ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՔՍԻՄԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ թեկնածու Արմեն Կարապետյանն օրերս հանդիպել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նա տեւական ժամանակ Մ. Հակոբյանի հետ հանդիպելու ու իր գործերը «դասավորելու» համար միջնորդներ է փնտրել: Ու, փաստորեն, գտել է: Իսկ Մ. Հակոբյանին նա հանդիպել է, քանի որ դեռեւս 2008թ. համայնքի ընտրություններում Կարապետյանը պարտվել էր ՀՅԴ-ական Արտուր Աթայանին, ում այդ ժամանակ սատարում էր Մ. Հակոբյանը: Այդ օրվանից նրանց փոխհարաբերությունները «լարվել» էին: Եվ ահա Հակոբյանն ու Կարապետյանը հանդիպել են, ու վերջինս վստահեցրել է, որ ինքը շատ լավ «աշխատելու» է ե՛ւ նրա, ե՛ւ նրա որդու՝ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ: Թեկնածուն նաեւ խնդրել է, որ Հակոբյաններն իրեն համարեն «իրենց մարդը»: Ա. Կարապետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չհերքեց իր եւ Մ. Հակոբյանի հանդիպման մասին տեղեկությունը. «Իհարկե, ամեն ինչ նորմալ կլինի, հա՛, եկել եմ Երեւան, հանդիպել եմ, մենք միշտ ենք խոսել: 2008թ. ինքն այլ քաղաքական դաշտում էր, ես՝ այլ, հիմա այս հարցում մենք նույն թիմում ենք: Չնայած դրանից առաջ էլ ոչ մի խնդիր էլ չի եղել»:




Լրահոս