ԽԱՆԴՈՏ ԿԻՆԸ
Մարտի 1-ի գործով զոհերից մեկի` Արմեն Ֆարմանյանի կինը` Աննա Էլոյանը, մեղադրվում է երկրորդ ամուսնուն` Հովնանին, այս տարվա մայիսի 25-ին դանակահարելու մեջ: Դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործն արդեն գտնվում է դատարանի վարույթում: Երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Աննա Էլոյանը, մեկնաբանելով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը, ասաց. «Այն ժամանակ իմ ամուսնու հետ իմ հարաբերությունները շատ լարված էին, սակայն այս դեպքից հետո ամեն ինչ այլ է, եւ մենք համերաշխ ապրում ենք, պատրաստվում գրանցել մեր ամուսնությունը: Հիմա կին եմ, խանդել եմ ու գնացել եմ այդ քայլին: Ի՞նչ անեմ»: Խոսեցինք նաեւ Հովնանի հետ, որը նույնպես արդարացրեց Աննայի արարքը. «Խանդոտ կին է, ի՞նչ անենք, բոլորի հետ էլ դա կարող է լինել: Հուսանք, որ ամեն ինչ լավ կվերջանա»: Նշենք, որ մեզ հետ զրույցում Աննան պատմել էր, որ ամուսնուն «Մալաթիա» տոնավաճառի տարածքում տեսել էր մարմնավաճառ կանանց հետ եւ խիստ զայրացած՝ դանակով հարվածել նրան: Նշենք, որ Աննային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով:
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Դավթաշեն երկրորդ թաղամասի եւ Փափազյան փողոցի նորակառույց շենքերի խաբված բնակիչներն ընդդեմ «Տոնուս» ընկերության գործով նախատեսված առաջին դատական նիստն այսօր տեղի չի ունենա: Իսկ պատճառն այն է, որ բնակիչների մի մասը փաստաթղթերը թերի է ներկայացրել: «30 բնակչի պատճառով 160 մարդ տուժեց: Ժամանակին որ փաստաթղթերը նորմալ տային, հիմա նման դրության մեջ չէինք հայտնվի»,-«Ժողովուրդ»-ին տեղեկացրեց խաբված բնակիչներից Զոյա Պետրոսյանը: Հիշեցնենք, որ այդ բնակիչները, «Տոնուս» ընկերության հետ կնքած պայմանագրի համաձայն, մինչեւ 2010թ. սկիզբը պետք է ստանային իրենց բնակարանները, սակայն առ այսօր դա տեղի չի ունեցել: Ավելին, նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանին` Տոնուսի Աշոտին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ ի վիճակի չէ ավարտին հասցնել շենքի շինարարությունը:
ՆԱԵՎ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ
Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին է դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը: Նա խնդրել է քայլեր ձեռնարկել հայ զինվորի ազատ արձակման եւ հայրենիք վերադարձնելու համար: Բացի այդ, կաթողիկոսը նույն հարցով դիմել է Մոսկվայի եւ համայն ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ին` հայցելով նրա միջնորդությունն Ադրբեջանի իշխանությունների առջեւ: