դասագրքեր: Երկրի զարգացման ընթացքում կտրուկ շրջադարձ եղավ 1998թ. հեղաշրջմամբ, որի հետեւանքով հրաժարական տվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քաղաքական թիմով: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո այդ՝ առանց այն էլ շրջված ընթացքը սկսեց գնալ դեպի գահավիժում: Արդյունքներից ելնելով՝ կարելի է արձանագրել, որ վերջին 13 տարում Հայաստանում իրականացվում է ոչ միայն հայոց պետականության ոչնչացման, այլեւ նրա ժողովրդին ցեղասպանության ենթարկելու մտածված ծրագիր: Եվ սա միայն իմ՝ որպես ընդդիմադիր գործչի չափազանցված գնահատականը չէ: Այս ընթացքը հենց այդ` ամենախիստ բառով են գնահատել Սիլվա Կապուտիկյանը, Քերոլայն Քոքսը, Շառլ Ազնավուրը, վերջերս՝ սփյուռքահայ գործիչ Թորգոմ Փոստաճյանը եւ այլք:
-Այս տոնը եւ շատ այլ պետական տոներ՝ հատկապես պետականության, անկախության հետ կապված, հասարակության մեջ որպես տոն չեն ընկալվում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
-Ասածս արդեն, կարծեմ, մասամբ նաեւ այդ հարցի պատասխանն էր: Անկախության արժեքը դրոշը, հիմնը ու զինանշանը չէ: Անկախության արժեքը քաղաքացին է, սովորական մարդը: Ըստ այդմ՝ յուրաքանչյուր մարդ պիտի զգա, որ համեմատած ոչ անկախ շրջանի հետ՝ իր կյանքում բան է փոխվել: Եվ ոչ միայն նյութական առումով, այլեւ մարդկային եւ ազգային արժանապատվության: Եթե մարդուն այս առումներով հավասարապես ճնշում են օտարը եւ յուրայինը, ապա նրա համար օտարի ճնշումը դեռ հասկանալի ու բնական է, ու նա չի գնում իր երկրից՝ մի օր դրանից ազատվելու հույսով: Երբ նույն բանն անում է յուրայինը, դա շատ ավելի վիրավորական է եւ անտանելի: Իսկ հիմա «յուրայինը» իր երկրի քաղաքացու հետ (սա ասում եմ որպես պատմաբան) շատ ավելի վատ է վարվում, քան դա արել է որեւէ նվաճող մեր ողջ պատմության ընթացքում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս