Ապրիլի 25-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հասարակական տրանսպորտի պայթյունը շարունակում է տարաբնույթ քննարկումների թեմա մնալ՝ սկսած մասնագիտականից, վերջացրած քաղաքական վերլուծություններով: Բայց դրանց մասին՝ հերթով:
Նախ տեղեկացնենք՝ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդը ողջ է եւ երեկ առավոտից հարցաքննվում էր:
Իսկ վիրահատված 14 եւ 15 տարեկան պատանիների առողջական վիճակում դիտվում է դրական տեղաշարժ: Վիրահատական բարդ միջամտության արդյունքում բժիշկներին հաջողվել է պահպանել պատանիներից մեկի վերջույթը: Բայց երիտասարդներին հետագայում սպասում է վերականգնողական եւ պլաստիկ կրկնակի վիրահատություններ: Մյուս տուժածների մոտ առկա են սալջարդեր եւ բեկորային վնասվածքներ: Բոլորի վիճակը բավարար է: Ինչպես հայտնի է՝ տուժածներից մեկը 37-ամյա հղի կին է, որի կյանքին եւ պտղին եւս վտանգ չի սպառնում:
Երեկ արդեն պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ պարզվել է ավտոբուսում եղած հեռախոսային քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված: Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) եւ տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ: «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաեւ ավտոբուսի եւ դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ: 1 զոհի ինքնությունը պարզվել է: Ըստ ArmLur.am-ի՝ զոհվածը եղել է Ձորաղբյուրի բնակիչ, 44-ամյա Ռուբեն Բալյանը, որը իր մոր՝ տիկին Կլարայի հետ բնակարանին առնչվող խնդիրներ է ունեցել ու այդ գիշեր գնացել էր՝ պայթեցնելու մորը: Սակայն, ինչպես ArmLur.am-ին պատմել էին հարեւանները, տիկին Կլարան դուռը չէր բացել, հարեւանին խնդրել էր ոստիկանություն զանգահարել, սակայն հարեւանուհին հրաժարվել էր՝ ասելով, թե դա շտապօգնություն չի, որ զանգահարեմ: Այսպիսով՝ նախկինում 2 անգամ դատապարտված Ռուբեն Բալյանը իր հետ բերած պայթուցիկը վերցրել էր ու որոշել վերադառնալ Ձորաղբյուրում գտնվող իր առանձնատուն:
Այստեղ միանգամից մի քանի հարցեր են ծագում: Եթե իսկապես 44-ամյա չամուսնացած տղամարդը որոշել էր մորը սպանել պայթուցիկով, որտեղի՞ց էր ձեռք բերել «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութը, սարքը (դետոնատոր) եւ ինչ մեթոդով էր պայթեցրել իրեն ու ավտոբուսը: Եւ եթե նա թանկարժեք «տրոտիլ» գնելու գումար ուներ, ինչո՞ւ էր 63 համարի երթուղով տուն գնում, այլ ոչ թե տաքսով՝ վճարելով մոտ 2000 դրամ: Եւ վերջապես, ինչպե՞ս է պայթել պայթուցիկը՝ ժամանակի սարքով, հարվածով, թե պատահաբար: Սրանք հարցեր են, որ երեկ՝ ողջ օրվա ընթացքում այդպես էլ չբացահայտվեցին, քանի որ Հայաստանի իրավապահ համակարգերը միմյանց հետ գզվրտոցու մեջ էին: Գրեթե բոլոր իրավապահ կառույցները՝ դատախազությունը, քննչական կոմիտեն, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, իրարից առանձին, տարբեր հայտարարություններ տարածեցին դեպքի վերաբերյալ, որոնք երբեմն հակասում էին միմյանց:
Տպավորություն էր, որ այդ կառույցները դեռեւս ինքնահաստատման խնդիր ունեն եւ կոլեկտիվ գործելու փոխարեն յուրաքանչյուրը փորձում էր իր առավելությունն ընդգծել: Երեկ բանը նույնիսկ այնտեղ հասավ, որ ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին սկսեցին ուղղորդել: Դեսպանատունը սկզբում պաշտոնապես իր աջակցությունը հայտնեց ՀՀ ոստիկանությանը, սակայն հայտարարությունից 5 ժամ անց ՀՀ քննչական կոմիտեից հնչած զանգի ու կռահելի բացատրության արդյունքում դեսպանատունն իր պաշտոնական գրության հասցեատիրոջը փոխեց, (տես՝ լուսանկարները) ինչը, համաձայնեք, բավականին անլուրջ մոտեցում էր, տեղեկատվական փուչ պայթյունի նման: Ի վերջո, երկու կառույցներից մեկի ձեռքին խաղալիք դառնալու փոխարեն դեսպանատունը կարող էր պարզապես գրել, որ աջակցում է բոլոր 4 ուժային կառույցներին, այլ ոչ թե միակ ու անկրկնելի Աղվան Հովսեփյանի գլխավորած կառույցին:
Ինչեւէ, պետք է արձանագրենք, որ մեր երկրում այսօր առկա կայուն վիճակը բավականին փխրուն է, ինչպես մեր սահմանների պաշտպանվածությունը՝ մինչեւ ապրիլի 1-ը, քանի որ մի ավտոբուսի պայթյունը մեկուկես օր խափանել էր պետական շատ գերատեսչությունների աշխատանքը: Բոլորը վերլուծում էին ահաբեկչության վարկածը, հերքում կամ հաստատում այն:
Նկատենք, որ դատախազությունը երեկ հերքեց պաշտոնապես ահաբեկչության վարկածը: Բայց այստեղ հարկ է նկատել, որ նույն ԱՄՆ-ում, որի դեսպանատան մի նախադասության համար իրավապահները «խառնվել են իրար», երբ անգամ անսարք մեքենան տրաքում է, անմիջապես հայտարարում են, որ չեն բացառում ահաբեկչության վարկածը: Եւ դա ոչ թե խուճապի, թուլության, այլ զգուշության նշան է: Ու ասել, որ մեր երկրում ահաբեկչությունը չի կարող տեղի ունենալ, առնվազն սխալ է: Պետք է միշտ զգույշ լինել. ի վերջո, Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը քառօրյա պատերազմի ժամանակ հայտարարեց, որ «Իսլամական պետության» ձեռագիրն է երեւում դիակների խոշտանգման փաստերի մեջ:
Այնպես որ, այսօր մենք ապրում ենք միանգամայն այլ Հայաստանում, որը չկար մինչեւ ապրիլի 1-ը: Եւ ցանկացած իրադարձությունից պետք է դասեր քաղենք:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆԸ՝ ՓՇԱԼԱՐԻՑ ԱՆԴԻՆ
Տավուշի մարզի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթի տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը: Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները ու մշակույթի տունը, պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թվականին սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, ամեն տարի 4 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը Բագրատաշենի համայնքապետարանին ներկայումս կազմում է 1 միլիոն 400 հազար դրամ: Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ համայնքապետարանի շենքի մոտակա, նախկինում Ձեյթունի խորհրդային տնտեսությանը պատկանող մշակույթի տունն օգտագործվում է համայնքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար: Համայնքի ղեկավարը շատ է կարեւորում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթի տունը համայնքին վերադարձնելը:
Բագրատաշենում հաջողությամբ գործում է կյոկուշին կարատեի մեծ խումբ: Ա. Մակյանն ասաց, որ այդ խմբի մարզիկները նոր են վերադարձել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքից, որտեղ կայացած մրցաշարում բագրատաշենցի մարզիկներն առաջին եւ երկրորդ տեղեր են գրավել: Գյուղապետի վկայությամբ՝ խումբը մարզումների համար տեղ չունի եւ ստիպված դրանք անցկացնում է մասնավոր օբյեկտներում: Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Բագրատաշենի գյուղապետը դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն անօգուտ, խնդիրը չի լուծվում: Ա. Մակյանն արդեն թերահավատ է, որ մշակութային օջախը կվերադարձվի Բագրատաշեն համայնքին: Նա հայտնեց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով: Գյուղապետից հետաքրքրվեցինք` եթե գյուղից մուտք բացվի դեպի Լալվարի մշակույթի տուն, արդյոք բագրատաշենցիները չեն խախտի մոտակայքում գտնվող հայ-վրացական սահմանը: Նա դա բացառեց՝ հավելելով, որ նման դեպքում Վրաստանի սահմանապահները սահմանախախտին տուգանում են 1 միլիոն լարիի չափով:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԳՈՒՄԱՐ՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԿՈԹԻԻՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում Տավուշի մարզպետարանին գումար կհատկացնի անցած տարվա ամռանը հակառակորդի իրականացրած մարտական գործողությունների արդյունքում Կոթի գյուղի բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով:
Հիշեցնենք, որ անցած տարվա ամռանը Կոթիում հակառակորդի հրետակոծությունների պատճառով չհնձված հացահատիկի տարածքների կրած նյութական վնասը կազմել է 11 մլն 933 հազար 500 դրամ: Նշված գումարից 3 մլն դրամը 2015 թվականի տարեվերջին օգնության կարգով փոխհատուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որը բաժանվել է բոլոր սեփականատերերին: Բանն այն է, որ Կոթիի գյուղապետ ֆելիքս Մելիքյանը անցած տարվա հուլիսին նամակ է գրել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Նամակում Կոթիի գյուղապետը ներկայացրել է հրետակոծության արդյունքում տուժած 20 սեփականատերերի տվյալներ, քանի որ 2 սեփականատեր նախատեսում էին հավաքել բերքը: Սակայն վերջիններս էլ նույնպես չեն կարողացել հավաքել հացահատիկի բերքը, ինչի պատճառով նյութական վնասի չափը փոխվել է եւ դարձել մոտ 12 մլն դրամ: Այսպես՝ քանի որ 3 մլն դրամը նախորդ տարեվերջին փոխանցվել է, ապա կառավարությունը Կոթի գյուղին կհատկացնի մոտ 9 մլն դրամ:
31 ԳՅՈՒՂ Է ՋՐԱԶՐԿՎԵԼ
Պարզվում է՝ կառավարությունը առաջիկայում գումար հատկացնելու է ոչ միայն սահմանամերձ Կոթիին, այլեւ Արագածոտնի մարզպետարանին Թալինի հեղեղատարի քանդված հատվածների վերանորոգման եւ հունի մաքրման նպատակով: Իսկ հատկացվող գումարի չափը մոտ 26.6 մլն դրամ է: Այն կտրվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, որն էլ իր հերթին կհատկացնի այդ աշխատանքների համար: Ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ 2016 թվականի ձմռան ամիսներին հանրապետության գետավազաններում կուտակվել է բավական քանակությամբ ձյան պաշար, եւ ապրիլ-մայիս ամիսներին ջերմաստիճանի կտրուկ բարձրացման ու հորդառատ անձրեւների պարագայում գետերի ու հեղեղատարների խոցելի տեղամասերի ամրացման եւ մաքրման աշխատանքներ չիրականացնելու դեպքում կարող է հանգեցնել հսկայական նյութական վնասների: Բացի այս՝ Գեղարքունիքի մարզի Գավառագետ գետի հունի մաքրման եւ ափերի ամրացման, Գավառի Արծվաքար թաղամասի եւ Նորատուս գյուղի հատվածներում հուների լցվածության, բուսապատվածության հետեւանքով առափնյա հողատարածքները գերխոնավանում են, բնակելի տներն ու օժանդակ կառույցները՝ ջրակալվում եւ ողողվում: Նշենք, որ այս ամենի արդյունքում 31 գյուղեր ջրազրկվել են, եւ այս խնդիրը պետք է լուծել մինչեւ մայիսի վերջ: