30 ՏԱՐԻ` ԲԵՄՈՒՄ. ԱՐԱՄՈՆ ԿՆՇԻ ԱՌԻԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան, երգիչ Արամոյին առաջիկայում մեծ էկրանին տեսնելու առիթներ կունենանք: Նա կմարմնավորի թրաֆիքինգով զբաղվող ակումբի տնօրենից մինչեւ հայ մայորի կերպարներ: Դերասանը «Ժողովուրդ»-ին պատմել է նաեւ, որ իր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրել: Առաջիկայում բեմադրվող այդ պիեսի շրջանակում հանդես կգա նաեւ ինքը` Արամոն: Նշենք, որ այս տարի լրանում է Արամոյի բեմական գործունեության 30-ամյակը, որը երգիչը պատրաստվում է նշել:

-Արամո՛, վերջերս կինոնախագծերի շրջանակում Ձեզ հաճախ ենք տեսնում հանցագործ կերպարներում: Առաջիկայում նմանատիպ կամ դրանից տարբեր դերերում Ձեզ կտեսնե՞նք:
-Այո՛, ընդգրկված եմ, օրինակ` ռեժիսոր Արշալույս Հարությունյանի ֆիլմում, որը կոչվում է «Հայրեր». այն ռուս-հայկական համատեղ նախագիծ է, որն իրականացվում է Հժծ ՁԹ-ի պատվերով: Ֆիլմը թրաֆիքինգի թեմայով է, ես մարմնավորում եմ ակումբի տնօրենի, որն աղջիկների է «ներմուծում» երկիր: Մյուս ֆիլմը, որտեղ կխաղամ, նվիրված է Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակին: Ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է, ինձ վստահված է հայազգի մայորի դերը: Հեռուստադիտողներն առաջիկայում ինձ կտեսնեն նաեւ «Աբելի քույրը» սերիալում, որտեղ կմարմնավորեմ Աբելի եւ Լիլիթի հորը:
-Ավելի վաղ «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էիք, որ Ձեր կինը` Էմմա Պետրոսյանը, նոր պիես է գրում, որը, հավանաբար, ինչպես «Սեւ, դառը շոկոլադ»-ի դեպքում եղավ, կբեմադրի Սուրեն Շահվերդյանը: Նշել էիք նաեւ, որ պիեսը համամարդկային արժեքներ կրող հայի կերպարի մասին է եւ այն մտածելու տեղիք կտա հանդիսատեսին: Հետաքրքիր է` ե՞րբ կբեմադրվի պիեսը, արդյո՞ք այն իր շուրջ կհամախմբի «Սեւ, դառը շոկոլադ»-ի թիմին:
-Ասեմ, որ Էմման համարյա ավարտել է պիեսը, եւ մենք սպասում ենք, որ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, ով Ռումինիայում Շեքսպիր է բեմադրում, վերադառնա Երեւան, որպեսզի սկսենք նախապատրաստական աշխատանքները եւ, ամենայն հավանականությամբ, աշնանը կարողանանք այն բեմ բարձրացնել: Թեման, իսկապես, բավական խորն է եւ հուզիչ: Պիեսում կա երեք գործող անձ` կինը, հոգեւորականը եւ կրկեսի ծաղրածուն: Թերեւս, այո, կաշխատենք նույն թիմով, տեսնենք` ինչպես կստացվի:
-Ձեր ներկայացրած երաժշտության սիրահարները կարոտել են Ձեր կատարումները, հատկապես` իմպրովիզները: Ինչպե՞ս եք պատրաստվում բավարարել նրանց սպասումները:
-Մենահամերգով հանդես գալու մեծ նպատակ ունեմ, հատկապես, որ այս տարի լրանում է իմ բեմական գործունեության 30-ամյակը: Կարծում եմ` կնշեմ այդ առիթը, կփորձեմ Օպերային թատրոնի դահլիճում մտերմիկ երեկո կազմակերպել եւ հրավիրել սակավաթիվ մարդկանց, որոնց արվեստն ինքս շատ սիրում եւ գնահատում եմ:
-Իսկ այդ օրը ջազ կերգե՞ք:
-Անպայման. ջազն իմ ապրելակերպն է, ո՞նց կարող եմ չերգել:
-Ակումբային ընթացիկ համերգների մասին մտածո՞ւմ եք:
-Այո՛, կցանկանայի աշնանը` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համերգ ունենալ, որը, հնարավոր է, լինի շարունակական:
-Վերջին շրջանում Ձեր քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցիք` պահանջելով դադարեցնել Երեւան քաղաքում հին շենքերի քանդման գործընթացը: Դուք մի խումբ մտավորականների եւ արվեստագետների հետ «Քաղաքացիական պահանջագիր» էիք հանձնել Երեւանի քաղաքապետարանին: Դրանից հետո էլ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հանդիպել էր մտավորականների հետ եւ լսել նրանց մտահոգությունները։ Ի՞նչ եք կարծում` Ձեր ձայնը տեղ հասա՞վ:
-Ընկերներս ասացին, որ Պուշկին-Աբովյան-Արամի փողոցների պատմական շենքերին վտանգ չի սպառնում… Երեւի թե մեր խոսքը տեղ հասել է: Գիտե՞ք` կան շենքեր, որոնք պետք է պահել` որպես պատմություն, հիշողություն եւ որպես գույն: Քաղաքն, ի վերջո, իր հնագույն շենքերով է գեղեցիկ: Իհարկե, կան նաեւ ճարտարապետական արժեք ներկայացնող նոր շենքեր. ես հիացած եմ, օրինակ, արտգործնախարարության նոր շենքով: Բայց ինչ վերաբերում է 100-ամյա կառույցներին, կցանկանայի, որ դրանց ճակատագրի վերաբերյալ քաղաքային իշխանությունները մտածեին ոչ բիզնես տեսանկյունից: Չերեմուշկայի կողմը, օրինակ, տարածքներ կան, թող այնտեղ բարձրահարկ շենքեր կառուցեն, օգտագործեն այդտեղի եւ էլի մի շարք այլ տարածքների հողերը, բայց մեր 100-ամյա «տատիկ-պապիկներին» չնեղացնեն:

 

 

 

 
ՀԱՆՈՒՆ ԴՍՏԵՐ ԿՀԱՄԱԽՄԲԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Երգչուհի Անուշիկ Ալավերդյանը դստեր ծնունդից հետո աշխատանքային ժամանակավոր դադար էր վերցրել, սակայն այժմ պատրաստվում է թեւակոխել ստեղծագործական նոր փուլ: Նա «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ աշխատում է նոր երգի վրա, որը հանրահայտ ստեղծագործության cover տարբերակ է. «Դա կլինի երգի բոլորովին նոր մատուցում, որի հիման վրա պատրաստվում ենք նաեւ նկարահանել տեսահոլովակ»,- ասաց Անուշիկը:

Նրա խոսքով` ինքն առաջիկայում ծրագրում է վերսկսել նաեւ ակումբային համերգները: Երչուհին խոստովանեց, որ վերջին շրջանում իր բոլոր ծրագրերն իրականացնում է ամուսնու` դաշնակահար, գործիքավորող Կարեն Մամիկոնյանի հետ: Մեր այն հարցին, թե ինչի շուրջ կարող են ամուսինները ստեղծագործական վեճեր ունենալ, եւ ով է նման դեպքերում սովորաբար «հաղթող» դուրս գալիս, Անուշիկը պատասխանեց. «Նմանատիպ թեժ քննարկումներ ունենում ենք բենդի ներկայացնելիք երգերի ընտրության ժամանակ: Ու թեեւ մեր երաժշտական ճաշակը հիմնականում համընկնում է, այդ «բանակցությունների» արդյունքում, թերեւս, Կարենն է «հաղթում»»:
Մենք նաեւ հարցրինք` երաժշտական ընտանիքի անդամները արդյոք մտածում են իրենց փոքրիկ դստերը երգ նվիրելու մասին. «Նմանատիպ մի պլան վաղուց ունեի: Մտադիր էի անգամ աղջկաս նվիրված ձայնասկավառակ թողարկել, որտեղ ընդգրկված կլինեին օրորոցային երգեր: Բայց քանի որ այդ ընթացքում զբաղված էի «Շնորհակալ եմ» երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով, պարզապես չհասցրեցի իրագործել այդ ծրագիրը: Ամեն դեպքում, ես չեմ հրաժարվել այդ գաղափարից: Հիմա էլ ուսումնասիրում եմ մեր հին հայկական օրորոցային երգերը, ուշադրություն եմ դարձնում հատկապես անհայտ երգերին: Այդ հարցում ինձ օգնում են նաեւ պրոֆեսիոնալներ, այդ թվում` հայրս` «Ակունք» ազգագրական համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը: Ասեմ, որ օրորոցային երգերի բավական հարուստ պաշար կա»:
Երգչուհին պլանավորում է ձայնասավառակի ստեղծման գաղափարի շուրջ հավաքել իր երաժշական ընտանիքի անդամներին` ամուսնուն, հայրիկին, եղբորը` կիթառահար Հովակ Ալավերդյանին (բնակվում է ԱՄՆ-ում) եւ քրոջը` երգչուհի Արեւիկ Ալավերդյանին (բնակվում է Ֆրանսիայում): «Մենք բոլորս միշտ ցանկացել ենք միասին հանդես գալ որեւէ նախագծի շրջանակում, եւ սա հրաշալի առիթ կլինի դա իրականացնելու համար: Ձայնասկավառակում, ի դեպ, անպայման կընդգրկվի դուետ հայրիկիս հետ, հնարավոր է` ներառենք նաեւ զուգերգ քրոջս հետ»,-մանրամասնեց Անուշիկը:
Մեր զրույցի ավարտին անդրադարձանք նաեւ երգչուհի-մայրիկի կարգավիճակին, որի հետ Անուշիկը, իր խոսքով, վաղուց արդեն հարմարվել է. «Մայան շուտով կդառնա 7 ամսական: Նա շատ հանգիստ երեխա է, ես էլ արդեն ծանոթ եմ դստերս առանձնահատկություններին: Իհարկե, ամիսներ առաջ դժվարություններ եղել են, բայց հիմա կարծես թե հմտացել եմ, եւ սկզբնական լարվածությունն արդեն ետեւում է»,-եզրափակեց նա:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՆՇԱՆԱԴՐՎԵԼ Է
Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը իր ընտրյալի` Գեւորգ Գասպարյանի հետ հարաբերություններն օրինականացնելու ճանապարհին է: Ինչպես հայտնի է դարձել Bravo.am-ին՝ առաջին «Հայ սուպեր-սթար»-ը մարտի 27-ին նշանադրվել է, սակայն նախընտրում է չբարձրաձայնել անձնական կյանքի մասին:
Երգչուհու ընտրյալը մասնագիտությամբ բժիշկ-կենսաքիմիկ է: «Հանդիպել ենք շատ պատահական ու հետաքրքիր ձեւով, բայց հետագայում, երբ հիշել ենք այդ դրվագը, հասկացել ենք, որ ամենեւին էլ պատահականություն չէր»,- ավելի վաղ պատմել էր Սուսաննան:
Ըստ նույն աղբյուրի` զույգի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել նեղ, ընտանեկան միջավայրում:

 

 

ՀԱՍԿԱՆԱԼԻ ԿԴԱՐՁՆԵՆ
«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հայտնել են, որ երգի միջազգային մրցույթի շրջանակում կատարվելիք բոլոր երգերի տեքստերը հեռարձակվելու են սուրդոթարգմանությամբ։ Korrespondent.net-ի փոխանցմամբ` դրա նպատակը երգերի բովանդակությունն ու իմաստն առավել հասկանալի դարձնելն է: Թարգմանիչների կազմում ներառված են մասնագետներ Շվեդիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Լիտվայից, Ռուսաստանից ու Դանիայից։ Մրցույթի կազմակերպիչները շարունակում են թարգմանիչների հավաքագրումը։
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլը» կայանալու է Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչն Իվետա Մուկուչյանն է, նա կատարելու է Love Wave ստեղծագործությունը:

 

 

ԴԱԼԻԻ ՕՐԱԳԻՐԸ` ԱՃՈՒՐԴՈՒՄ
Իսպանացի նկարիչ Սալվադոր Դալիի` վազող ձիերի պատկերներ եւ ծախսերի խոշոր հաշվարկներ պարունակող օրագիրը, որի էջերը ոչ մի տեղ չեն հրապարակվել, աճուրդի կհանվի: Իսպանացի գեղանկարչի օրագիրը բազմաթիվ նկարազարդումներ է պարունակում եւ հնարավորություն է ընձեռում ներթափանցել սյուրռեալիզմի հիմնադիրներից եւ լավագույն վարպետներից մեկի գիտակցության մեջ։ Նշենք, որ օրագիրը Դալին պահում էր այն շրջանում, երբ սիրահարվել էր լավագույն ընկերոջ կնոջն ու գայթակղել նրան:
Աճուրդը տեղի կունենա այս ամսվա վերջին՝ Փարիզում: Այն կազմակերպում է Sotheby՚s աճուրդի տունը: Ակնկալվում է, որ օրագիրը կվաճառվի 50 000 եվրոյով:




Լրահոս