ՔԱՆԻ ՈՒՇ ՉԷ, ԻՆՔՆԱԿԱՄ ՀԵՌԱՑԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն քսան օր է՝ Հայաստանի մամուլը եւ սոցցանցերը փաստում են, որ երկրում հանրային ընկալումները կտրուկ փոխվել են, եւ մարդիկ այլեւս չեն պատրաստվում հանդուրժել պաշտոնի շնորհիվ հարստացածներին, որոնց կուտակած ամեն մի լուման զինվորից խլված փամփուշտն ու օրապահիկն է: Սակայն ժամանակը ցույց է տալիս, որ Հայաստանի պաշտոնյաները այդպես էլ չեն ընկալում, թե Հայաստանի շուրջ եւ բուն երկրում ինչպիսի փոփոխություններ են ընթանում:

Օրինակ՝ երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից լրագրողները նախօրեին հետաքրքրվել են նրա ունեցվածքի եւ այն` բանակի համար զենք գնելու նպատակով վաճառելու մասին, նա ակնհայտ զայրույթով նկատել է. «Ես կարծում եմ՝ ձեր հարցը անտրամաբանական է, անհիմն է, եւ նաեւ կոռեկտ չէ: Որեւէ փաստ, որեւէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, դիրքից, հարստություն է կուտակել: Դա, իհարկե, չեմ լսել, որ որեւէ քաղաքացի, լրագրող, քաղաքական գործիչ կանգնի եւ ասի՝ վարչապետը այս-այս ծրագրերն է իրականացրել, այս մոնոպոլիան ունի եւ հարստացել է ապօրինի ճանապարհով: Եթե որեւէ քաղաքացի, քաղաքական ուժ կլինի եւ նման հարցադրում կանի, կհիմնավորի, ես պատրաստ եմ պատասխանել»: Իրականում պետական միջոցների թալանը չի նշանակում այս կամ այն գերատեսչության աշխատավարձի ֆոնդը վերցնել եւ փախչել: Մասնավորապես, երբ պետական գնումներում միայն կոնկրետ պաշտոնյաների պատկանող ընկերություններ են հաղթում եւ ապրանքը մատակարարում շուկայականից զգալի թանկ գներով, դա եւս պետական միջոցների թալան է: Երբ մարդը շուրջ քսանհինգ տարի միայն պետական պաշտոններ զբաղեցնելով՝ տասնյակ միլիոնավոր դոլարների հարստություն է կուտակում, որից մի քանի միլիոնն էլ հայտարարագրում է, նա եւս պետության հաշվին է հարստանում: Երբ պաշտոնյայի ընտանիքը նրա պաշտոնավարման ընթացքում հարյուրավոր հեկտար հողերի սեփականատեր է դառնում, դա եւս պետության հաշվին է տեղի ունենում:
Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը գիտեն, թե ով ինչպես է հարստացել: Հասկանալի է, որ իշխանություններն իրենք իրենց չեն պատժի, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք պետությունը չեն թալանել: Վերցնենք ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանի օրինակը, երեկ էլ նա լրագրողներին վիրավորել է, քանի որ նրան նույն հարցն են տվել. արդյոք նա պատրաստ է իր ունեցվածքը վաճառել եւ նվիրել բանակին: Հիշեցնենք, որ Այվազյանը 2001-ից մինչեւ 2007 թվականը զբաղեցնում էր ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, եւ այդ ընթացքում մի շարք հանքերի շահագործման իրավունքը տրվեց նրա ընտանիքին: Նա եւս իր ունեցվածքը հայտարարագրում է եւ պնդում է, թե պետությանը չի թալանել:
Սակայն սկսված գործընթացներն ավելի խորքային են ու հեռու գնացող բացասական ազդեցություններ կարող են ունենալ: Մեծահարուստ պաշտոնյաների պատճառով հանրության շրջանում սկսել է ընդհանրապես հարուստ հասկացությունը բացասական երանգ ստանալ: Մեծահարուստ գործարարը ցանկացած երկրի համար հարստություն է, որքան շատ կայացած գործարար ունի երկիրն, այնքան այն ուժեղ է, զարգացման մեծ պոտենցիալ ունի եւ իր քաղաքացիների համար ապահով է: Մյուս կողմից էլ պետական պաշտոնի հաշվին հարստացածները եւ հարստացողները չարիք են ցանկացած երկրի համար եւ ուղղակի սպառնում են տվյալ պետության անվտանգությանը:
Պաշտոնի հաշվին հարստացած գործիչները օր առաջ պետք է ինքնակամ հրաժարական ներկայացնեն եւ ասպարեզից հեռանան: Այդ դեպքում նրանք կկարողանան իրենց հետագա կյանքը որպես գործարարներ կազմակերպել: Սակայն որքան նրանք այդ գործընթացը ուշացնեն, ապագան նրանց համար այնքան ցավոտ է լինելու: Այսօր ունենք քառօրյա պատերազմի 100 զոհ, որոնց հարազատները սգում են իրենց կորուստն ու դեռ չեն սկսել հարցեր բարձրացնել: Մյուս կողմից ոչ մի երաշխիք չկա, որ առաջիկայում պատերազմական գործողությունները չեն վերսկսվի, ու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած երիտասարդների թիվն էլ ավելի չի աճի: Այդ դեպքում հրաժարականով հեռանալը կդառնա անհնար, եւ մարդիկ հաստատ հատուցում կպահանջեն ու այն կպարտադրեն:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿԱՐԵՎՈՐԸ ԱՍԵԼԻՔԸ ՀՆՉԵՑՆԵԼՆ Է
Սերժ Սարգսյանը մշտապես խուսափում է հայկական լրատվամիջոցների հետ շփումից: Քառօրյա պատերազմից հետո մինչ օրս Ս. Սարգսյանը պատասխանել է միայն օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին, իսկ հայկական լրատվամիջոցներին այդպես էլ հերթը չի հասնում: «Ժողովուրդ»-ը Սերժ Սարգսյանի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանից փորձեց պարզել, թե նման մոտեցումն ինչով է պայմանավորված: Ի պատասխան մեր հարցին՝ Հակոբյանն ասաց. «Միջազգային լրատվամիջոցները դիմում են հարցազրույցի համար, եթե աշխատանքային գրաֆիկը չի խանգարվում, այսինքն՝ ժամանակ լինում է, սիրով ընդունում ենք արտասահմանյան հյուրերին, հարցազրույց ենք տալիս: Կամ եթե նախագահը լինում է արտերկրում, տեղում լրատվամիջոցներն են դիմում, եւ եթե ազատ ժամ է լինում, նախագահը հարցազրույց է տալիս: Ինչ վերաբերում է տեղի լրատվամիջոցներին, նախ անհրաժեշտ է խմբագրից նամակ, հարցերի մոտավոր շրջանակ, այդ դեպքում նոր կուսումնասիրենք: Թեմայից, հարցերի շրջանակից, արդիականությունից է կախված: Բայց կլինեն տեղական թե միջազգային լրատվամիջոցներ, ինձ թվում է՝ կարեւոր չէ, կարեւորը ասելիքն է, որ հնչեցվել է»:

 

 

«ՎԱՆԱՁՈՐ-ՔԻՄՊՐՈՄ»-Ի ՊԱՐՏՔԵՐԸ
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ն միայն աշխատակիցների հանդեպ չէ, որ պարտքեր է կուտակել: Պարզվում է՝ այս ընկերությունն այլ ձեռնարկությունների նկատմամբ եւս լուրջ պարտքեր է կուտակել: Օրինակ՝ «Վանաձոր-Քիմպրոմը» մոտ 2 մլրդ դրամ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, մոտ 17.6 մլն դրամ պարտք է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին, ավելի քան 1.5 մլրդ դրամ՝ ՀԷՑ-ին, 10 մլրդ 800 մլն դրամ՝ «Երեւանի ՋԷԿ»-ին, ավելի քան 1 մլրդ դրամ՝ «Միջազգային Բիզնես Կենտրոն» համատեղ ձեռնարկություն ՓԲԸ-ին: Ընկերությունը ավելի քան 1.6 մլրդ դրամ էլ պարտք է ՀՀ ՊԵԿ-ին եւ 60 մլն 701 հազար դրամ էլ՝ Վանաձորի քաղաքապետարանին: Հիշեցնենք, որ «Վանաձոր-Քիմպրոմը» ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ փետրվարի 15-ին կայացրած վճռով սնանկ է ճանաչվել:

 

 

ԱՌԱՆՁՆԱՑԵԼ ԷԻՆ
«Ժողովուրդ»-ի թղթակիցը երեկ ՀՀ Ազգային ժողովում նկատել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Վահե Հովհաննիսյանը, Բազմասեր Առաքելյանը, Էլինար Վարդանյանը եւ Վարդան Օսկանյանը միասին առանձնացել են եւ բավականին բուռն ինչ-որ հարց են քննարկել: Հիշեցնենք, որ երեկ Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ պատրաստվում է նոր կուսակցություն հիմնադրել: Ենթադրվում էր, որ վերը նշված եւ եւս մի քանի նախկին ԲՀԿ-ական պատգամավորներ Օսկանյանի նորաստեղծ կուսակցության կորիզն են կազմելու: Նրանք, չնայած պաշտոնապես ԲՀԿ խմբակցության անդամ են, բայց այդ կուսակցության հետ իրենց կապերը վաղուց խզել են: Գուցե նրանք անդամակցեն Օսկանյանի նոր ստեղծվելիք կուսակցությանը:

 

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ՏՆԵՐ
ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը երեկ հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ իրականացված արկակոծության հետեւանքով Մարտակերտի բնակավայրերում ավերածություններ են եղել: «Վնասվել են որոշ բնակելի տներ, ենթակառուցվածքներ, համայնքային նշանակության օբյեկտներ: Ակնհայտ է, որ թիրախավորել է ոչ թե զորանոցը, այլ կրակել են այն հատվածների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներ են ապրում: Գործող հանձնաժողովը աշխատանքներ է իրականացնում ճշգրտելու վնասի չափը»,- նշել է Բեգլարյանը: Ինչ վերաբերում է Մատաղիսին, ապա, ըստ նրա, նախնական տվյալներով՝ մեծ վնասներ չկան: «Այնտեղ առանձնատներ չեն վնասվել, բայց վնասվել են գյուղացիների ունեցած գույքը, անասունները»,-հավելել է ԼՂՀ վարչապետի խոսնակը:

 

 

ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ
Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի միջեւ ապրիլի 26-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց: ՌԴ ԱԳ նախարարության փոխանցմամբ` նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարներն ու հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրները:

 

 

ՐԱՖՖԻՆ` ԱՐՑԱԽՈՒՄ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:
 

ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐՆ ԷԼ
Ուկրաինայի խորհրդարանի տարբեր խմբակցություններից մի շարք պատգամավորներ միացել են պատգամավոր Վիտալի Բարվինենկոյի նեկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի ընդունման նախաձեռնությանը: Այդ կապակցությամբ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը հայտարարել է. «Մենք շնորհակալ ենք Ուկրաինայի պատգամավորներին արդարությանը հավատարիմ լինելու համար»:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի ղեկավար Ժուժաննա Յակաբին: Վերջինս նախ ցավակցություն է հայտնել վերջին շաբաթների ընթացքում ԼՂ հակամարտության շփման գծում զոհերի կապակցությամբ, նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Ս. Սարգսյանը եւ Ժ. Յակաբը երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ ԱՀԿ-ի՝ շուրջ 25 տարվա պատմություն ունեցող համագործակցության մասին՝ ընդգծելով, որ հատկապես առողջության առաջնային պահպանման ուղղությամբ Հայաստանը վերջին տարիներին կարեւոր քայլեր է ձեռնարկել՝ ուղղված բժշկական ծառայությունների հասանելիությանը:

 

 

ՉԸՆԴՈՒՆԵՑԻՆ
Երեկ ԱԺ քվեարկության արդյունքում տապալվեց Հրազդանի ցեմենտի գործարանի հարկային պարտավորությունների տույժերի դուրսգրման մասին օրինագիծը` ձայների 53 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ: Նշենք, որ 48 պատգամավոր չմասնակցեց քվեարկությանը, ինչի արդյունքում քվորում չապահովվեց: Նախքան այդ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը քննադատեցին Հրազդանի ցեմենտի գործարանի սեփականատեր ու նախկին ՀՀ ավիափոխադրող Միխայիլ Բաղդասարովին, իսկ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Ով ուզում է, գալիս է, երկիրը թալանում է, հետո ասում է` ցտեսություն ձեզ, ես գնացի: Հիշենք Միխայիլ Բաղդասարովի օդի տուրքը, որի տակ կքած էր երկիրը տարիներ շարունակ: Պեղեք, գտեք, թող գա ու կրի պատասխանատվությունը»:




Լրահոս