Սասուն Միքայելյանին անհիմն մեղադրել են հանցագործության կատարման մեջ. հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից տեղեկանում է, որ քաղաքացի Մաթևոս Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանը, ոմն Կարենն ու Մհերը 2016 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի թիվ 14 դպրոցում տեղակայված թիվ 25/09 ընտրատեղամասից շուրջ 70 մ հեռավորության վրա՝ փողոցում, անհիմն վիճաբանել են իր հետ, հարվածներ հասցրել, ինչի հետևանքով ստացել է վնասվածք:

Մաթևոս Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր և պատշաճ ընթացակարգով ստուգվել վերջինիս կողմից տրված հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Մաթևոս Ա.-ի մոտ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Այնուհետև նախապատրաստված նյութերի ընթացքում Մաթևոս Ա.-ն լրացուցիչ բացատրությամբ հայտնել է, որ իրականում Սասուն Միքայելյանը և այլ անձինք իրեն հարվածներ չեն հասցրել և վնասվածք չեն պատճառել:
Այսինքն` Մաթևոս Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տվյալները կեղծ են, հանցագործության կատարման մեջ անհիմն մեղադրել է Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանին և այլ անձանց:

Սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ըստ քննչական ենթակայության` նախաքննություն կատարելու համար:




Լրահոս