ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԱՐԿՂԵՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Կաշեգործների թաղամասի բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառն աղբահանությունն է, որը նշված թաղամասում չի կատարվում, նույնիսկ փողոցներում աղբարկղեր չկան դրված: Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին բնակիչներից շատերը, այսքանից հետո իրենց վրա ամիսներ շարունակ աղբի գումար չվճարելու պատճառով մեծ պարտքեր են կուտակվել:
«Ես արդեն 30 տարի է, ինչ ապրում եմ այս թաղամասում: Առաջին երկու տարիներին ներքեւի փողոցում մի աղբաման կար, հետո այնտեղի բնակիչներից մի քանիսը հայտարարեցին, որ իրենց հարմար չէ, հոտ է գալիս, ու դա հանվեց այդտեղից: Մենք էլ՝ մոտ 200 բնակիչներով, մնացինք առանց աղբամանի: Այսքան տարի է՝ ապրում ենք այստեղ, բայց տեսած չենք, որ աղբ հավաքող մեքենա մտնի թաղամաս ու պտտվի փողոցներով: Մեր մոտով է անցնում Գետառ գետը, մարդիկ մի ժամանակ էլ ստիպված դրա մեջ էին թափում աղբը, դա էլ փակեցին: Հիմա ով որտեղ պատահի՝ աղբ է թափում: Կոնկրետ ես մեր տան աղբն ամեն առավոտ գեղեցիկ հագնված աշխատանքի գնալիս թափում եմ տանից շատ հեռու գտնվող աղբարկղում»,-դժգոհեց բնակիչներից տիկին Անահիտը:
Չնայած այս պայմաններին՝ Կաշեգործների թաղամասի բնակիչները վերջերս պարզել են, որ աղբի վարձավճարը չմուծելու համար իրենք մեծ գումարների պարտքեր ունեն կուտակած: Եվ սա դեռ բավարար չէ, այս թաղամասի բնակիչները մի տեղեկանքի համար երբ մոտենում են թաղապետարան կամ համատիրություն, այնտեղից մերժում են ստանում. մարդիկ տեղեկանք չեն կարող ստանալ, քանի դեռ չեն վճարել աղբի վարձավճարները:
«Աշխատանքի տեղավորվելու կամ ապառիկ ապրանք ձեռք բերելու համար թաղապետարանից տեղեկանք չենք կարողանում վերցնել: Մենք թաղային լիազոր ունեինք, բայց հիմա նա չկա, չի աշխատում: Մոտենում ենք թաղապետարան՝ տեղեկանք վերցնելու, աշխատակիցը մեզ պատասխանում է, թե դուք աղբի համար պարտքեր ունեք կուտակած: Հազիվ մի աշխատանք եմ գտել: Իսկ թաղապետարանի աշխատակիցը մի բան էլ մուննաթ գալով ասում է, թե գնացե՛ք, ուր ուզում եք՝ բողոքե՛ք, տեղեկանք չենք տալու, մինչեւ աղբի պարտքը չվճարեք»,-ներկայացրեց բողոքող բնակիչներից տիկին Ռուզաննան:
Մեր զրուցակիցները նաեւ պատմեցին, որ դեռեւս անցյալ տարի իրենց թաղամաս մի կին է եկել եւ պահանջել վճարել աղբի վարձավճարները: Սակայն բնակիչները հրաժարվել են վճարել. «Մենք էլ ասացինք, երբ աղբարկղը կդրվի փողոցներում կամ մեքենան ամեն օր կմտնի այս թաղամաս, նոր այդ ժամանակ կսկսենք աղբի գումար վճարել: Թուղթը ձեռքին՝ ընկած գումար էր հավաքում, ես ինչ իմանամ՝ նա ով է: Ամեն առավոտ աշխատանքի գնալիս ձեռքիս պարտադիր աղբի տոպրակներ կան: Էդ աղբի մեքենան որտե՞ղ կամ ե՞րբ է եկել, որ չենք տեսել»:
Այս թաղամասի բնակչուհի տիկին Կարինեն «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր տան անվանափոխությունն անելու համար ստիպված ստորագրել է աղբի համար կուտակված պարտքի փաստաթուղթը, որով պարտավորվում է պարտքը տալ:
«Բայց ինչո՞ւ մուծեմ: Հասկանո՞ւմ եք, փաստի առաջ են կանգնեցնում մեզ: Մենք չենք զլանա այդ կոպեկները վճարել: Կմուծենք, բայց չարածի համար ինչո՞ւ պետք է մուծենք»,-զայրացած նկատեց մյուս բնակչուհին:
Շենգավիթի թաղապետի տեղակալ Ֆրունզիկ Բասենցյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Մասնավոր շինություններով թաղամասերում հիմնականում աղբարկղեր դնելու տեղ չկա: Ոչ ոք չի ցանկանում՝ իր դռան դիմաց կամ պատին կպած աղբաման տեղադրվի: Դրա համար բնակիչների աղբ հանելը կազմակերպվում է զանգային եղանակով: Այսինքն՝ մեքենան պտտվում է փողոցներով, կա որոշակի ժամերի հաստատված գրաֆիկ: Նրանք մոտենում են, զանգ են տալիս, մարդիկ էլ հանում են իրենց աղբն ու գցում մեքենայի մեջ»:
Նրա խոսքով՝ աղբի վարձավճարները 2012-ի հունվարի 1-ից դարձել են պարտադիր վճար: Այս վճարումը հավասարեցվել է հարկային վճարներին: «Եթե չի կատարվում նորմալ աղբահանություն, մեզ բոլորիս իրավունք է տրվում դիմել համապատասխան ծառայություններին, որ աղբահանությունը հաստատված ժամանակացույցով կատարվի»,-լրացրեց թաղապետի տեղակալը: Ըստ նրա՝ վարձավճարները չմուծելու համար պարտքերը կուտակվելու դեպքում համապատասխան կարգով ծանուցում է ուղարկվում քաղաքացիներին կամ թաղապետարանը դիմում է դատարան՝ հարկադիր գանձելու համար: Սակայն բնակիչները հակառակն են պնդում. «Ո՛չ աղբահանության մեքենա է պտտվել մեր թաղամասում, ո՛չ էլ ծանուցում ենք ստացել»:
Եվս մեկ ուշագրավ փաստ. Կաշեգործների թաղամասի ճանապարհները սարքին չեն, մեքենաները դժվարությամբ են մտնում փողոց: Ահա այսպիսին է ՀՀԿ-ի խոստացած ավելի լավ Երեւանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս