ՊՆ ՌՈ ՊԵՏԸ ԺԱՄԱՆԱԿԻՆ «ՆՍՏԵ՞Լ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ սպանության փորձ  կատարելու համար «նստել» է: Բանն այն է, որ մոտ երկու տարի առաջ, երբ ոստիկանության Արմավիրի մարզի վարչության պետը Տիգրան Եսայանն էր, իսկ  Սամվել Ղուկասյանն աշխատում էր այդ վարչությունում, կրակոցներ էին հնչել Եսայանի տան ուղղությամբ: Ու այդ կրակոցների «հեղինակը», ըստ շրջանառվող լուրերի, եղել է հենց ներկայիս ՌՈ պետ Սամվել Ղուկասյանը:
Նախ ներկայացնենք այս դեպքի նախապատմությունը: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Եսայանն ու նրա աշխատակից Սամվել Ղուկասյանը ժամանակին շատ լարված փոխհարաբերություններ են ունեցել: Թե որն է եղել նրանց գժտության պատճառը, մեզ չհաջողվեց պարզել: Նրանց տարաձայնությունները հասել են այն աստիճանի, որ Ս. Ղուկասյանն ինչ-որ մեկին ուղարկել է Տ. Եսայանի տուն՝ նրա հետ «հաշիվները» մաքրելու: Ղուկասյանի «մարդը» մի քանի անգամ կրակել է Տ. Եսայանի տան ուղղությամբ ու փախել: Բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել: Սակայն որոշ ժամանակ հետո բացահայտվել է կատարվածը, ու Ս. Ղուկասյանը հայտնվել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում` այսպես կոչված «ԿԳԲ-ի պադվալում»:
Ինչ-որ ժամանակ հետո Ս. Ղուկասյանին հաջողվել է հայտնվել ազատության մեջ: Թե ինչ ճանապարհով, դա դեռ պարզ չէ: Հիշեցնենք նաեւ, որ դեռեւս 2011թ. դեկտեմբերին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության պետ նշանակվեց Արամ Զաքարյանը, իսկ Տ. Եսայանը պաշտոնից ազատվեց: Այժմ  նա աշխատում է ՀՀ ոստիկանության ակադեմիայում:
Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՌՈ պետ Սամվել Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե պատմությունն աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են եւ շահարկվում են հստակ նպատակով»: Տիգրան Եսայանի հետ եւս մեզ չհաջողվեց զրուցել, քանի որ ոստիկանության ակադեմիա մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս