«ՍԱՍ»-Ը ԿԼԱՆՈՒՄ Է «ԹՈՒՅԼԵՐԻՆ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւի պետք է օրինաչափություն փնտրել այն բանում, որ վերջերս գրեթե միաժամանակ «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի հարեւանությամբ գտնվող մի շարք խանութներ սկսեցին փակվել: Մասնավորաբար խոսքը վերաբերում է Մաշտոցի պողոտայում, Ամիրյան փողոցում գտնվող AG խանութին, հին երեւանցիների հիշողության մեջ պահպանված Ամիրյանի «պարենայինին» եւ այլն… Փակվող խանութների աշխատողները հաստատում էին, որ ինչ-որ «հրահանգներ» կան՝ «հեռանալու» «ՍԱՍ»-ի տեսադաշտից: Այսինքն՝ չխանգարել:
«ՍԱՍ» սուպերմարկետների ցանցը վաղուց հաստատել է անկանխատեսելի-բարձր գներ՝ այսպիսով խանութներն անհասանելի դարձնելով շատերի համար: Գներն այստեղ միանգամից բարձրացան ԱԺ 2012թ. ընտրություններից հետո, եւ, ինչպես պնդում են շատերը, դա պայմանավորված էր ընտրությունների ժամանակ սեփականատիրոջ կատարած ծախսերով: Իսկ հատկապես ընտրությունների ժամանակ շատերն էին խոսում այն մասին, որ «ՍԱՍ»-ի սեփականատերը՝ Արտակ Սարգսյանը, Արաբկիրում որոշակի գումարներ է բաժանում, բարեգործության անվան տակ զարկ տալիս ընտրակաշառքներ բաժանելու գործընթացին: Չգիտենք՝ ընտրակաշառքի «գործընթացի» մեջ արդյոք մտնում էր Կոմիտասի եւ Փափազյան փողոցների խաչմերուկում հայ մեծ դերասան Վահրամ Փափազյանի կիսանդրու տեղադրումը՝ քանդակագործական հերթական անորակությունը, բայց կասկածում ենք, որ Ա. Սարգսյանը Փափազյանի արվեստի ջերմ երկրպագու է: Բայց դե, ընտրություններ էին, հարկավոր էր «ինտելեկտուալ զանգվածին» ներգրավել ընտրարշավի մեջ:
Հարստությունն ավելի շուտ է հայտնվել Արտակի կյանքում, քան «քաղաքական իմիջը»: 1997-ին՝ ընդամենը 24 տարեկանում, չունենալով որեւէ կրթություն, իր աներոջ՝ պետեկամուտների նախկին նախարար, իր տան դիմաց սպանված Գագիկ Պողոսյանի հովանավորությամբ հիմնադրել է «ՍԱՍ գրուպ հոլդինգ»-ը եւ մինչեւ 2012թ. եղել դրա նախագահը: Այդ ընթացքում ավարտել է Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով արտադրության տնտեսագիտության եւ կառավարման մասնագետի որակավորում: Ինչպես որոշ մեծահարուստներ, նա էլ իր անունով բարեգործական հիմնադրամ է ստեղծել ու դարձել դրա հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2004թ. Ա. Սարգսյանը, ունենալով այն ժամանակ «թամբի վրա գտնվող» ՕԵԿ առաջնորդի հովանավորությունն ու աջակցությունը, դարձավ ԱԺ պատգամավոր, հիշյալ խմբակցության անդամ, իսկ երբ կուսակցությունն ինքն իրեն հռչակեց ընդդիմադիր, անմիջապես հեռացավ եւ ընդգրկվեց «Գործարար» պատգամավորական խմբի կազմում: Հենց 2006-ից էլ հասկանալով, որ իրեն նոր ու հզոր «տանիք» է պետք, դարձավ ՀՀԿ անդամ: Թե այս ամբողջ ընթացքում ինչ է արել ՍԱՍ-ի Արտակը խորհրդարանում, ոչ ոք չի հիշում: Ո՛չ որեւէ ելույթ ու հարցադրում, ո՛չ օրենսդրական գործունեություն: Ամենազավեշտալին այն էր, որ բանակում ծառայած չլինելով՝ գործարար պատգամավորը դարձել էր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Այն ժամանակ հենց այդ հանձնաժողովն էր համարվում «պրեստիժային», քանի որ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր: Իսկ ահա 2012-ին, վերադառնալով խորհրդարան, Արտակը դարձավ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ծիծաղելի է հնչում, բայց փաստ է:
Անգամ սեղմ ձեւով ներկայացնելով իր ունեցվածքը՝ նա առաջ է անցել իր խորհրդարանական շատ գործընկերներից: Իբրեւ «անշարժ գույք»՝ իր հայտարարագրում Ա. Սարգսյանը ներկայացրել է երեք բնակելի տուն՝ 222,11 քմ ընդհանուր մակերեսով, եւ մեկ տարածք՝ 144,7 քմ մակերեսով: Իհարկե, այս տարածքների մեջ ներառված չեն նրա խանութների զբաղեցրած տարածքները: Ա. Սարգսյանն իրեն չի զրկել մեքենաների հարուստ հավաքածու ունենալու հաճույքից, ուստի հինգ մեքենա ունի՝ «Տոյոտա Պրադո», «Մերսեդես Տ 550», «Նիսսան Տիդա», «Մերսեդես Տ 350», «Ռենջ Ռովեր Վոգ»… Իսկ ահա դրամական միջոցները լրացնելիս որոշել է լինել համեստ եւ ցույց չտալ իր իրական եկամուտները՝ գրանցելով ընդամենը 645 մլն 561 հազար դրամ եւ 25 հազար 230 ԱՄՆ դոլար: Նա ունի 50 տոկոս բաժնեմաս «Լանդֆռո», «Սաս գրուպ», «Գորտենզա», «Միրնա», «ՍԱՍ հոլդինգ», «Րիտոս», «Սաս Յու Էս Էյ» ընկերություններում, 100 տոկոս բաժնեմաս «Լանդ Լորդ» ՍՊԸ-ում…  Ուշագրավն այն է, որ պատգամավորն իր ունեցած այս մեկ տասնյակ ընկերություններից ստացել է չնչին աշխատավարձ՝ 201 հազար դրամ «ՍԱՍ հոլդինգ»-ից, 165 հազար՝ «Րիտոս» ՓԲԸ-ից:
Այսքանից հետո նրա հայտարարագրից պարզվում է, որ «Սաս գրուպ»-ն էլ վնասով է աշխատել: Եվ սա այն դեպքում, երբ այն կեղծ ապրանքագրեր էր ներկայացրել, որոնց արդյունքում ապրանքները մաքսազերծելիս շատ ցածր գներ էր վճարել. այս մասին բացահայտվել էր ՀՀ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում: Ու այս ձեւով պետությանը «քցող» մարդն այսօր զբաղվում է օրինաստեղծ գործունեությամբ:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս